Ազգայինը կեղծ կատեգորիա չէ, այլ օդի, թթվածնի պես մի բան

Ազգայինը կեղծ կատեգորիա չէ, այլ օդի, թթվածնի պես մի բան

Էս ինչո՞ւ ենք աշխարհին զարմացնելու մոլուցքով տառապում։ Ինձ միշտ թվացել է, որ գրեթե ամեն ինչում` արվեստ, մշակույթ, կենցաղ, նիստուկաց, վարքուբարք, ընտանիք, հասարակություն, եւ բազմաթիվ մեծ ու փոքր այլ հարցերում էս վերջին տարիներին աշխարհին ցույց տալու, զարմացնելու բարդույթով ենք տառապում։

Մեկ-մեկ այնպես է ստացվում, որ ոչ թե մեզ համար ենք ապրում, այլ՝ աշխարհի։ Միայն թե սրան-նրան ապացուցենք, որ էդ մենք ենք: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ենք անպայման զարմացնելու, շլացուցիչ տպավորություն թողնելու մարմաջով տառապում։ Եվ ինչո՞ւ ենք այդ ամենը երիտասարդությանը ներարկում։

Մի ոչ փոքր ղեկավար ջահելներին աշխարհից հետ չմնալու կոչ հնչեցրեց. «Բա ոնց, ազատություն է, հո աշխարհից հետ չե՞նք մնալու…»: Մեկն էլ, թե՝ ազգայինը արվեստում պրոֆեսիոնալիզմն է: Չէ, չեղավ, միայն պրոֆեսիոնալիզմով առաջնորդվելով՝ դիմագիծդ ու նկարագիրդ չես պահի։ Իսկ ոգեղե՞նը, հոգեկերտվա՞ծքը: Աշխարհում այնքա՜ն պրոֆեսիոնալ այլանդակություններ կան։

Պրոֆեսիոնալն առանց ոգեղենի զրոյից էլ ցածր է։

Աշխարհի համար ո՛չ աբստրակցիոնիզմը, ո՛չ ավանգարդիզմը նոր բան չէ։ Իսկ կուրորեն կապկելն էլ ոչ թե արվեստ է, այլ՝ թամաշա: Հասկացանք․ եթե էդ հետ չմնալն արդի տեխնիկայի, գիտության զարգացմանն են միտվում, իհարկե, պիտի հետ չմնալ։ Իսկ եթե վարքուբարքին, երիտասարդների ու երեխաների հոգեկերտվածքին, ո՞ւր ենք շտապեցնում: Առանց այն էլ դարն ինքնին տիեզերական ալեկոծություն մեջ է: Մեզանում ներաշխարհ խաթարողների պակաս չկա, էլ ինչո՞ւ ենք կատալիզատորի դեր ստանձնում։

Այսքանից հետո թույլ տվեք ասել, որ ազգայինը կեղծ կատեգորիա չէ։ Խորհրդային տարիներին չկար մի կոշկակարի բուդկա, ուր արտասահմանյան ամսագրեր, չալպուտուրիկ ծամոնների, դերասան-դերասանուհիների կիսամերկ նկարներ կպցրած չլինեին: Հիմա ինձ թվում է, որ մենք հենց էդ բուդկայանման արվեստն ենք խրախուսում։ Անընդհատ մտմտում ենք, եթե այս անենք՝ աշխարհն ի՞նչ կասի, եթե սա նկարենք՝ Օսկար պապիկն ինչպե՞ս կվերաբերվի: Արի՝ մի աշխարհին զարմանաք պատճառենք, Հռոմի պապն էլ թող իմանա, որ նոր հայերս իրենից ավելի կաթոլիկ ենք։
Մեծ հաշվով, աշխարհի հեչ պետքն էլ չէ, թե մենք ոնց ենք ապրում՝ հեղափոխակա՞ն ենք, թե՞ հակահեղափոխական, առաքելակա՞ն ենք, թե՞ կաթոլիկ, հոգեւորակա՞ն ենք, թե՞ աշխարհիկ։ Ի վերջո, համաշխարհային ազգ դառնալու տենդենցը մեզանում նոր չէ։ Հիմքը վաղուց է գցված։
 Էս 30 տարում մոտ 4 միլիոնանոց Հայաստան երկրից 1,5 միլիոն հայությունն աշխարհով մեկ ցիրուցան եղավ։ Տատս կասեր՝ լեզուս չորանա. մի եղեռն էլ սա էր՝ ի՞նչ տարբերություն։ Ես չէ, որ պիտի ասեմ, թե որ դարից է սերվում մեր ժողովրդի ինքնությունը, եւ այդ հազարամյակների ընթացքում ինչքա՜ն ազգեր ու ժողովուրդներ անհետացան: Սա սնապարծություն չէ, այլ՝ պատմական փաստ։ Հիմա ամեն մի նորելուկ, ցուցափայտը ձեռքն առած, ազգի ու ազգայինի շուրջ դասեր է տալիս։ Ու հարցնող էլ չկա, թե եվրոպաների էդ կեղտաջուրն ինչու ենք մեր երկիր ներկրում։ Դեռ մի բան էլ խրախուսում՝ աշխարհից հետ չմնանք:

Օվկիանոսից էն կողմում մի ընկեր ունեմ: ԱՄՆ-ից եկել էր, զրույցի ժամանակ ասաց, որ ինչքան ուզում ես կռիվ տուր, միեւնույն է՝ էս գլոբալիզացիայի ձեռքից պրծում չունես։ Ասացի՝ դու որ Ատլանտյան օվկիանոսի վրայով Հայաստան ես գալիս, երբ վերեւից ինքնաթիռի իլյումինատորից նայում ես, կղզիներ չկա՞ն: Ասաց. «Էնքա՜ն գեղեցիկ կղզիներ կան»: Ասացի՝ էս գլոբալիզացիայի օվկիանոսում էլ Հայաստան աշխարհը թող էդ գեղեցիկ կղզիներից մեկը դառնա: Թող աշխարհից հետ մնանք, մի նոր ցունամիից էս անգամ թող խուսափենք, ի՞նչ է եղել որ: Թե՞ աշխարհի խնդիրները լուծելու առաջատարը հայերս պիտի լինենք: Լուսահոգի գրողի խոսքով ասած՝ «Ոչ թե գազոնի փայ դառնանք, այլ անտառ մնանք»: Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր մեծերը, որ հրաշքով վերակենդանային, չէի՞ն ասի՝ էս ի՞նչ եք անում, տղերք…

Մեր օրերում աշխարհին ոչ թե պետք է զարմացնել, այլ պարզապես ապրել է պետք… մեզ համար, այլ ոչ թե ուրիշի։ Այնպես որ, ազգայինը ոչ թե կեղծ կատեգորիա է, այլ օդի, թթվածնի պես մի բան։


Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ