Սկզբում մեզ վերապահումներով դիմավորեցին, ասացին` հո չե՞ք եկել մեզ Երևան կանչելու

Սկզբում մեզ վերապահումներով դիմավորեցին, ասացին` հո չե՞ք եկել մեզ Երևան կանչելու

Չնայած ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ակնհայտ կեղծիքին, թե Ոսկեպարը դատարկվել է, ոսկեպարցիները լքել են իրենց հայրենի հողը, Տավուշում գտնվող Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ժամեր առաջ ինքը, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ու էլի ուրիշներ նոր են վերադառնում Ոսկեպարից` նման բան չկա: 

Դիլբարյանն ասաց, որ ոսկեպարցիների վճռականությունն իրենց պարզապես ապշեցրել է. «Քիչ առաջ ենք շարժվել Ոսկեպարից: Ողջ Ոսկեպարը, տեսնելով մեզ, ասաց, որ ոչ մի տեղ չի գնալու, երբեք չի լքելու իր հողը, ասեմ ավելին` զայրույթ կար երևանցիների հանդեպ, ասացին, որ պայքարելու ենք, կռվելու ենք, հարկ եղած դեպքում մեռնելու ենք և մեր երեխաների հետ միասին թույլ չենք տալու թուրքին մտնել մեր գյուղ: Բառացի մեջբերում եմ անում: Մարդիկ մեզ հետ զրույցում նշեցին, որ Նիկոլ Փաշինյանին էլ են այդ մասին ասել, Փաշինյանն էլ իրենց ասել է, որ հինգ հոգուց բաղկացած խմբով կգնան, ադրբեջանական կողմի հետ բանակցելու: Ոսկեպարն ասում է` կես քայլ անգամ հետ չենք շարժվելու: Որևէ մեկը չկար այնտեղ, որ ասեր` գնալու է գյուղից: Ես հիացած եմ պարզապես այս մարդկանցով: Բացառիկ հայրենասեր մարդիկ են: Սկզբում անգամ մեզ որոշ վերապահումներով դիմավորեցին, ասացին` հո չե՞ք եկել մեզ Երևան կանչելու: Մարդիկ պնդում են, որ Ոսկեպարը ողջ Հայաստանն է, ոչ մի խուճապ չկար, միայն ամրություն, մենք պարզապես հիացած ենք: Մարդիկ պատրաստ են մինչև վերջին կռվել: Ոմանք էլ նշում էին, որ Նիկոլ են ընտրել ու խաբվել են», - նշեց Դիլբարյանը: