Փոքր ուղեղով գլոբալ վերլուծություններ են անում եւ ազգային «կաղապարներ կոտրում»

Փոքր ուղեղով գլոբալ վերլուծություններ են անում եւ ազգային «կաղապարներ կոտրում»

Վարչապետն ու իր կինը որոշել են, մի կողմից, վերադաստիարակել հայ ժողովրդին, մյուս կողմից՝ փոխել դարերով արմատացած ավանդույթներն ու արժեքները եւ հարմարեցնել իրենց եւ իրենց պլաններին։ Մե՛կ մեր ազգի «հայրենասիրության մոդելը» նրանց դուր չի գալիս, մե՛կ մենք ոչ թե հայրենասեր ենք, այլ հայրենիքի հանդեպ մեր սերն ընդամենը «երկար մի նվնվոց է»։ Պարզվում է՝ մեր կանայք էլ դժբախտ են, որովհետեւ «մեզ սովորեցրել են, որ երջանկությունը միայն անառակների բանն է»։ Մենք ո՛չ մեր ունեցած Արագածն ենք սիրում, ո՛չ մեր թագավորների արձաններն ենք կանգնեցնում, այլ դնում ենք Նեմեսիսի արձաններ, որոնք վնասում են մեր պետական շահին, իսկ մեր պետական շահն այսօր Թուրքիայի հետ անվերապահ բարեկամությունն է եւ Ադրբեջանից ու Թուրքիայից տարածքային նկրտումներից իսպառ եւ բոլոր հաջորդ հարյուրամյակների համար ձեռնպահ մնալը։
Բարդ, շատ բարդ դեր են ստանձնել տեր եւ տիկին Փաշինյանները՝ կոտրել հայի ոգին, ջնջել հիշողությունը, նոր՝ կոսմոպոլիտ ավանդույթներ սերմանել եւ զրկել ազգային արժանապատվության զգացումից, ինչն իրենք թերեւս կոչում են «կաղապարներից» ազգի ազատագրում։

Հավանաբար, հենց կաղապարներից ազատագրելու համար էլ տիկին Հակոբյանը որոշել է կոտրել նաեւ արարողակարգային, էթիկական բոլոր ընդունված նորմերը։ Օրինակ, պաշտոնական այցով մեկնելիս կառավարական ինքնաթիռից իջնում է ջինսե տաբատով եւ ճտքավոր կոշիկներով՝ ինքնավստահ ժպիտը դեմքին, եւ շոկ առաջացնում ե՛ւ իրենց ընդունողների, ե՛ւ այդ կադրերը դիտողների շրջանում։ Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ իրենց կառավարման առաջին տարին արարողակարգի ծառայության ղեկավարը խնդրել-հորդորել է՝ իրավիճակին պատշաճ հագուստով իջնել ինքնաթիռից, որին ոչ միայն չեն լսել, այլեւ կարճ ժամանակ անց ազատել են աշխատանքից։ Ոչ մեկն իրավունք չունի իջեւանյան ամուսիններին ասելու, թե ինչ հագնեն, ինչպես իրենց պահեն, ինչ խոսեն, ում հետ հանդիպեն, ում հետ նկարվեն եւ այլն։ Նրանք որոշել են «կաղապարներ կոտրել»։

Թերեւս հենց այդ՝ կաղապարները կոտրելու շրջանակներում էլ պատերազմի օրերին տիկին Հակոբյանը հայտնվել էր արցախյան պատերազմը կառավարող հրամանատարակետում՝ բունկերում, որտեղ նրա ներկայությունից շփոթահար զինվորականներին հրահանգներ էր տվել եւ ամուսնուն ինֆորմացիա փոխանցել։ Իսկ երբ Մովսես Հակոբյանը նրբորեն հորդորել էր վերադառնալ Երեւան, Երեւան էին վերադարձրել նման «հանդգնություն» դրսեւորած գեներալին։
Սակայն բունկերում անցկացրած ժամանակը երեւի անհետեւանք չի անցել վարչապետի կնոջ համար, եւ նա, որպես «հմուտ զինվորական», որոշել է, որ արդեն կարող է նաեւ պաշտպանական խնդիրների շուրջ պաշտոնական հանդիպումներ ունենալ, եւ երեկ Պրահայում հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարի հետ։ Չգիտեմ, թե աշխարհի որ երկրի նախագահի կամ վարչապետի կինն է նման հանդիպումներ ունենում պետության անունից, չունենալով ոչ մի կարգավիճակ, բացի պետության դեմքի հետ ամուսնական հարաբերություններ ունենալուց, բայց այս հանդիպման փաստն էլ ոմանց շոկի մեջ գցեց՝ ինչպես ջինսե տաբատը։ Վստահ եմ, սա էլ է կաղապարներ կոտրելու գծի շրջանակներում։

Այսօր Հայաստանը կառավարող զույգին թվում է, թե 2018-ի իրադարձությունները հավերժ քարտ-բլանշ են իրենց համար, եւ իրենք կարող են մարդկային ընդունված փոխհարաբերությունների, ավանդույթների, պատկերացումների դեմ գնալ։ Իրենց ռեյտինգն այնքան բարձր է, եւ իրենք այնքան գիտելիք ու խելք ունեն, որ կարող են հայ ազգին դաստիարակել, վերափոխել, կոտրել, տանել իրենց ուզած ուղղությամբ։ Կարող են դեմ գնալ էթիկայի ու արարողակարգի պարզ կանոններին։ Իրենց փոքր մտահորիզոնով գլոբալ վերլուծություններ անել, կարծիք հայտնել, եւ քծնողների ու իշխանական կերակրատաշտից սնվողների կակաֆոնիան էլ լեգիտիմացնի իրենց այդ գռեհիկ, վայրի պահվածքը։

Արեգ Մարգարյան