Քրեական հոդվածների «փունջ» ՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդու դեմ․ նա մեղադրանքը չի ընդունում

Քրեական հոդվածների «փունջ» ՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդու դեմ․ նա մեղադրանքը չի ընդունում

Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդուն,  Արշալույս համայնքի մերժված համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու որոշումը  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալը քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ․ «Քրեական գործ է քննվում, տարբեր քրեական գործեր են, միացրել են մեկ վարույթում են քննում։ Ես տեղյակ եմ, բայց  նախաքննություն գաղտնիքից ելնելով չեմ կարող հրապարակել՝ ինչ գործ է։ Դա վերաբերվում է  Զարզանդ Գրիգորյանին, որոշակի գործողություններ կատարելու համար, որոնց վաղեմության ժամկետը ընկնում է 1996 թվականից մինչեւ 2000 թվականի գարունը ընկած ժամանակահատվածը։ Մի քանի դրվագներով արարքների համար, եկեք այդ արանքների մասին ես չխոսեմ, չբարձրաձայնեմ, թող քննչական կոմիտեն բարձրաձայնի»։

Ըստ պաշտպանի՝ Զարզանդ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ «Իրեն մեղսագրվող արարքի մեջ ինքը անմեղ է, եւ դա էլ քննությամբ կհիմնավորվի։ Թվով 5 արարք է մեղսագրվել նրան։ Մասնակիորեն քննչական գործողություններ կատարվել են, չեմ կարող ասել ՝ ում հետ են առերեսումներ տեղի ունեցել, այսինքն՝ որոշ առերեսումներ կատարվել են, որոշ առերեսումներ դեռ պետք է կատարվեն։ Նման պահանջ դրել է պաշտպանական կողմը»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Գրիգորյանին առաջարկել են պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել՝ գործը փակելու դիմաց, պաշտպանը նշեց՝ պաշտոնապես նման առաջարկ չի եղել․ «Իսկ ոչ պաշտոնապես լրատվության միջոցները դուք էլ եք կարդում, ես էլ եմ կարդում։ Հիմա ամեն գրածի մենք հո չենք հավատում, ականջալուր չենք լինում։ Պաշտոնապես նման առաջարկ չի եղել, եղել ա մի քանի արշալույսցիների պահանջը հրաժարականի վերաբերյալ։ Հրաժարական չի ներկայացրել եւ չի էլ պատրաստվում ներկայացնել»։

Սարգսյանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին․ «Եղել է ստորագրություն, այնուհետեւ մեղադրանքը փոփոխվել է, դատարանն էլ մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, քանի որ հիմնավոր կասկածը բացակայել է։ Երեկ դատարանը քննել եւ մերժել է՝ նկատի ունենալով, որ հիմնավոր կասկածը բացակայում է, նաեւ կալանավորման հիմքերը»։

Պաշտպանը ընդգծեց, որ այս գործը որեւէ կապ չունի Մանվել Գրիգորյանի գործի հետ։

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Հրապարակին» փոխանցեց, որ Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ խուլիգանական դրդումներով), 182-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 182 -րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով (շորթում՝ կազմակերպված խմբի կողմից), 131-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 2, 3, և 7-րդ կետով (մարդուն առեւանգել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ շահադիտական դրդումներով), 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով (շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ 308-րդ հոդվածի 1-ին  մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ մի խումբ արշալույսցիներ բողոքի ակցիաներ էին ունենում՝ պահանջով Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։