Հետո նորից մեղադրելու են բոլորին, բացի իրենցից

Հետո նորից մեղադրելու են բոլորին, բացի իրենցից

Ոչինչ չանելը, տանը պարապ նստած, փրկիչների, ուրիշների օգնությանը սպասելը, անգամ տարրական պաշտպանական բնազդից զուրկ լինելը մեզանում կենսակերպ է դարձել։ Ու ամենացավալին այն է, որ բացարձակապես գաղափար չունեն քարտեզից, անգամ կարծում են, թե գլոբուսը Հայաստանի փոքրացված մակետն է։

Զավեշտ է, բայց իրոք դեպք եմ հիշում, երբ միջին տարիքի մի կին խանութի աշխատակցին հարցրել է, թե` Հայաստանի գլոբուս ունե՞ք։ Բայց դա էլ զարմանալի չէ, որովհետեւ երեւանյան սրճարաններում ոտքը ոտքին գցած, ինքնագոհ սուրճ ճաշակող եւ ծխի օղակներ վեր թռցնող շատերին թվում է, թե Երեւանն աշխարհի կենտրոնն է, արեգակն էլ պտտվում է մեր՝ Հայաստան երկրի շուրջ։ Ու բոլորը միայն երազում ու սպասում են, ինչպես այն հիվանդները, որոնք սպասում են, որ բժիշկները գան ու իրենց առողջական բոլոր խնդիրները ձեռաց լուծեն։ Բոլորն ուզում են, տանը նստած, ձեռքները ծալած, պարապ հորանջում են, երազում եւ առնվազն մի բան ուզում։ Մեկն ուզում է ինքն էլ դուբայներում հանգստանալիս լինի, ծովափերին մեկնված` արեւ ըմբոշխնելիս ու գեղեցիկ աղջիկների մարմիններով զմայլվելիս։ Մյուսը երազում է Փարիզում կամ ամերիկաներում տուն ունենալ, երրորդը կանաչ գարուն ու վառվռուն ամառ է երազում, չորրորդն ասում է` ես իմ Արցախն եմ ուզում, հինգերորդը, որ քաղաքական այր է, աչքերը փակ, երազների թեւերին խրոխտ բազմած, ասում է` ժողովուրդ, մոտ ապագայում մենք մեր Արցախում ենք լինելու... Ու սրանցից ոչ ոք մատը մատին չի խփում, որ իր երազանքներն իրականություն դառնան... Իհարկե, այս երազանքներից որոշները հաստատ իրականանալու են։ Հաստատ՝ կանաչ գարունն էլ է գալու, վառվռուն ամառն էլ։ Այլ հարց է, թե այդ գարուն-ամառներն ով որտեղ է դիմավորելու՝ սեփական այգո՞ւմ, թե՞ իր միակ ճամպրուկը ձեռքին` ինչ-որ կայարաններում...

Եվ ո՞նց են լինելու Արցախում, երբ արդեն օրը ցերեկով Հայաստանն է դրված զոհասեղանին... Ոչ մեկը քարտեզ չի բացում, որ տեսնի՝ ինքը որտեղ է գտնվում, ովքեր են իր հարեւանները, նրանցից որն է բարեկամ կամ գոնե ոչ չարակամ, որը՝ սովորական, որը՝ ոխերիմ թշնամի։ Ու, ընդհանրապես, աշխարհում կա՞, արդյոք, բարեկամ կամ դաշնակից գոնե մի երկիր։ Ու այս պարապ, իրականությունից կտրված երազելը եւ ոչինչ չանելն արդեն համազգային են դարձել։ Այն աստիճան զավեշտաողբերգական, որ ի պատասխան այս դժոխքից դուրս գալու համար մի բան անել խնդրող-պահանջող մի բուռ մարդկանց, մի խումբ ուղեղ ունեցողների, հայ տղամարդը կամ, Հայաստանի փաստացի ղեկավարի աթոռին նստածի ասած` «ՀՀ հպարտ քաղաքացին», հանգիստ ասում է, թե «մի մտահոգվեք, համոզված եմ, որ եթե թուրքն ու ազերը պատերազմ սկսեն մեր դեմ, Իրանն ու Ռուսաստանը մեզ պաշտպանելու են»։ Ու այսպիսի հազարավորները, հարյուր հազարավորները, որոնց զավակներին ներքին թշնամին հողին է հանձնել, օտար, թշնամի երկրի շահեր սպասարկող այս բախտախնդրի տակ ծնկած` պարապ հետեւում են, թե սա նոր ինչ ական է դնելու Հայաստանի տակ, նոր ինչ փաստաթուղթ է ստորագրելու կամ բանավոր պայմանավորվածությամբ նոր ինչ տարածքներ է նվիրելու մեր թշնամուն, որը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան։ Թքած ունեն, թե սա քանիսին է Հայաստանի թշնամի դարձնում, եւ հանգիստ սպասում են, որ օտարը` ռուսը, պարսիկը, ամերիկացին, ֆրանսիացի այն ինքնահիացած «շուստրին», գան, իրենց փոխարեն մեր թշնամու դեմ կռվեն։

Այսինքն՝ իր փոխարեն մեր թշնամու դեմ կռվեն ու զոհվեն, մեր հարցերը լուծեն օտար մարդիկ, որոնց համար ինքը ոչինչ չի արել, իսկ որոշների մեկնած ձեռքին թքել է, ինչպես, օրինակ, հարեւան Իրանի, մյուսներին դավաճանել ու թիկունքից է խփել։ Թիկունքից խփել եւ դավաճանել է անգամ իր հայրենակիցներին, որպեսզի ինքը «լավ ապրի» իր «գերագույնի» ակնարկած ապագայում, որ կա, բայց կարծես միայն մեր հարեւան երկրի համար...

Ու ամենամեծ աբսուրդը` ոչինչ չի արել ոչ միայն ուրիշների համար, այլեւ ոչինչ չի արել ու չի անում անգամ իր, իր ընտանիքի, իր երեխաների գլխավերեւից դամոկլյան սուրը դեն շպրտելու համար։ Ավելին` քարկոծում, բամբասում, զրպարտում է բոլոր նրանց, ովքեր փորձում են մի բան անել, փրկել ոչ միայն իրենց, այլեւ իրեն ու իր երեխաներին...

Հետո, ցավոք, պատմությունը նորից կրկնվելու է` հայրենի հողի նոր կորուստներով ու նոր զոհերով։ Եվ մատը մատին չխփող, փրկիչների սպասող ու օդում ամրոցներ կառուցող այս երազողները դարձյալ նզովելու են իրենց բախտն ու «հայի դաժան ճակատագիրը» եւ մեղադրելու են բոլորին, բացի իրենցից։

Վարդգես Օվյան