Ռուսաստանն այս պատերազմում մեզ չի դավաճանել

Ռուսաստանն այս պատերազմում մեզ չի դավաճանել

«Ռուսաստանն այս պատերազմում դավաճանեց մեզ». այս միտքն է անընդհատ շրջանառվում սոցցանցերում ու կայքերում ոմանց կողմից ու հավաքում բազմաթիվ  հավանումներ (լայքեր) ու մեկնաբանություններ: Եվ հիմնական կռվանը մոտավորապես ունի այսպիսի տեսք. «100 տարի առաջ բոլշևիկները թուրքին ծախեցին Հայաստանը, հիմա էլ նույնն արեց Պուտինը»:

Ակնհայտ է, որ դա ոչ թե հիմնավորում է, այլ փորձ է կատարվում համանմանության հիմքով ապացուցել անցյալ տարվա պատերազմի ընթացքը 100 տարի առաջ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Ասվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձնական հակակրանքի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չզսպեց թուրքերին կամ օգնություն չտրամադրեց Հայաստանին կամ էլ երկուսը միասին: 
Փորձենք սեղմ ձևով ներկայացնել այսօրվա և 100 տարի առաջվա իրադարձությունները, դրանց նմանություններն ու տարբերությունները: Ամենահիմնական նմանությունը Ռուսաստանը չընդունելու և հույսը Արևմուտքի վրա դնելու՝ դաշնակցության և Փաշինյանի մտայնությունն է: 100 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանից անջատ չպատկերացնող դաշնակցության կողմից իրականության չընկալման պատճառը գաղափարախոսական էր՝ ազգային սոցիալիստ-հեղափոխականնները չընդունեցին բոլշևիկյան Ռուսաստանը: Միաժամանակ, իրականությունն ադեկվատ ընկալելուն խանգարեցին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ու Սևրի պայմանագրի նկատմամբ ակնկալիքները: Մեր օրերում նույն դերակատարումն ունեցան «Թավշյա» կամ «Ոչ բռնի, խաղաղ հեղափոխության» շնորհիվ Փաշինյան Նիկոլի՝ 2018-ի մայիսին վարչապետ կարգվելն ու սպասելիքները Արևմուտքից:

Եվ այսպես, 1918 թ.-ին իր կամքից անկախ անկախություն ձեռք բերած Հայաստանի ղեկավարությունը՝ դաշնակցական կառավարությունը հետագա 1-2 տարում փոխանակ լեզու գտներ բոլշևիկյան կառավարության հետ՝ պաշտոնական կապեր հաստատեց Ռուսաստանում ծավալված քաղաքացիական պատերազմի մյուս կողմի՝ Սպիտակ շարժման ներկայացուցիչների հետ: Սյնուհետև ոգևորվելով վերը նշված՝ իրավարար վճռի ու Սևրի պայմանագրի գործոններով՝ չընդառաջեց փոխհարաբերությունների հաստատման վերաբերյալ բոլշևիկների առաջարկներին, և Սովետական Ռուսաստանի ղեկավարության կողմից ընկալվեց որպես իմպերիալիստական Անտանտի կողմնակից: Դրան գումարվեց 1920 թ.-ի բոլշևիկների մայիսմեկյան ապստամբությունը (կամ խռովությունը՝ նայած թե որ տեսակետից է այն դիտարկվում) ճնշելը, և մեր երկիրը վերածվեց  Ռուսաստանի թշնամու: Դրանից օգտվեց ռուսական ռազմական և ֆինանսական օգնություն շնորհիվ Թուրքիայում արդեն ոտքի կանգնող քեմալական շարժումը և 1920 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին պարտության մատնեց Հայաստանին:

Ի դեպ, քեմալականներին ռուսական օգնությունն ընդդեմ Անտանտի էր և ոչ թե հատկապես Հայաստանի: Ուրիշ հարց, որ այդ զենքն ուղղվեց նաև ընդդեմ Հայաստանի, բայց ինչպես ասվեց, մայիսմեկյան ապստամբությունը ճնշելուց հետո ՀՀ կառավարությունը որևէ պատրանք անգամ չէր կարող ունենալ Ռուսաստանի առումով: Այնպես, որ 100 տարի առաջ չկողմնորոշվելով բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ՝ դաշնակցությունը երկիրը հանձնեց և՛ քեմալականներին, և՛ բոլշևիկներին: Ի դեպ, 1921-ին Քեմալը պարտության մատնեց նաև հույներին, որ մինչ այդ կարողացել էին թուրքերից զգալի տարածքներ ազատագրել սևծովյա հարավային ափին:

Վերադառնանք մեր օրերը. «Թավշյա» կամ «Ոչ բռնի, խաղաղ հեղափոխություն» կոչվածը Ռուսաստանի աչքում ճիշտ այնպիսի գունավոր հեղափոխություն էր, ինչպիսիք տեղի էին ունեցել Վրաստանում և Ուկրաինայում: Իսկ գունավոր հեղափոխությունն այն կարմիր լաթն է, որ հունից հանում է ՌԴ ղեկավարությանը, և դա բնական է, քանի որ գունավոր հեղափոխությունն ու ժողովրդավարությունը նույնատիպ երևույթներ են ընդհանրապես ու հատկապես այդպիսիք են ռուսական էլիտայի տեսանկյունից:  Եվ դա էլ է բնական, քանի որ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի օրոք ժողովրդավարության ձևավորման փորձը քիչ մնաց կործաներ ռուսական կայսրությունը: Կայսերապաշտ մտածողություն ունեցող ռուսները իրենց մաշկի վրա զգացին  ժողովրդավարության բացասական հետևանքները ՌԴ տարածքային ամբողջականության առումով: Եվ բնական է, որ դրանից հետո ՌԴ նախագահն ամեն ինչ անելու էր, որպեսզի իր երկրի սահմաններից հնարավորինս հեռացներ ամեն տեսակի և գույնի որևէ հեղափոխություն: Եվ այդ պայմաններում մեր երկրում իշխանության է գալիս Փաշինյան Նիկոլը, որը դրանից կես տարի առաջ Ազգային Ժողովում խորհրդարանական լսումներ էր կազմակերպում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու թեմայով: Որը իշխանություն ստանալուց հետո անթաքույց դրական վերաբերմունք էր ցույց տալիս Արևմուտքի ուղղությամբ ու խնդիրներ ստեղծում թե՛ Ռուսաստանի (ՀԱՊԿ ԳՔ Յու. Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործը) և թե՛ նրա ղեկավարի համար (վերհիշենք Ռ.Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և նրա նկատմամբ Վլ. Պուտինի վերաբերմունքն արհամարհած ունենալը կամ Պուտինին ուղղված՝ «թող հարմարվեն մեր երկրում կատարված փոփոխություններին» փաշինյանական ուղերձը): Ասվածը ցույց է տալիս, որ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում մեր երկրի ղեկավարությունը փորձեց ոչ թե ավելացնել մեր երկրի բարեկամների թիվը, այլ բարեկամներին դարձրեց թշնամիներ:

Ի դեպ, նույն ձևով մեզանից հեռացրեց իրանցիներին (Իսրայելում դեսպանատուն բացելով) ու չինացիներին (հակաչինական ամերիկյան կրոնական ծրագրին միանալով)՝ դրա տեղը չստանալով բացարձակ ոչինչ:

Խնդրի երկրորդ կողմը՝ մեր կողմից Ռուսաստանի չմասնակցելն էր պատերազմին: Այս հարցում միակ կռվանը զգացմունքներն են՝ եթե ռուսները մեր բարեկամն էին, ապա ինչու դավաճանեցին մեզ: Իրականում ՌԴ-ն Հայաստանի բարեկամը չէ, ՌԴ-ն ունի սեփական շահեր այս տարածաշրջանում և շարժվել է ըստ այդ շահերի: Եվ այդ շահերի դրսևորումն էր Ադրբեջանի ու նաև Թուրքիայի հետ կոնֆլիկտի չգնալը հանուն մի երկրի, որի ժողովրդի շնորհիվ «գահին բազմած» ղեկավարը արհամարհած (մեղմ ասած) ուներ Ռուսաստան էլ, նրա նախագահին էլ: Սակայն պատմականորեն ՌԴ-ի հետ մեզ կապում էր բազմաթիվ շահերի համընկնումը, և դրանցից ամենակարևորները՝ Ռուսաստանի կայսրության տարածքում, որ նա գրավել էր պարսիկներից, վերստեղծած հայոց պետականությունը և Սովետական Միության (նույնն է թե Ռուսաստանի) կազմում Սովետական Հայաստանի հզոր վերելքը:

Սակայն թե՛ պատմությունից և թե՛ աշխարհաքաղաքական իրադրությունից բան չհասկացող, մեր ազգի «փրկիչը կամ սրտի վարչապետը» չընկալեց այդ ամենը, ու փոխանակ օգտագործեր մեզ հետ ռուսական շահերի համընկնումը, ամեն ինչ արեց կոնֆլիկտի գնալու ուղղությամբ՝ հույսը դնելով Արևմուտքի վրա: Մեր դժբախտությունն այն է, որ մեր հասարակությունը, փողոց փակելով, իշխանության բերեց մեկին, որը երկիր ղեկավարելու բացարձակ պատրաստ չէր՝ չուներ ոչ միայն առանձին ոլորտի ղեկավարման փորձ, այլև զուրկ էր դրա համար անհրաժեշտ կարողություններից՝ դրան գումարած խառնվածքային և հոգեկան խնդիրներ: Եվ թե՛ իր արևմտյան կողմնորոշման և թե՛ անձնական խառնվածքի ու հոգեկերտվածքի առումներով պայմանավորված՝ Փաշինյան Նիկոլը երկիրը տարավ դեպի դաժան պարտության: Եվ հենց նույն հատկանիշներով պայմանավորված՝ չի լքում իշխանությունը նույնիսկ դաժան այդ պարտությունից հետո:

Ներկայացված և բազմաթիվ այլ գործոններն (ենթադրյալ դավաճանություն, անկազմակերպվածություն, բազմաթիվ սխալ որոշումների (Լելեթեփե բարձունքը գրավելու անհաջող ճակատագրական փորձը կամ կամավորականների ներառումը և այլն) ընդունում, Արցախյան առաջին ազատամարտի զորահրամանատարներին չեզոքացնելը, իր և նախկինների կողմից 5-րդ սերնդի սպառազինության կարևորությունը չգիտակցելը և այլն և այլն) են եղել մեր պարտության պատճառը, և ոչ թե ռուսների կողմից մեզ դավաճանելը:   

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ