Լավ, դու չհոգնեցի՞ր նախկինների ու Մեղրիի մասին խոսելուց

Լավ, դու չհոգնեցի՞ր նախկինների ու Մեղրիի մասին խոսելուց

Ինչքա՞ն կարելի է անցյալի իրադարձությունները քննարկել ու նախկիններից խոսել։ Լավ, էս մարդը չհոգնե՞ց տարիներ շարունակ նույն նաղլը կարդալուց։

Ասենք, ինչքա՞ն կարելի է Մեղրիի չկայացած քննարկում-գործարքից խոսել։ Մի բան, որը չի եղել, որն արդեն պատմություն է՝ արխիվային նյութ, դրա քննարկելու իմաստը ո՞րն է։ Ոնց որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնամյակներ շարունակ գերտերությունների ղեկավարները քննարկեին, թե ինչ չարեցին, որ կարող էին անել 30-ականներին, որ համաշխարհային պատերազմը չծագեր՝ չսկսվեր, վերլուծեին, թե ինչպես կարող էին կանխել Հիտլերի կողմից Ֆրանսիայի կամ Ռուսաստանի վրա հարձակումը, եւ ովքեր են մեղավոր դրանում։ Որ պետության ղեկավարն ինչ է խոսել Հիտլերի հետ, ինչ պայմանագիր է ստորագրել, ինչում է սխալվել։ Եվ, առհասարակ, որտե՞ղ է սխալվել համաշխարհային դիվանագիտությունը, որ աշխարհը 6 տարի շարունակ հայտնվել է այդ արյունահեղ պատերազմի բովում, այդ մսաղացում։ Իհարկե, այդ իրադարձությունները հետագայում շատ են քննարկվել, գրքեր են գրվել, ֆիլմեր են նկարահանվել, բայց դա արել են պատմաբանները, գրողները, սցենարիստներն ու արվեստագետները, ոչ թե երկրների ղեկավարները։ Եվ հատկապես ոչ այն պատճառով, որ իրենից առաջ իշխանության եղածներին մեղադրանքներ ներկայացնեն։

Եվ, առհասարակ՝ հետին թվով, տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելը, այն էլ՝ նոր տեղեկատվության հիման վրա եւ նախորդ ժամանակաշրջանի իրադարձություններին անդրադառնալը՝ իմանալով, թե ինչից ինչ է ստացվել, որքանո՞վ է ազնիվ եւ ի՞նչ է տալիս կորուստներ ունեցած հասարակությանը։
Մի բան պարզ է, որ 2023 թվականին քննարկել 1996, 1998 կամ 2003 թվականի իրադարձություններն այսօրվա լույսի ներքո, առնվազն ազնիվ չէ հանրության հանդեպ։ Որովհետեւ, եթե Մեղրիի հետ կապված քննարկումները կարեւոր էին, կամ Արցախի հարցն այդպես խուլ փակուղի էր մտել մինչեւ 2018 թվականը, ինչո՞ւ մինչեւ պատերազմն այդ մասին չէիր հայտարարում։ Ինչո՞ւ էիր հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «ինչ ուզում եմ՝ այն էլ բանակցում եմ», «իմ զրոյական կետից եմ սկսում Արցախի հարցի կարգավորումը», «Արցախը Հայաստան է եւ վերջ», ինչո՞ւ էիր Շուշիում շուրջպար բռնում, որդուդ ուղարկում Արցախում ծառայելու, արցախցիներին բերում Երեւան՝ քո կազմակերպած հանրահավաքներին մասնակցելու եւ այլն, եւ այլն։

Իրականում պարզ է, որ 2020-ից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ բացատրություններ եւ մեղավորներ է փնտրում ու այդ ճանապարհին ոչնչի առաջ չի կանգնում եւ, ամենակարեւորը՝ ճշմարտության դեմ մեղանչելուց էլ չի վախենում։ Չի խուսափում Մեղրիի չեղած թեման շարունակ շահարկելուց, որովհետեւ մի բան է ուզում՝ ցույց տալ, որ Քոչարյանն ուզում էր Մեղրին տալ, ինքը Մեղրին պահել է։ Ոչինչ, որ Արցախը տվել է, որովհետեւ Մեղրիի ու Արցախի միջեւ ընտրել է Մեղրին, որովհետեւ «Մեղրին Հայաստան է», իսկ «Արցախը՝ Ադրբեջան», եւ դա նոր բան չէ՝ մինչեւ իր վարչապետ դառնալն արդեն իսկ «Արցախն Ադրբեջան էր»։

Անասելի դժվար է այս դեմագոգությունը եւ մանիպուլյացիաները լսելը։ Որովհետեւ դրանք խոցելի, սխալ, նախորդ ասածներին հակասող հայտարարություններ են։ Վարչապետի աթոռին նստած անձն ամեն անգամ մի նոր արգումենտ է ասպարեզ հանում, ամեն անգամ մի նոր անհեթեթություն է ասում, եւ մենք ստիպված ենք լինում հերքել դրանք կամ ապացուցել, որ կանխավ գիտակցված սուտ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնյան։
Ի վերջո, որքան էլ անդրադառնա նախկին 30-40 տարվա պատմությանն ու մեղքը սրա-նրա վրա գցի, փաստն այն է, որ Արցախը հանձնել են ոչ թե նախկին նախագահները, այլ՝ ինքը, պատերազմում պարտություն կրել ենք ոչ թե նախկինների, այլ իր կառավարման ժամանակ եւ այսքան զոհ ու կորուստ էլ իր օրոք ենք ունեցել։ Անգամ չխոսենք այն մասին, որ ազգը պառակտվել է, բանակը կորցրել է նախկին հզորությունը, իսկ մեր ժողովրդի ազգային արժանապատվությանը ծանր հարված է հասցվել հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։