«Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն հանդիպում են նախատեսել

«Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն հանդիպում են նախատեսել

Այսօր ժամը 14:00-ին նախատեսվում է «Բալասանյան» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը, որի ընթացքում երկու կուսակցությունների միջև մի շարք պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Տեղեկությունը մեզ փոխանցեց  «Բալասանյան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Դաշինքի ներկայացուցիչների հետ մեզ կապվել չհաջողվեց: Ըստ տեղեկությունների, թեև քաղաքապետի պաշտոնին կնշանակվի «Բալասանյան» դաշինքի առաջին համարը, այնուամենայնիվ,  հանդիպման նպատակը  հուշագիր ստորագրելն է, որոշ զիջումների գնալը՝ առանցքային մի շարք պաշտոններ, այդ թվում՝ փոխքաղաքապետերի՝ ՔՊ-ին զիջելը:

Խոսակցությունների համաձայն՝ «Բալասանյան» դաշինքն այս քայլին գնում է որոշ հանգամանքներից դրդված․ նրանց թիմակիցներից ու մտերիմներից ոմանք այս օրերին հայտնվել են ԱԱԾ-ում, նոր գործեր են հարուցվել, եւ իրավիճակը մեղմելու միակ ելքը իշխող կուսակցության հետ կոմպրոմիսի գնալն է:

Մենք արդեն իսկ գրել էինք, որ երկրորդ փոխքաղաքապետ հնարավոր է՝ նշանակվի ՔՊ-ական Արթուր Պապիկյանը՝ փոխվարչապետ Պապիկյանի ազգականը:

Հիշեցնենք, որ Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի մեկին է: