ՔՊ-ական «պինդ» տղերքից՝ Ալեն Սիմոնյան

ՔՊ-ական «պինդ» տղերքից՝ Ալեն Սիմոնյան

Ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ մեկ տարի անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարին ուշագրավ արձագանք է տվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը․ վերջինս զարմացած է․ «Բայց ինչի՞ մեկ տարի հետո, եկե՛ք հիմա անենք ընտրություն»: 
Արձագանքում նախ ուշագրավ է այն անկոտրում պնդումը, թե ՔՊ-ական իշխանությունն այսքան աղետներից ու արհավիրքից հետո դեռ այնքան վստահություն ունի հանրության շրջանում, որ պատրաստ է նույնիսկ հիմա գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց փոխխոսնակի զարմանքը նաեւ անարգանք է հանրությանը, նրա հիշողությանը, կրած զարհուրելի կորուստներին, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ, փաստորեն, զարմանքի արժանանալու չափ՝ բա՛ն չի փոխվել երկրում, պատերազմ ու հայրենազրկում չի՛ եղել, արյուն ու կոտորած չի՛ եղել, համազգային հուսալքություն ու վիշտ չի՛ եղել, Նիկոլն էլ դեռ թամբին է։ Ապշելու բան է, թե էլ ի՛նչ աղետ ու թշվառություն պիտի պատուհասի այս երկրին, որ ՔՊ-ականների ինքնավստահությունը գոնե փոքր-ինչ սասանվի։ Փոխխոսնակի զարմանքը նաեւ իշխող ուժի բարոյական գնահատականն է տեղի ունեցած արհավիրքին՝ անզգա, անհաղորդ, անհոգի  գնահատականը։ Եվ եթե Ա․ Սիմոնյանը դերասանություն չի անում, ուրեմն զարմանալի կոփված մարդ է, որ կարողանում է ահա այսպես անխռով ու ինքնավստահ ապրել տեղի ունեցածից հետո, այլեւ քաղաքականությամբ զբաղվել։ Այո, «պինդ» տղերք են ՔՊ-ականները։

Հիմա գանք այն հարցին, թե ինչո՛ւ է իշխող վարչախումբը համաձայն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան «հիմա»։ Որովհետեւ մեկ տարի հետո անցկացնելու հեռանկարում իշխանության գլուխ հաստատ  իրենք չեն լինելու, իսկ դա միանգամից խառնում է ՔՊ-ականների խաղաթղթերը։ «Հիմա» կազմակերպվելու դեպքում՝ Նիկոլը մնում է վարչապետական աթոռին, ընտրությունների ժամանակ լիուլի օգտվում է իշխանական գործիքներից ու լծակներից՝ ընտրություններն «աննախադեպ» արդյունքներով ավարտելու համար։ Չասեք՝ Նիկոլն այդպիսի բան չի անի։ Իմ թշվառ բախտակիցներ, Նիկոլն արդեն այնպիսի՛ բաներ է արել, որ մի ընտրություն կեղծելը նրա համար հեչ բան է։ Նա կկեղծի։ Նա հասցրել է կեղծիքով «օծել» իրեն հասու ամեն բան՝ քաղաքականություն, իշխանություն, դիվանագիտություն, պատերազմ, հաղթանակ․․․ Ամեն ինչ։ Ուրեմն եւ կկեղծի նորից, որովհետեւ էությամբ հակված է կեղծիքի, ինչի չափաբաժինն ավելացնում է օր-օրի։ Եվ իբրեւ փաստարկ Նիկոլի ընտրական «բյուրեղյա ազնվության»՝ հարկ չէ, որ հիշեցնեք 2018-ի դեկտեմբերին կայացած  խորհրդարանական ընտրությունները, երբ Նիկոլն իսկապես չկեղծեց։ Այդ ժամանակ նա պարզապես կարիք չուներ կեղծելու։ Եվ քանի որ չկար կարիքը, ուրեմն անխոհեմ բան կլիներ կեղծիքով մթագնել իր եւ իր քաղաքական ուժի ակնհայտ  բարձր վարկանիշը։ 

Արդ՝ ամենակարեւորի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիմա» ընտրություններ անցկացվելու դեպքում իր կարգավիճակի բերումով դեռ կարող է հոգալ սեփական անվտանգության խնդիրները, ինչը չի կարողանա անել հետո՝ առանց կարգավիճակի պարագայում։ Նիկոլախումբը կասկած չունի, որ եթե ընտրություններն անցկացվեն մեկ տարի հետո, Նիկոլն այդ ժամանակ չի համարձակվի անզեն-ազատ դուրս գալ ժողովրդի մեջ, շփվել մարդկանց հետ, հանրահավաքներ անցկացնել․ նրան դա թույլ չի տա անել ամեն ակնթարթ հավանական վրիժառուից խոցվելու սովորական մարդկային վախը։ Իսկ եթե Նիկոլը ժողովրդի մեջ չի հայտնվում, եթե զոմբիների գլուխը չի անցնում՝ ի՞նչ է մնում ՔՊ-ից՝ պատռված փուչիկի ծվեններ։

Ահա թե ինչու են ընտրություններ պահանջում «հիմա»։

Չնայած որ նույնիսկ «հիմա»՝ Նիկոլը դատապարտված է։