Զրո իշխանություն

Զրո իշխանություն

Վերջին օրերին տարբեր հարթակներից, ներսից ու դրսից՝ գիտական կառույցներից, զանազան կենտրոններից, առանձին քաղաքական-հասարակական գործիչներից, եվրոպաներից ու ռուսաստաններից փորձում են հուշել մեր հույժ լեգիտիմ իշխանությանը, որ անհրաժեշտ է պատասխանել դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ի․ Ալիևի և Ռ․ Էրդողանի հակահայկական, ագրեսիվ, ցեղասպանական հայտարարություններին, ջանացին հասկացնել, որ դրանք անպատասխան թողնելը վկայում է իշխանության ոչ թե խոհեմության, այլ անատամ, անթասիբ և անգլուխ վիճակի մասին, բայց՝ պատին ասած, մեր իշխանությանն ասած։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է ահավասիկ հուշում․ «Ես կարծում եմ՝ դա պետք է արժանանա մեր արտգործնախարարության շատ կոշտ ու կտրուկ գնահատականին»։ Բայց դեկտեմբերի 10-ից անցել է 3 օր․ բացեք ԱԳՆ պաշտոնական կայքը՝ նայեք, որևէ ծպտուն կա՞ այս գերատեսչությունից։ Չկա։

Հայրենատեր և պահանջատեր զգալու պարագայում թուրք-ադրբեջանական հայտարարություններին արձագանքած կլիներ, ԱԳՆ-ից բացի, նախ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արձագանքած կլիներ նրա պատկառելի ներկայացուցչությունը պառլամենտում՝ «Իմ քայլը» խմբակցությունը, արձագանքած կլիներ Ազգային ժողովի Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Սակայն մեկ-երկու իշխանական անկապ պատգամավորի մի քանի վարանոտ, կեսբերան, հիմնականում պատասխանի տրամաբանությամբ հնչած անգրագետ բանավոր անդրադարձները չհաշված՝ մենք ունենք պաշտոնական զրո արձագանք։ Պատկերացրեք, լուռ ու մունջ է նույնիսկ հայ ռազմական գործի խորագիտակ Անդրանիկ Քոչարյանը (երևի զբաղված է իր գլխավորած՝  2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունները 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտության լույսի ներքո խմբագրելով։ Ի դեպ, ի՞նչ լուր կա այդ հաշվետվությունից, պարոն խորագիտակ)։

Եվ ահա այն, ինչ չի անում իշխանությունը, ինչի անհրաժեշտությունը ակնհայտորեն չի տեսնում իշխող քաղաքական ուժը, դրա քաղաքական կարևորությունը արձանագրել է «զրո» կուսակցություններից մեկը՝ ՀՅ Դաշնակցությունը։ Այս քաղաքական ուժը, դարձյալ առանց ցուցադրականության, արժանապատվորեն և վստահ, հերթական անգամ գալիս է փրկելու ապազգային իշխանության դեմքը միջազգային դիվանագիտության դաշտում և միջազգային հանրության շրջանում։

«Հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործոնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարավային Կովկասի առանձին հատվածների ժողովրդագրական և կրոնական նկարագրի փոփոխության փորձերը, որոնք հղի են տևական ժամանակահատվածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղությունը, ՀՅ Դաշնակցության Բյուրոն դիմում է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին և գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ ամենայն ուշադրությամբ հետևելու և կանխելու թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը։ Ցանկանում ենք հիշյալ զարգացումների վրա հրավիրել նաև ՌԴ ղեկավարության ուշադրությունը։ Ռուսաստանի Դաշնությունն, իբրև 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմ, առավել ընդգրկուն պատասխանատվություն է կրում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցությունը, անկախ ամոթալի պարտության պատճառ դարձած ՀՀ իշխանության հանդեպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառույցով և Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության աշխատանքները՝ հաճախ դիմակայելով ադրբեջանական և թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրավերներին»։

Հ.Գ․ Բոլորովին վերջերս՝ հերթական բռնկման ժամանակ, երկրի ղեկավարը ՀՅԴ-ն բնորոշեց որպես հանրության շրջանում «զրո վարկանիշ» ունեցող քաղաքական ուժերից մեկը։ Այդ ժամանակ դեռ պատերազմ ու խայտառակություն չէր եղել, կապիտուլյացիայից հետո իշխանությունը չթողնելու անբարո համառություն չէր եղել, թշնամի երկրի՝ մեզ ծանակող դեկտեմբերյան ռազմական հաղթահանդես չէր եղել։ Այո, այդ ժամանակ հեշտ էր ներկայանալ իբրև «հպարտ քաղաքացիների» հպարտ իշխանություն, մեծախոսել, ամբարտավանալ, պոռոտաբանել։ Բայց՝ ճակատագրի հեգնանք․ եկավ պատերազմը և այս թրաշամանուկների իշխանությանը ոչ թավշյա՝ բռնի  «ծեփեց պատերին», «փռեց ասֆալտին», կապիտուլյացիայի խայտառակ տեքստի դժգույն հանգով «վնգստացրեց» և, ինչպես երևում է, նրանից տարավ արժանապատվության վերջին նշույլը՝ թշնամուն գոնե կեսբերան հակադարձելու կարողությունը։ 
Եվ նրա փոխարեն դա անում է իբր «զրո» մի կուսակցություն, բայց անում է իսկապես ԶՐՈ իշխանության փոխարեն։