Էդմոն Մարուքյանն արտաքին քաղաքականից տեղափոխվում է ներքաղաքական դաշտ

Էդմոն Մարուքյանն արտաքին քաղաքականից տեղափոխվում է ներքաղաքական դաշտ

Ծանոթներիցս մեկը երեկ շատ ոգեւորված էր, կարդալով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրը, զանգել էր՝ կիսելու իր ուրախությունը։ «Փաշինյանի նավը խորտակվում է, առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը, ուրիշ տարբերակ չկա, թե չէ Մարուքյանին շպակլիով քերեիր,  իշխանությունից չէր պոկվի»,- ասում էր զրուցակիցս՝ հիմնավորելով իր վերլուծությունը նրանով, որ Մարուքյանը միշտ էլ զգացել է իշխանության ներսում կատարվող փոփոխությունները եւ ժամանակին վերադիրքավորվել: Ես չհամաձայնեցի այս վերլուծության երկու հատվածի հետ էլ` նախ, որ Էդմոն Մարուքյանը չունի նուրբ զգացողություն, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, նա միշտ առաջնորդվում է հրահանգներով:

Եթե նա այդպիսի նուրբ զգացողություն ունենար, ապա 2018 թվականի հակասահմանադրական հեղաշրջման ժամանակ անմիջապես կանցներ Փաշինյանի կողմը եւ ոչ թե մինչեւ վերջին պահը կպահեր ՀՀԿ-ական իշխանությանը, որտեղ ինքն ընդդիմություն էր աշխատում եւ չէր ուզում լքել իր համար այդքան հարմարավետ գոտին: Իհարկե, Էդմոն Մարուքյանն ինքնակամ չէր լքի Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որտեղ նա անհայտ է, թե ինչով էր զբաղված, ըստ ամենայնի՝ ոչնչով, նրան այդ պաշտոնից ազատման դիմում գրելու հրահանգ է տվել Փաշինյանը` բացատրելով, թե ինչով պետք է զբաղվի Մարուքյանն այդ պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Այսինքն՝ Մարուքյանի հեռանալը չի նախանշում փաշինյանական նավի խորտակում: 

Ուշադրության է արժանի, թե ինչ հիմնավորումներով է Մարուքյանն աշխատանքից ազատման դիմում գրել: Նա իր հրաժարականը բացատրել է իշխանության հետ արտաքին քաղաքականության հարցերում ունեցած տարաձայնություններով. «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»: Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական տեսլականն ինչ-որ կերպ հայտնի է նրա կողմից իրականացվող քայլերից եւ հայտարարություններից` Արեւմուտքից իջեցված ցանկացած պատվերի կատարում, այդ թվում՝ Հայաստանի թշնամացում Ռուսաստանի հետ, Ադրբեջանի պահանջների անվերապահ կատարում: Ընդ որում՝ այդ քաղաքականությունը չի փոխվել նրա՝ իշխանության գալուց հետո եւ բացահայտ է դարձել 44- օրյա պատերազմից հետո, առավել եւս՝ վերջին երկու տարիներին:

Մարուքյանին Փաշինյանն իր հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել 2022 թվականի մարտին, եւ այդ ընթացքում որեւէ մեկը չի կարող ասել, որ Փաշինյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունն ինչ-որ կտրուկ շրջադարձեր է ունեցել, ինչ-որ հարցերում Փաշինյանը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը: Միշտ էլ ասել է, որ Ռուսաստանը չի արդարացրել մեր սպասումները, պետք է մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնենք, Եվրոպայի հետ մոտ լինենք` այնքան, որքան թույլ կտա Եվրոպան, հարաբերությունները կարգավորենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապրենք խաղաղ, անհոգ ու երջանիկ, ու նման տափակ եւ անիմաստ մտքեր:

Թե ինչ արտաքին քաղաքական տեսլական ունի Մարուքյանը, որեւէ մեկին հայտնի չէ, որ մի հատ էլ տարաձայնություն գտնենք: Գուցե նա կողմ է, որ Հայաստանն ավելի կտրուկ քաղաքականություն վարի Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե կիսաքայլեր անի Ռուսաստանից տարանջատվելու հարցում, սառեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ դուրս գա այդ կառույցից, խզի Ռուսաստանի հետ հարաբերությունները, պահանջի, որ այդ երկիրը դուրս բերի իր ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը Հայաստանի տարածքից, ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի: ՀՀԿ-ի մոտ ընդդիմություն աշխատելու տարիներին Մարուքյանը թունդ արեւմտամետ էր, երբ «Ելք» դաշինքի ղեկավարն էր, այնտեղ հավաքված էին բոլոր թունդ արեւմտամետները եւ հակառուսները` Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը:
Բայց, չգիտես ինչու, ինձ թվում է, որ Մարուքյանը շուտով արտաքին քաղաքական սալտո է ֆռռալու եւ

Փաշինյանին մեղադրելու է չհավասարակշռված հակառուսական քաղաքականություն վարելու մեջ, ասելու է, որ այդ քաղաքականությունը չի բխում մեր ազգային եւ պետական շահերից, մի խոսքով՝ դիրքավորվելու է որպես ռուսամետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ ուժեղացնելու գծի կողմնակից: 

Փաշինյանի շրջապատում շատ կան արեւմտամետ կուսակցություններ, որոնք հնազանդորեն ծառայում են նրան եւ ենթարկվում են նրա հրահանգներին: Արեւմտյան թեւից Փաշինյանին վտանգ չի սպառնում, վտանգը կարող է սպառնալ պրոռուսական ուժերից, որոնք հիմնականում կամ բացառապես ընդդիմադիր են նրա իշխանությանը: Այսինքն՝ եթե հիմա ընտրություններ լինեին, պրոռուսական հայացքներ ունեցող ընտրողները կքվեարկեին Փաշինյանի դեմ` Փաշինյանի դեմ պայքարող ուժերի եւ կուսակցությունների օգտին: Փաշինյանն էլ որոշել է կիսել պրոռուսական ընտրազանգվածը եւ պրոռուսական դաշտ գործուղել իր հատուկ հանձնարարություններով դեսպանին, ուղղակի Մարուքյանն այսուհետ հատուկ հանձնարարություն կկատարի ոչ թե արտաքին, այլ ներքաղաքական դաշտում: Նա հանդես կգա ռուսամետ հայտարարություններով, իշխանություններին կքննադատի ոչ ճիշտ, նույնիսկ սխալ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար եւ մինչեւ հաջորդ ընտրություններ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստանը» կդիրքավորի որպես պրոռուսական կուսակցություն, որ ընտրությունների ժամանակ հայ-ռուսական հարաբերությունների մերձեցման կամ առնվազն չոչնչացման կողմնակից ընտրազանգվածի գոնե մի մասն իր ձայնը տա Մարուքյանին: Սրանով Մարուքյանն ավելի մեծ ծառայություն կմատուցի Փաշինյանին, քան երբ անիմաստ զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը՝ իրականում ոչինչ չանելով, Փաշինյանի համար ունենալով զրոյական օգտակարություն:

Մենք, իհարկե, չենք կարող հաջողություն մաղթել Էդմոն Մարուքյանին՝ իր այս նոր հանձնարարության կատարման մեջ, որովհետեւ դեմ ենք բոլոր կեղծ ու կեղծավոր գործիչներին, ովքեր, չունենալով արժեհամակարգ եւ արժեքներ, պատրաստ են հանուն փողի կատարել ցանկացած հանձնարարություն, ճամբար փոխել, մոլորության մեջ գցել ընտրողներին, էական վնաս պատճառել Հայաստանին:

Ավետիս Բաբաջանյան