Զասի ընտրությունը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր կարող է լինել

Զասի ընտրությունը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր կարող է լինել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում, այսօր գլխավոր քարտուղար  են ընտրում։ Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, նրան մեղադրանք առաջադրվեց, և Խաչատուրովը հետ կանչվեց գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն է։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Զասի նշանակումն այդ պաշտոնում Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր կարող է լինել։ 

«ՀԱՊԿ-ում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել, ես կասեի՝ լարված։ ՀԱՊԿ-ն մի տարի է, որ ղեկավար չունի, ինչ Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին։ ՀԱՊԿ-ի գործունեությունը 1 տարի, կարելի է ասել, պարալիզացված է։ Այսօր ՀԱՊԿ-ում պետք է ղեկավար ընտրվի, մեկ թեկնածու կա՝ Ստանիսլավ Վասիլևիչ Զասը։ Նրա ՝ ՀԱՊԿ-ում նշանակվելը ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար, նա Բելառուսի ներկայացուցիչն է, Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավարը։ Զասն այն մարդն է, որը հանգստանում է Բաքվում, ունի կապեր Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, պաշտպանության նախարար Հասանովի հետ, նախագահ Ալիևի հետ, նա այն մարդն է, որը նախաձեռնողն է եղել, որ «Պոլոնեզ» համակարգերը մատակարարվեն Ադրբեջանի զինված ուժերին, ոչ միայն միջնորդը, այլեւ նախաձեռնողը։ Այդ կադրի նշանակումը հայկական կողմի համար կարող է լինել ծայրահեղ վտանգավոր և ոչ ցանկալի, բայց հայկական կողմն ասել է, որ վետո է դնելու, ինչն ավելի է սրելու իրավիճակը ՀԱՊԿ-ում, որովհետև ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ից հետո 2-րդ հզորագույն կառույցն է, ՀԱՊԿ-ն ՌԴ-ի համար գերկարևոր կառույց է։ Հայկական կողմը հիմա ճար չունի, ուզի-չուզի, պիտի վետո դնի, բայց վետո դնելն էլ շատ վատ հետևանքներ կարող է ունենալ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

Նրա կարծիքով՝ 2 շաբաթ առաջ Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները և այդ ֆոնին Մեդվեդևի ու ՀԱՊԿ-ի լռությունը պատճառ ունեն Հայաստանին այս օրերին առավել կառավարելի դարձնելու։

 «Այս օրերին Ադրբեջանի զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, այս տարի դա արդեն 10-րդ զորավարժությունն է, ընդ որում՝ 3-րդ օպերատիվ- մարտավարականը, այսինքն՝ լայնամասշտաբ, և այդ զորավարժությունը բավականին մոտ է անցկացվում սահմանային գծին, այսինքն՝ դա զորքերի կոտակում է սահմանի վրա։ Պատերազմը սկսում է զորքերի կուտակումից, հերթապահ զորքերով պատերազմ չեն սկսում, եթե զորքերը հենց այնպես կուտակեց, հակառակորդը հասկանում է, որ պատերազմ է սկսում։ Ես ունեմ լուրջ մտավախություն, որ այս զորավարժությունները քողարկման միջոց են, որ զորքերն անընդհատ բերեն ու կուտակեն սահմանին։ Այս զորավարժություններին ներգրավված է 10 հազար զինծառայող, 150 միավոր զրահատանկային տեխնիկա, 2 հազար միավոր հրետանային տեխնիկա, այդ թվում՝ փողային ռեակտիվ հրետանի, 35 միավոր օդուժ։ 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ մի դեպք, որն ինձ շատ է անհանգստացնում․ երբ որ Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում, ադրբեջանական զինված ուժերը 40 րոպե գնդակոծում էին միջպետական ճանապարհը, ընդ որում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 2 զինծառայող վիրավորվեց, թիկունքի զորքերին պատկանող հաց տանող մեքենան։ ՀԱՊԿ-ն ոչ մի ձայն չհանեց, թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Մեդվեդևը պարտավոր էին արձագանքել, որովհետև կրակոցներն Արցախում չէին, այլ՝ ՀՀ-ում։ Ես կարծում եմ, որ այսօր օրերին, որպեսզի հայկական կողմի վրա ճնշումներ գործադրեն, որպեսզի Զասի թեկնածությունն անցկացնեն, կարծում եմ՝ Ադրբեջանի զինված ուժերը հենց այնպես չէին այս օրն ընտրել, որովհետև այդ զորավարժությունները պլանավորված չէին եղել, և այս ամսաթիվն էլ հենց այնպես չեն ընտրել։ Կրեմլը, որպեսզի հայկական կողմին ավելի հնազանդ սարքի, լուռ նայում է, թե ինչպես են գնդակոծում Հայաստանը։ Կարծում եմ, սպասվում են սահմանային լուրջ սրացումներ»,- ասաց Համբարձումյանը։