ԶՊՄԿ-ի արտադրությունն ամբողջ ծավալով գործում է

ԶՊՄԿ-ի արտադրությունն ամբողջ ծավալով գործում է

«Հրապարակի» զրուցակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն է։

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն 2023 թվականի առաջին եռամսյակի դրությամբ շատ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Դրա հետ կապված՝ մի քանի գործոն կա։ Ընդհանուր առմամբ, լավ վերլուծություն կա, եւ այնպես չէ, որ զիջում է նախորդ տարվան։ Սա ցիկլիկ բիզնես է, եւ եռամսյակից եռամսյակ կարող են տարբեր լինել, այսօր հիշատակվեց ջրի խնդիրը, որն արդեն լուծվել է․․․․, դա արտադրություն է, տեսնենք, թե եզրափակիչ տարին ինչպես է, մի եռամսյակում կարող է ավել լինել, մի եռամսյակում՝ պակաս, տեխնիկական խնդիրներ, իհարկե, եղել են, որոնք նպաստել են այդ հարցին, բայց նորից եմ ասում, որ եթե այդ վերլուծությունը կարդաք, ապա կտեսնեք, որ միանշանակ չէ, որ պակաս է վճարվել։ Հիմնական խնդիրներից է նաեւ դոլարի արժեզրկումը, թե ինչպես է ազդում ընդհանուր ոլորտի վրա, դա էլ՝ իր հերթին։

- Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ ԶՊՄԿ-ն 2022 թվականին ավելի շատ հարկ է վճարել, քան 2012-2017 թվականներին։ Ինչո՞վ է սա պայմանավորված, այդ գումարները թալանվե՞լ են։

- Թույլ տվեք այդ երկրորդ հարցին ես չանդրադառնամ։ Իհարկե, շատ գործոններ կան, որոնք նպաստել են նման լավ ցուցանիշների, դա պղնձի կամ ընդհանրապես մետաղների միջազգային գների բարձրացումն է, օրենսդրական դաշտն է եւ մի շարք այլ գործոններ, որոնք բերել են դրան։

- Նկատի ունեմ՝ օբյեկտի՞վ էր այն ժամանակ քիչ հարկ վճարելը։

- Թույլ տվեք չմեկնաբանել։

- Ներկայումս ի՞նչ ծավալով է աշխատում կոմբինատը, Սյունիքում ստեղծված իրավիճակը, սահմանային լարվածությունն ինչպե՞ս են անդրադառնում կոմբինատի աշխատանքների վրա։

- Ստեղծված իրավիճակը ԶՊՄԿ աշխատանքների վրա որեւէ կերպ չի անդրադառնում, նույնիսկ անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ սերտ համագործակցություն կար պատկան մարմինների հետ, քանի որ կային մարդիկ, որոնք պետք է մասնակցեին այդ գործողություններին։ Արտադրությունը դրանից որեւէ կերպ չտուժեց, եւ մարդիկ պատասխանատու կերպով գալիս էին աշխատանքի, ըստ պատշաճի կատարում էին իրենց աշխատանքը։ Հիմա արտադրությունն իր ամբողջ ծավալով թույլտվությունների սահմաններում գործում է։

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ ԶՊՄԿ-ի սեփականատերը կառավարությանը հանձնեց ընկերության 23.8 տոկոս փայաբաժինը, սա կարծես թե սոցիալիստական մոտեցում է, իսկ մենք կապիտալիստական հասարակարգում ենք ապրում։ Ե՞րբ եկավ այն պահը, երբ ընկերությունը որոշեց իր բաժնեմասերը նվիրել կառավարությանը։

- Այդ հարցի պատասխանը շատ է հնչել, չեմ ուզում կրկնվել։

- Դա ԶՊՄԿ-ի աշխատանքներին օգնո՞ւմ է, դրակա՞ն է անդրադառնում։

- Իմ անձնական կարծիքով՝ չի անդրադառնում մեր ամենօրյա աշխատանքի վրա։