Հայաստանի եւ Ռուսաստանի զինված խռովությունների տարբերությունը 

Հայաստանի եւ Ռուսաստանի զինված խռովությունների տարբերությունը 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ռուսաստանում «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի կազմակերպած զինված խռովությունը համեմատում է 2016 թվականին Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կազմակերպած զինված խռովության հետ: Իհարկե, երկու դեպքում էլ գործ ունենք իշխանության բռնի զավթման փորձի հետ, եւ այս հարցում հնարավոր չէ չհամաձայնել Դանիելյանի համեմատության հետ, բայց այս երկու խռովություններն ի ցույց դրեցին Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական համակարգերի, հասարակությունների տարբերությունները: Պրիգոժինի խռովության ներպետական արձագանքը բացահայտեց ռուսական հասարակության հասունությունը, ճգնաժամային իրավիճակներից կազմակերպված, առանց հավելյալ կորուստների դուրս գալու, հաղթահարելու կարողությունը, ինչը, ցավոք, չի կարելի ասել Հայաստանի մասին:

Մի պահ հետ գնալով 7 տարի՝ հիշենք, թե ինչպես իրենց դրսեւորեցին Հայաստանի քաղաքական դաշտը եւ հասարակությունը, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը եւ կոչ արեց հասարակությանը՝ դուրս գալ փողոց ու միանալ, այսպես կոչված, զինված ապստամբությանը: Հազարավոր մարդիկ շտապեցին Խորենացու փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելով խռովարարներին, ովքեր արդեն հասցրել էին բախման գնալ ոստիկանության հետ, եւ մի աշխատակից սպանվել էր: Քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այս խռովությունը բացառիկ հնարավորություն համարեցին ինքնադրսեւորվելու, եւ հասարակությանն առաջնորդելու համար: Քաղաքական կուսակցությունների ղեկավարների միջեւ տեղական նշանակության մարտեր էին ընթանում Խորենացու փողոցում ընթացող ցույցերի առաջնորդությունը ստանձնելու համար, մի մասն այդ պայքարում փորձում էր հենվել «Սասնա ծռեր» խմբավորման վրա՝ համարելով, որ նրանք պետք է որոշեն, թե ով կարող է առաջնորդել հասարակությանը, իսկ ում է պետք գցել աղբամանը: Բացի իշխանության ներկայացուցիչներից, չեմ հիշում որեւէ մեկին, որը կդատապարտեր զինված խռովության փորձը, կհայտարարեր, որ պատերազմի մեջ գտնվող երկրում` ապրիլյան պատերազմից ընդամենը երկու-երեք ամիս էր անցել, չի կարելի զենքի սպառնալիքով, զենքի գործադրմամբ իշխանության զավթման փորձ անել: Նույնիսկ նրանք, ովքեր խոսում էին զինված խռովության անթույլատրելիության մասին, միեւնույն է՝ արդարացնում էին «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ ասելով, որ դա պարտադրված քայլ է, որ երբ պայքարի բոլոր սահմանադրական մեթոդները սպառվում են, մնում է միայն զինված խռովությունը:
Պրիգոժինի հայտարարությունից հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը. Ռուսաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հասարակական գործիչները հայտարարեցին, որ պատերազմի պայմաններում զինված խռովություն կազմակերպելը ձեռնտու է միայն թշնամուն, որ եղբայրասպան պատերազմի հրահրումը կարող է հանգեցնել թշնամու առաջխաղացմանը եւ Ռուսաստանի՝ որպես միասնական պետության փլուզմանը: Նույնիսկ Պուտինի իշխանության թունդ ընդդիմախոսները, հայտարարելով, որ իրենք դեմ են Պուտինի ստեղծած կլանային-օլիգարխիկ համակարգին, որը հանգեցրել է երկրի ազգային հարստության անհամաչափ եւ անարդար բաշխմանը, ընդգծում էին զինված խռովության անթույլատրելիությունը՝ կանխատեսելով, որ խռովարարների հաղթանակը բերելու է ոչ թե արդարության եւ համերաշխության հաստատման, այլ օլիգարխիկ մի խմբավորման հեռացմանը եւ դրա ազդեցության ոլորտների, եկամտի աղբյուրների հանձնմանը մեկ այլ խմբավորման, որից չի շահելու ո՛չ երկիրը, ո՛չ էլ հասարակությունը:

Ռուսաստանում որեւէ մեկը հանդես չեկավ Պրիգոժինի կողմից կազմակերպված զինված խռովության պաշտպանությամբ, Պրիգոժինի եւ նրա զինյալների հերոսացմամբ, չնայած, ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբավորման, վագներականներն ընդամենը մեկ ամիս առաջ հաղթել էին ուկրաինական բանակին՝ գրավելով Բախմուտը, իսկ դրանից էլ առաջ՝ Սոլեդարը։ Որեւէ մեկը չհայտարարեց, որ նրա հաղթանակը կարող է բարօրություն լինել Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի համար: Գուցե հասարակական աջակցության բացակայությա՞մբ էր պայմանավորված, որ Պրիգոժինը կանգնեցրեց իր արշավանքը Մոսկվա, որն առաջին հայացքից ընթանում էր բավական հաջող, առանց որեւէ դիմադրության, բայց նա հասկացավ, որ չի կարող իր 25 հազարանոց զորքով գրավել 140 միլիոնանոց երկիրը, որտեղ իրեն դիտարկում են ոչ թե որպես ազատարարի, ով գալիս է Մոսկվա՝ ատելի Պուտինին հեռացնելու եւ արդար հասարակարգ կառուցելու, այլ արտաքին եւ ներքին թշնամիների ձեռքին հայտնված մի գործիքի, ում օգտագործում են պատերազմի ժամանակ երկիրը ներսից պայթեցնելու եւ թուլացնելու համար:

Հայաստանում զինված խռովության եւ դրա միջոցով իշխանափոխության հարցը հիմա էլ է այժմեական:  Քաղաքական ուժերը, անկարող լինելով քաղաքական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին, հայտարարում են, որ դա հնարավոր է անել մահապարտների անձնազոհության շնորհիվ: Հավաքվում են 100-200 մահապարտներ, ովքեր չեն վախենում ոստիկանությունից, չեն վախենում կալանավորվելու, քրեական հետապնդման ենթարկվելու, Փաշինյանի իշխանությունը պաշտպանող ուժային կառույցների կողմից սպանվելու հեռանկարից, իրենց կյանքը դնում են ազգի փրկության զոհասեղանին եւ հեռացնում են Փաշինյանին՝ փրկելով երկիրը, թույլ չտալով, որ նա Հայաստանը մաս-մաս կամ ամբողջապես հանձնի Ադրբեջանին եւ Թուրքիային: Առաջին հայացքից շատ գայթակղիչ, հերոսական սցենար է թվում: Բոլորս ուզում ենք փրկվել, ու թվում է, թե երբ բոլոր միջոցները սպառված են՝ երբ քաղաքական տարբերակները չեն աշխատում, արդարացված է փրկության ցանկացած միջոց: Բայց պատմության եւ մեր ժողովրդի փորձը ցույց է տալիս, որ բոլոր նման փրկիչները, ի վերջո, վերածվում են հրեշների, եւ նոր փրկիչը ժողովրդին հրեշից փրկելու դիմաց շատ ավելի մեծ գին է պահանջում, քան մինչ այդ պահանջում էր հրեշը: Քանի դեռ հասարակությունը հավաքական գիտակցությամբ եւ կամքով չի կազմակերպել իր փրկության գործը, անհատական փրկիչները միշտ վերածվելու են նոր նիկոլփաշինյանների՝ մի քիչ լավ կամ մի քիչ ավելի վատ:

Ավետիս Բաբաջանյան