Ապացույց պահանջեք

Ապացույց պահանջեք

Ի՞նչ է պահանջում ժողովուրդն իշխանությունից. իրականում շատ քիչ բան: Երկիրը չտանել ցնցումների, ռիսկերի, չսադրել ու չվտանգել մեր պետությունը, կարողանալ տարբերակել թշնամիներին ու բարեկամներին: Եվ դրա արդյունքում այնպես անել, որ շարքային հայ մարդը հանգիստ աշխատի, ապրի` առանց մեծ քաղաքականության մեջ մխրճվելու, առանց վաղվա օրվա հանդեպ տագնապի: Վատ է, երբ սովորական քաղաքացին օրվա հոգսը հոգալու փոխարեն սկսում է մտածել իր ընտրած իշխանությունների փոխարեն եւ լարված սպասում է, թե վերջինս ինչ հերթական ավատյուրան է ձեռնարկելու, ինչ անհեթեթ ու կործանարար որոշում է կայացնելու: Նա դեմ չէ` եթե մեր պետության շահը մեզ ստիպում է, որ հրաժարվենք Ռուսաստանի հետ դարավոր դաշնակցությունից եւ գնանք դեպի Եվրոպա, ուրեմն գնանք: Բայց դա չպետք է լինի հերթական ավանտյուրան, ոչնչով չերաշխավորված քայլը, որը կարող է կործանել մեր երերացող «նավը»` այն վերջնականապես խորտակելով:

Գնացեք ցանկացած գյուղ, հարցրեք գյուղամիջում նստած տարեց մարդկանց, եւ նրանք ձեզ կասեն` ինչպես կողմնորոշվեք: Օրինակ, կասեն` եթե Եվրոպան գրկաբաց մեզ հրավիրում է եւ ամեն ինչ անում է, որ մենք Ռուսաստանից երես թեքենք ու գնանք իր գիրկը, թող ապացուցի, որ ի վիճակի է ապահովել մեր անվտանգությունը. նախ թող սաստի լկտիացած Ադրբեջանին, ստիպի հրաժարվել սպառնալից հայտարարություններից, պահանջատիրությունից, ազատ արձակի մեր գերիներին, հետ քաշի զորքը հայկական հողից: Եթե մի փոքրիկ Ադրբեջանի հարցը չի կարողանում այդ Եվրոպան լուծել, ինչպե՞ս է լուծելու Հայաստանի դավաճանությունից կատաղած Ռուսաստանի հարցերը: Եվ եթե խաղաղության պայմանագիրը միայն մեր շահերից չի բխում, այլ նաեւ Ադրբեջանի, ինչո՞ւ է ագրեսորը շարունակում սպառնալիքի լեզվով խոսել մեզ հետ: