Մերժել բոլորին

Մերժել բոլորին

Միանգամայն իրավացի են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե այս համայնքային ընտրություններով մարդիկ իրենց վերաբերմունքն են հայտնում իշխանություններին: Եվ եթե նոյեմբերի ու դեկտեմբերի ընտրություններին եւս իշխող քաղաքական ուժը պարտություններ արձանագրի, ապա հենց դա է ժողովրդի իրավական վերաբերմունքը: Դա կնշանակի, որ ամռանը տրված քվեն տարբեր գործոններով էր պայմանավորված, ասենք` մյուս թեկնածուներին մերժելու կամ երկրում այս պահին ստեղծված «ստատուս-քվոն» պահպանելու, այսինքն` պատերազմը մերժելու, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին եւ առաջնորդին վերընտրելու ցանկությամբ: Դա նշանակում է նաեւ, որ այնքան են թունավորել մարդկանց եւ նախկին-ներկա դիլեման այնքան են սրել, որ մարդիկ «դեմ» սկզբունքով են առաջնորդվել, այլ ոչ թե «կողմ»:

Դա կարող է նաեւ նշանակել, որ հունիսից մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր էլ են իրավիճակ ու տրամադրություններ փոխվել: Եվ առնվազն մանկամտություն ու ինքնախաբեություն է գործող իշխանության հպարտությունը, թե մենք 5 տարի լեգիտիմ իշխանություն ենք: Բայց այս ՏԻՄ ընտրությունները նաեւ նշանակում են, որ ժողովուրդն ընդդիմությանն էլ է մերժում եւ պատրաստ է անգամ ինչ-որ անհասկանալի ուժերի եւ անձանց քվե տալ, բայց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին` ոչ: Գուցե իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ եթե արտահերթ ընտրություններին ՀՀ նախկին նախագահները չմասնակցեին, ապա Նիկոլը չէր վերընտրվի, եւ քաղաքական դաշտը հիմնովին կփոխվեր:

Դժվար է ասել, թե ովքեր կընտրվեին, գուցե մեր քաղաքական ներկապնակը կազմված լիներ Արզաքանցյանի, Շիրինյանի ու Ալիկ Մինասյանի դիմանկարների՞ց, ինչը, վստահաբար, մեզ ավելի լավ տեղ չէր հասցնելու, բայց գոնե ինչ-որ բան կփոխվեր, եւ պարտված ուժին վերընտրելու խարանը չէինք կրի: