Ինչու ժողովուրդները չեն ձգտում ազատության. Երեք պատճառ

Ինչու ժողովուրդները չեն ձգտում ազատության. Երեք պատճառ

Արեւմուտքը հույս ուներ, որ պատերազմի պատճառած կորուստները` մարդկային, տնտեսական, հոգեբանական, կստիպեն, որ ռուս ժողովուրդը ելնի իր իշխանության դեմ, խաղաղություն հաստատելու, պատերազմից հրաժարվելու պահանջներ դնի, սակայն ռուս ժողովուրդը շարունակում է լուռումունջ տանել իր լուծը եւ հանդուրժել, նույնիսկ երկրպագել բռնապետ Վլադիմիր Պուտինին: Անգամ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մահը բանտում, Ռուսաստանում դժգոհությունների տեղիք չտվեց: 

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասում է. «Այս հարցը հուզում է ռուս սակավաթիվ ընդդիմությանը: Կան ընդդիմադիր գործիչներ, որոնք դրսում են` Խադարկովսկի, Գարի Կասպարով, Մարկ Ֆեյգին, Յուլիա Լատինինա եւ այլք: Սրանք այսօրվա Ռուսաստանի իրավիճակով խիստ մտահոգված ընդդիմադիրներն են, բայց դրա հետ մեկտեղ կարելի է ասել, որ ռուսական ընդդիմությունը կազմված է եղել փոքրամասնությունից, որովհետեւ ռուսները, եթե նայենք իրենց պատմական զարգացման ընթացքին, ապա երբեւէ չեն պայքարել ազատության համար: Նրանք երբեք ազատությունն արյունով չեն նվաճել: Նրանք ուղղակի նվեր են ստացել ամեն ինչ, որպես Սովետական Միության քայքայման արդյունք: Հիմա, երբ մենք դատում ենք այն տեսանկյունից, որ Ռուսաստանի կայսրությունը բանեցնում է մի քաղաքականություն, որի դեմ ոչ ոք չի բողոքում, չի ընդվզում, պետք է հասկանանք, որ այդ չբողոքելու ինստիտուտը ռուսական համայնական մտածողության ինստիտուտն է, դա արեւելյան բռնապետության ինստիտուտն է: Երբ մարդը զրկված է անկախ մտածողությունից, լինում է այդպես` ենթարկվում է էլիտաներին: Երբ էլիտաները մի փոքր կապերն ազատում են, նման ժողովուրդները դառնում են ազատամիտ` հանձնվելով ազատության ալիքներին, բայց հենց որ սանձերը ձգում են, նրանք անմիջապես հարմարվում են այդ պայմաններին: Ինչո՞վ է պայմանավորված այս փաստը: Դա ունի երեք հիմնական պատճառ. առաջին` էլեմենտար վախ: Երբ մարդիկ տեսնում են, որ ազատության ձգտողները թունավորվում են, բանտարկվում են, սպանվում են, ի դեպ՝ սա է պատճառներից մեկը, որ ես պնդում եմ, որ Հայաստանի իշխանություններն արեւմտամետության հետ ոչ մի կապ չունեն: Հակառակ դեպքում նրանք այդքան ազատ Մոսկվա չէին գնա ու գա: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Վլադիմիր Զելենսկուն ուղարկեն Մոսկվա, ինչ տեղի կունենա: Երկրորդ պատճառը վստահության կորուստն է: Ժողովուրդը նույնիսկ չարիքի մեջ սիրում է հաղթանակած բեւեռին: Եթե անգամ հաղթում է չարիքը, այդ հաղթանակը դառնում է հանրության կողմից սիրելի: Իսկ ամբոխավարական գործունեության սեկտորը բնության մեջ միշտ այնպես է եղել, որ պետք է ամբոխը գնա դեպի հաղթանակ, անկախ այն բանից, որ այդ հաղթանակը կասկածելի ու տարակուսելի կարող է լինել կամ գուցե` չարիքի հաղթանակ: Մոսկվայի բռնապետությունը` իր դրսեւորումներով, հաղթանակած է: Ինքն իրեն հաղթանակածի պես է պահում: Երրորդ պատճառն էլ ներկայիս աշխարհի բարոյալքումն է: Երբ բարոյական արժեքները հետին պլան են մղվում, երբ մարդիկ կորցնում են բարու եւ չարի սահմանագիծը` ինչպես Հայաստանում, շատ դժվար է դառնում ինչ-որ մի բան համարել բարոյական կամ ոչ բարոյական: Օրինակ` Չերչիլը հստակ ասում էր` որն է չարիքը, եւ որն է բարիքը, եւ մարդիկ այդ ամենին հետեւում էին: Հայաստանում մենք տարիներ շարունակ գիտեինք, թե ով է հերոսը, ինչ է իրենից ներկայացնում: Հայրենական պատերազմի ժամանակ էլ հերոսները եղել են ինքնազոհողության գնացողները: Այդպես եղել է նաեւ արցախյան պատերազմի ժամանակ: Կամավոր մարդիկ մահվան էին գնում, այսինքն` կար հերոսի կերպար: Ի դեպ, հերոսի կերպարը դարերով չի փոխվում: Հերոսն այն մարդն է, որն իրապես հանուն բարիքի զոհողության է գնում: Բայց այսօր աղճատվում են նաեւ այդ բարոյական արժեքները: Հայրենիք, հերոս եւ այլն․ սրանք բոլորը ենթարկվում են աղճատման եւ պերվերսիայի` այլասերման: Ռուսների մոտ դրված է հետեւյալ գաղափարը. բարոյական ենք, թե ոչ, մենք պաշտպանում ենք մեր իմպերիայի շահերն ու վերջ: Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանում դրված է արժեհամակարգային սահմանագիծ: Մարդիկ այդ հստակության մեջ են ապրում, տեսնելով պահանջների հստակությունը՝ հարմարվում են այդ ամենին ու կարծում են` դա միակ սահմանագիծն է, որի վրա կարելի է ապրել: Ռուսները հիմնականում նախընտրում են մնալ իրենց երկրում, որովհետեւ հայրենապահպանությունը, այնուամենայնիվ, բարոյական արժեք է: Այլ հարց է, որ կարելի է այդ ամենը սխալ մատուցել, բայց հայրենապահպանության գաղափարն ինքնին գրավիչ գաղափար է: Ինչո՞ւ Հայաստանում մարդիկ իրենց ոչ մի տեսակ նարատիվի մաս չեն զգում, որովհետեւ մեր բոլոր նարատիվները հետեւողականորեն ոչնչացվում են: Ռուսաստանում հաստատվում են սխալ նարատիվներ, բայց գոնե հաստատվում են, դրանք սխալ են, սակայն կան, իսկ մեզ մոտ միայն եղածն են ոչնչացնում, լինի պատմական, թե մշակութային, թե ներանձնային, ամեն ինչ ոչնչացվում է»:

Դատելով այս ամենից, ի՞նչ եք կարծում` Ռուսաստանը երբեւէ կդառնա՞ դեմոկրատական երկիր, որտեղ առաջին պլան կգան մարդու իրավունքները, հավասարությունը, խոսքի ազատությունը եւ այլն։ «Ես միանշանակ տալիս եմ այս հարցի պատասխանը` չի լինի նման բան, եթե չտրոհվի Ռուսաստանը: Կա կառավարման երկու մոդել` արեւելյան եւ արեւմտյան: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հավասարությունը եւ այլն, դրանք արեւմտյան քաղաքակրթության սկզբունքներ են: Ի դեպ, պարտադիր չէ, որ տվյալ երկիրը գտնվի Արեւմուտքում: Կարող է նույնիսկ այնպես լինել, որ տվյալ պետությունը չունենա արեւմտյան մշակույթ, օրինակ, ինչպես Ճապոնիան, սակայն միեւնույն ժամանակ պահպանի արեւմտյան քաղաքակրթության ստանդարտները: Ճապոնիան ո՛չ իր տեղանքով եւ ո՛չ էլ մշակույթով Արեւմուտք չէ, բայց անգամ տնտեսակարգով ու ազատ շուկայով արեւմտյան քաղաքակրթության մաս է: Ռուսաստանը տառացիորեն գտնվում է Եվրոպայում, բայց իր կառավարման մոդելով ամբողջովին ասիական է: Հենց դրա համար էլ ստեղծված է եվրասիական կեղծ խոսույթ ասվածը: Դա նրա համար է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դավանել արեւմտյան քաղաքակրթական ստանդարտները: Եվրասիական միություն ասվածն արդեն իսկ դեկլարացիա է: Եկեք չմոռանանք, որ իսլամական ու մահմեդական բաղադրիչը Ռուսաստանում հսկայական դերակատարում ունի, եւ այն ի վերջո իր արդյունքներն է բերում: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանի ողջ պատմությունն արեւելյան եւ արեւմտյան դիսկուրսների պայքար է: Ինչքան հաղթել է արեւմտյան դիսկուրսը, այնքան հզորացել է Ռուսաստանը` Պետրոսի իշխանությունը՝ վկա, եւ ինչքան հակառակն է եղել` թուլացել է ՌԴ-ն, բայց անգամ դա չի ազդել նրանց վրա, որովհետեւ միայն արեւելյան կառավարման մոդելով կարող են նրանք դիկտատուրական կարգեր հաստատել եւ ճնշել ժողովրդին»,- նշում է Անուշ Սեդրակյանը: