Քաղտեխնոլոգն ո՞վ է

Քաղտեխնոլոգն ո՞վ է

Անցած կիրակի Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարն առաջնորդ է վերընտրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ նրան առաջադրել նախագահի թեկնածու: Իրողությունը, բնականաբար, մամուլի եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Հատկաապես կարեւորվում է Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունը չունի Արցախի հարցում որեւէ դավադիր նպատակ, դավադիր են նրանք, որ Հայաստանի իշխանությանը մեղադրում են, հարուցում կասկածներ, փորձում մոլորեցնել հանրությանը: Ընդգծելով դա, լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը ենթադրել է, որ ակնարկը վերաբերում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Ինչ խոսք, մեկնաբանը նման տպավորություն կարող էր ստանալ: Արտառոցը, կարելի է նույնիսկ անվարան ասել՝ վտանգավորը նրա ամփոփումն է. «…Հարությունյան-Բալասանյան ուրվագծվող դիմակայությունը կարող է եւս ունենալ օգտակար նշանակություն, իր վրա վերցնելով այսպես ասած բոլոր հնարավոր ծայրահեղությունները եւ ընտրական գործըթացում տեղ ազատելով քաղաքական իրապես արդիական ու հեռանկարային բովանդակության համար»:

Ըստ այդմ, հասկացվում է, որ գործ ունենք որոշակի շրջանակներում մշակվող եւ տեղեկատվական տիրույթ արտանետվող քաղտեխնոլոգիական  նախագծման հետ, որը հետապնդում է Հարությունյան-Բալասանյան կոշտ դիմակայություն սադրելու մի սցենար, որը եթե իրականացվի, ապա նախագահի երկու թեկնածուները քարոզարշավից դեռ շատ առաջ «կսպառեն» իրենց հնարավորությունները, եւ առկա վակուումը կլցնի մի երրորդը: Քաջ հայտնի է, թե հիշյալ լրատվամիջոցի եւ էլի մի-երկուսի պատկերացմամբ Արցախում ով է «քաղաքական իրապես արդիական ու հեռանկարային» օրակարգ առաջարկում:  Նրանց ֆավորիտն Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն է: Այս դեպքում դեռեւս հարկ չենք համարում ծավալվելու, թե իրականությանը որքանով է մոտ քարոզչորեն ստեղծված այդ «ռեֆորմատորական» կերպարը:

Խնդիրն այն է, թե ինչու՞ են նույն շրջանակները ձգտում իրենց ընտրյալի համար ճանապարհ հարթել նրա մրցակիցներին «ոչնչացնելու» անշնորհակալ քարոզչությամբ: Իսկ այս դեպքում ավելի վատթարն է կանխատեսվում՝ Հարությունյան-Բալասանյան բախում: Եթե դա զուտ լրագրողի կամ մեկնաբանի տեսլական է՝ կարելի է նրան խորհուրդ տալ, որ ներարցախյան լարվածություն սադրելու փորձից հեռու մնա եւ շարունակի «լավաշ» վերլուծություններ անել այլ թեմաներով: Իսկ եթե նա միայն խոսափող է, որ իրացնում է քաղտեխնոլոգիական որոշակի շրջանակի պատվերը, որն էլ իր հերթին կարող է քաղաքական մեկենաս ունենալ, ապա հարց է առաջանում՝ ու՞մ է դա ձեռնտու Հայաստանում եւ Արցախում: Կարծես թե՝ ոչ ոքի: Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրությունները «սոդոմ-գոմորի» վերածելու նախագիծ արտաքին ինչ-որ խաղացող է մշակել: Ո՞վ է նա: