Կոմիտասյան տարին դարձնել համազգային երևույթ և ո՛չ սեգմենտավորման առարկա

Կոմիտասյան տարին դարձնել համազգային երևույթ և ո՛չ սեգմենտավորման առարկա

Մոտ մեկ ամիս առաջ երաժիշտ, երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան հարթակում հանդես եկավ Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Տեղադրված հայտարարության մեջ ասվում էր, որ ձեւավորված պետական հանձնաժողովի ծրագրերում ընդգրկված է Կոմիտասի ստեղծագործության հետ առնչություն ունեցող արվեստագետների ոչ ամբողջական, ըստ ամենայնի` բավականին սահմանափակ թիմ, որի ներկայացուցիչների ցանկը մինչ օրս չի հրապարակվում։ «Ականատես լինելով այդ գործընթացի կազմակերպչական ոճին եւ աշխատելակերպին, մենք՝ մշակութային գործիչներս, առաջարկում ենք կազմավորել ստեղծագործողների, կատարողների, տեսաբանների ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, որը կառաջարկի իր կենդանի տեսլականը, միջոցառումների առավել ընդգրկուն ծրագիր` ի լրումն եղածի»։ 

Արծրունին ընդգծում է՝ գաղափարն առաջացավ որպես հետեւանք պետական հանձնաժողովի դրսեւորման, ինչը որեւէ կերպ չի հակադրվում պետական հանձնաժողովին, այլ գալիս է որպես  լրացում․ «Կոմիտասը եւ կոմիտասյան տարին ոչ թե սեգմենտավորման առարկա են, այլ հակառակը պետք է լինի՝ համընդհանուր, համազգային երեւույթ։ Որեւէ բեւեռացում, հատկապես ստեղծագործական դաշտում, անթույլատրելի է։ Գործնականում բախվեցինք մի շարք խնդիրների, մասնավորապես պետական հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի մասին ոչ ոք տեղեկություն չուներ, այսինքն՝ տեղեկատվական դաշտում աշխատանք չէր տարվել։ Սա ստեղծեց բացասական մթնոլորտ ոչ միայն հայաստանաբնակ արվեստագետների մոտ»։

Երբ սկսել է հետաքրքրվել դիմելու կարգի մասին, պարզվել է՝ մրցույթին կարող են մասնակցել միայն հասարակական կազմակերպությունները կամ իրավաբանական հասցե ունեցող օբյեկտներն ու սուբյեկտները։ Սա, ըստ Արծրունու, հերթական սահմանափակումն է, որովհետեւ ոչ միայն հայաստանաբնակ արվեստագետներն այդ ձեւաչափի մեջ չեն աշխատում բեմի վրա, այլեւ Հայաստանից դուրս ապրողները։ Այս կետն առնվազն խախտում է հավասարության սկզբունքը․ «Եթե միայն ՀԿ-ները կարող են դիմել, ապա դաշտը մասնատվում է, եւ անհատ ստեղծագործողները չեն կարող մասնակցել՝ իրավաբանական սահմանափակումից ելնելով։ Այս մոտեցումը խոչընդոտում է եւ արգելափակում է իմ մասնագիտական գործունեության հնարավորությունները։ Այսինքն՝ խախտվում է մարդու իրավունքների օրենքը։ Սա անթույլատրելի մոտեցում է, որն արդեն որերորդ անգամ դրսեւորում է մշակույթի նախարարությունը՝ անհեթեթ, ոչ բանական սահմանափակումներ մտցնելով արվեստագետ-պետություն հարաբերությունների մեջ»։   

Թե որքանով է տրամաբանական նման սահմանափակումը, Ղարիբյանը պարզաբանել է՝ նշելով, որ սա պետական, ֆինանսական կառույցների պահանջն է, քանի որ իրավաբանական անձինք ավելի հեշտ վերահսկելի են հարկային դաշտում․ «Սա նախ վիրավորական է արվեստագետի համար եւ 2-րդ՝ խախտում է անմեղության կանխավարկածը։ Այսինքն՝ ի սկզբանե ենթադրվում է, որ անհատ արվեստագետը խաբեբա է եւ պետք է խուսափի հարկերից»։ 

Արվեստագետ-պետություն հարաբերություններում առկա այս խնդիրները հասունացրին հասարակական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, եւ մի քանի օրվա ընթացքում 49 արվեստագետ արձագանքեց Կոմիտասի 150-ամյակի հանրային հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Դրանց մեջ կան գրեթե բոլոր երաժշտական ժանրերի ներկայացուցիչներ՝  ժողովրդական, ակադեմիական, երգչախմբային, ֆոլկլորային, կամերային, սիմֆոնիկ, ֆյուժն, ջազ, ռոք, այդ թվում՝ խմբեր, համույթներ, մենակատարներ, որոնց թվում են կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանը, Լեւոն Էսկենյանը, Պետրոս Շուջունյանը, մենակատարներ Հասմիկ Պապյանը, Աննա Մայիլյանը, Հասմիկ Բաղդասարյանը, «Կոմիտաս» եւ «Միրզոյան» քառյակները, «Գյուրջիեւ անսամբլը», «Կարին» ավանդական երգի-պարի խումբը, «Կադանս» անսամբլը, «Authentic Light Orchestra» ֆոլք-ջազ նախագիծը եւ ուրիշներ։ 

Այս ամբողջ փաթեթն Արծրունին ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակի պետական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաեւ հանդիպել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ։ Վերջինիս հետ զրույցն Արծրունու համար շատ ավելի կոնստրուկտիվ է եղել, քանի որ խոսել են ոչ միայն կոմիտասյան թեմայով, այլեւ մշակութային օրենսդրությունից եւ դաշտում առկա արատավոր երեւույթներից։   

«Կոմիտասի վերաբերյալ կան մոտեցումներ, կա դոգմատիկ մոտեցում, որ Կոմիտասը պետք է հնչի միայն բնագրային տեսքով։ Նման մոտեցման ջատագովները կենտրոնացած են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, եւ իրենց նման դիրքորոշման պատճառով հսկայական քանակի ստեղծագործողներ շրջանցում են այդ կառույցը, այնինչ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պետք է դառնար մեր համընդհանուր տունը»,- ասում է Արծրունին ու նկատում, որ ծանոթանալով պետական հանձնաժողովի անդամների ցանկին՝ առաջին հերթին ֆիքսել է, որ ներգրավվածների մեծ մասը չինովնիկներ են, իսկ մյուս 6 երաժիշտների կարծիքն էլ հայտնի է․ «Այսինքն՝ իմ նկարագրած բնագրային դոգմատիկ մոտեցումն է։ Իսկ այն, ինչ առաջարկում է Հանրային նախաձեռնությունը, այլ բեւեռ է եւ իր խորագիրն ունի՝ «Կոմիտասի ներշնչանքով»։ Այսինքն՝ այդ երաժիշտները, կատարողները առաջին հերթին ներշնչված են կոմիտասյան երեւույթով եւ իրենց ստեղծագործական առնչությունները կառուցում են այդ հարթակի վրա, իսկ Կոմիտասը կհնչի գրեթե բոլոր երաժշտական ձեւաչափերի մեջ»։ 

Հանրային նախաձեռնությանը միացած բոլոր 49 արվեստագետներին Արծրունին խնդրել է ներկայացնել իրենց համերգային ձեւաչափը, որպեսզի համապարփակ ծրագիր կազմվի ամբողջ տարվա համար։ Ի մի բերելով նրանց առաջարկները՝ այն դարձյալ կներկայացնի Արայիկ Հարությունյանին՝ առաջարկելով այդ ամբողջ փաթեթը ներառել պետական միջոցառումների շարքում։ «Այդտեղ կա կազմակերպչական սեգմենտ, պետք է լինեն իրազեկման հստակ մեխանիզմներ, որպեսզի հանրությունը տեղեկանա համերգների մասին, եւ, իհարկե, ֆինանսական գործակիցը, որովհետեւ սա պետական մասշտաբի իրադարձություն է, եւ պետք է լուրջ մոտենալ սրան, եւ բարձր մակարդակի վրա ներկայացվի ստեղծագործական այս ռեսուրսը»,- ասում է երաժիշտն ու անկեղծանում՝ չի պատկերացնում, որ պետությունը կարող է հանկարծ նման ռեսուրսից հրաժարվել եւ մերժել։

«Հայաստանում շատ հաճախ կարելի է հնարավորություններ ստեղծել՝ ոչ մի լումա ծախսելով, պետական կառույցներն այդ վարչական եւ նյութական ռեսուրսներն ունեն։ Եվ պետական հանձնաժողովի հիմնական ֆունկցիան ոչ թե երկրի ներսում պետք է լիներ, այլ հիմնական  վեկտորը պետք է ուղղված լիներ դեպի դուրս, որպեսզի ամբողջ ծավալով եւ աշխարհի լավագույն բեմերում Կոմիտաս հնչեր։ Այդ արվեստագետների համաշխարհային ճանաչումը երաշխավորում է հաջողությունը։ Սիրիայից մինչեւ Պորտուգալիա մեր հայրենակիցները ցանկություն են հայտնել ներգրավվել այս գործընթացի մեջ։ Եթե մենք ունենայինք պետական ռեսուրս, արդեն վաղուց ի կատար կածեինք այս ծրագիրը։ Մենք իրապես հետաքրքրված ենք, որ ամբողջ տարին շնչի կոմիտասյան ոգով»,-ասաց Արծրունին ու հավելեց, որ մոտ օրերս կհանդիպի Արայիկ Հարությունյանին եւ կներկայացնի արդեն ամբողջական ծրագիրը։