«Ռադիո Սպուտնիկը» բավարա՞ր չափով է «կզել», թե՞ դեռ «կզելու» տեղ կա՝ կորոշի Տիգրան Հակոբյանը

«Ռադիո Սպուտնիկը» բավարա՞ր չափով է «կզել», թե՞ դեռ «կզելու» տեղ կա՝ կորոշի Տիգրան Հակոբյանը

Անցած տարեվերջին «Ռադիո Սպուտնիկով» հեռարձակվող «Հինգշաբթին Տիգրան Քյոսայանի հետ» հաղորդաշարի ժամանակ ռուսաստանցի կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիգրան Քյոսայանը քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ազգությամբ հայ Քյոսայանը հայտնի է Փաշինյանի նկատմամբ քննադատական վերաբերմունքով եւ շատ հաճախ նաեւ գերազանցում է քննադատության չափի սահմանը` անցնելով անեծքի կամ սպառնալիքների: Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օրով կասեցնել «Ռադիո Սպուտնիկը» վերահեռարձակող «Տոսպա» ընկերության լիցենզիան, այսինքն՝ «Ռադիո Սպուտնիկը» եթերազրկվել էր: Հիմա հարցն այն է, թե այդ 30-օրյա ժամկետի ավարտից հետո ռադիոկայանը կվերադառնա՞ եթեր, թե՞ եթերի արգելքը կշարունակվի:

Փորձելով կարգավորել ստեղծված իրավիճակը եւ վերականգնել եթերը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, «Ռադիո Սպուտնիկ» ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկին հունվարի 5-ին այցելել էր Հայաստան եւ հանդիպել ՀՌՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Վիշինսկին Հակոբյանին տեղեկացրել էր, որ «վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, եւ հետագայում «Սպուտնիկ Արմենիայի» խմբագրական քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը եւ ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակցությունը»: Ավելի հանրամատչելի`Վիշինսկին Քյոսայանին հեռացրել է աշխատանքից եւ եկել է Հակոբյանի դուռը` նրան զեկուցելու, որ նա այլեւս զրկված է Փաշինյանին եւ նրա իշխանության հասցեին իր տեսակետը «Радио Sputnik»-ով հնչեցնելու իրավունքից եւ հնարավորությունից։ Դա էլ հերիք չէ, վստահեցրել է, որ որեւէ մեկը նման հնարավորություն այլեւս չի ունենա: Բայց Տիգրան Հակոբյանին դա չի բավարարել, որովհետեւ Հակոբյանի եւ Վիշինսկու հանդիպման մասին պատմող ՀՌՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ Հակոբյանը ռուսաստանցի գործընկերներին փոխանցել է հանձնաժողովի տեսակետը. ««Տոսպա»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռեւս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «Տոսպա»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել»: Այսինքն, Հակոբյանին չեն բավարարել Քյոսայանին եթերազրկելը եւ Վիշինսկու հավաստիացումները, որ «Ռադիո Սպուտնիկն» այլեւս եթեր չի հեռարձակի Փաշինյանի մասին որեւէ քննադատական խոսք ասող որեւէ գործչի կամ հաղորդաշար: Հակոբյանն ուզում է, որ Կիրիլ Վիշինսկին եւ «Ռադիո Սպուտնիկ»-ի ամբողջ խմբագրակազմը հրապարակային դատապարտեն Տիգրան Քյոսայանին, հայտարարեն, որ նա ոչ միայն չի արտահայտել խմբագրակազմի տեսակետը, այլեւ խմբագրակազմն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի երկրպագուն է, նրան համարում է ոչ թե դավաճան, ում պետք է գցել փոսը եւ հրապարակայնորեն թքել վրան` այնպես, որ Փաշինյանն Աստծուց մահ աղերսի ու չստանա, ինչի մասին ասում էր Քյոսայանը, այլ նա Աստծո ներկայացուցիչն է Երկրի վրա, իսկ «Ռադիո Սպուտնիկի» ամբողջ խմբագրակազմը նրան ընդունում է եւ երկրպագում որպես փրկչի, համարյա Տիգրան Հակոբյանի նման: Քանի դեռ Վիշինսկին չի ուղարկել տեսագրությունը, թե ինչպես է «Ռադիո Սպուտնիկ»-ի խմբագրակազմը Վիշինսկու գլխավորությամբ ծնկաչոք աղոթում Փաշինյանի մեծադիր սրբապատկերի առաջ եւ նրա առջեւ գործած մեղքերի թողություն հայցում, Հակոբյանը կհամարի, որ ռադիոընկերությանը եթեր վերադարձնելու նախադրյալներ չկան:

Զղջման նման գործուն քայլեր կատարելու փոխարեն Կիրիլ Վիշինսկին նախորդ օրն ընդամենը նամակ է գրել Տիգրան Հակոբյանին, որում ափսոսանք է հայտնել, որ կայանի եթերում «հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Ռադիո Սպուտնիկի» քաղաքականությանը»: Վիշինսկին վստահություն է հայտնել, որ իր նամակով սպառել է ռադիոկայանի եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով առաջացած տհաճությունը, որի արդյունքում ռադիոկայանը հունվարի 20-ից նորից եթեր դուրս գալու հնարավորություն կունենա:
Թե որտեղից է գալիս Վիշինսկու այս վստահությունը, անբացատրելի է: Մի՞թե Տիգրան Հակոբյանին կարող է բավարարել Քյոսայանի բերանը փակելը եւ շարքային ափսոսանք հայտնելը: Իհարկե, նրան հաջողվել է «կոտրել» «Ռադիո Սպուտնիկի» ղեկավարին, բայց ոչ բավարար չափով, Հակոբյանին պետք է ոչ թե ափսոսանք, այլ՝ ներողություն, ավելին` ապաշխարանք` ինքնախարազանման տեսարաններով: Քանի դեռ դա չկա, դժվար թե Հակոբյանը գնա զիջման:

«Երեկոն Տիգրան Քյոսայանի հետ» հաղորդաշարի նկատմամբ Հակոբյանի դժգոհությունն արտահայտվում էր նրանում, որ այն «լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ»: Իսկ արդյո՞ք Հակոբյանը եւ նրա փաստացի հսկողության տակ գտնվող հանրային կոչվող հեռուստաընկերությունը զերծ են դրանից: Նա շատ հաճախ մասնակցում է Հ1-ով հեռարձակվող հաղորդումներին, որոնց ընթացքում տարվում է ակնհայտ հակառուսական եւ ռուսատյաց խոսակցություն: Ռուսատյացության ոչ թե ուղիղ, այլ քողարկված իմաստով հաղորդման ժամանակ կոչ չի արվում փողոցում բռնել եւ մորթել ռուսներին, բայց Հայաստանի բոլոր դժբախտությունների, կորուստների եւ ողբերգությունների մեղավոր եւ պատասխանատու է հռչակվում Ռուսաստանը, եւ, ի դեմս Ռուսաստանի, ձեւավորվում է Հայաստանի թշնամու կերպար: Հակոբյանը Քյոսայանին եւ «Ռադիո Սպուտնիկին» մեղադրում է մի բանում, ինչով կոնկրետ ինքն ու իր զրուցակիցներն են մշտապես զբաղվում Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: Տարբերությունն այն է, որ եթե Քյոսայանը քննադատում կամ անիծում է Փաշինյանին եւ նրա ռեժիմը, Հ1-ի քննադատության թիրախը Ռուսաստանն է, ոչ թե դրա իշխանությունը կամ իշխանության ղեկավար Պուտինը: Մի տարբերություն էլ. «Սպուտնիկը» հեռարձակվում է Հայաստանում, իսկ Հ1-ը ՌԴ-ում չի հեռարձակվում: Բայց Հայաստանի հազարավոր քաղաքացիներ եւ ՌԴ քաղաքացի հայեր այդ հաղորդումները հնարավորություն ունեն դիտել համացանցի կամ սպուտնիկային հեռարձակման միջոցով:

Կվերականգնվի «Ռադիո Սպուտնիկի» հեռարձակումը Հայաստանում, թե ոչ՝ թող որոշեն Տիգրան Հակոբյանը եւ Կիրիլ Վիշինսկին: Բայց ի՞նչ իմաստ ունի մի ռադիոկայանի հեռարձակում Հայաստանում, որտեղ արգելված են ազատ խոսքը կամ քննադատության իրավունքը, եթե այդ հաղորդումների բովանդակությունը պետք է համաձայնեցվի Հայաստանի իշխանության հետ կամ տհաճություն չի պատճառելու նրանց քիմքին: Նման ռադիոկայաններ եւ հաղորդումներ Հայաստանում բազմաթիվ են, մեկով ավելի կամ պակաս` ոչինչ չի փոխվելու:

Ավետիս Բաբաջանյան