Գող-գող քայլող վարչապետին չի փրկի վերընտրվելը

Գող-գող քայլող վարչապետին չի փրկի վերընտրվելը

Երկրի վարչապետն առանց տեղյակ պահելու, առանց օրակարգ մշակելու, անակնկալ մեկնում է Արարատի մարզ եւ նիստ գումարում մարզային կառավարության հետ: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետն այդպես է վարվել, որպեսզի տեղում տեսնի ու քննի իրականությունը բաց ու անսքող, որը չեն հասցրել սիրուն մատուցել` խութ ու խորշերը քողարկելով, ինչպես սովորաբար անում են, այսինքն` պատրաստվում են:

Այդպես կարող էր ընկալվել մինչեւ նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված զինադադարը` հասարակական ոգեւորություն ու համակրանք փոխանցելով վարչապետի օգտին: Իսկ հիմա նույն հասարակությունը, լինի փողոցում, աշխատավայրում, թե տանը նստած, մի բան է մտածում, որ Նիկոլը թաքուն եկավ, որպեսզի մարդիկ ճանապարհ չփակեն եւ չգոռան` հողատու կամ դավաճան, հեռացի՛ր: Ինչպես սովորաբար անում են վերջին երեք ամիսներին, երբ Նիկոլը սեփական երկրում տեղից տեղ է շարժվում. լինի այցը Սյունիք, Եռաբլուր, թե եկեղեցի: Այդպես մտածելու եւ քմծիծաղելու իրավունքն ունի ՀՀ քաղաքացին, որ գող-գող եկավ, գող-գող գնաց Նիկոլը: Եվ այդ իրավունքը, ցավոք, երկրի վարչապետն է տվել իր քաղաքացուն: Այլ կերպ մտածողներ էլ կան, թե լավ էլ արեց, բա թողներ, որ ճանապարհ փակեի՞ն: Երկու դեպքում էլ համաձայն են, որ ճանապարհ էր փակվելու: Արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ Հայաստանում Նիկոլի առաջ ճանապարհ են փակում:    

Իսկ առհասարակ, Նիկոլի օրը սկսվում է այն տխուր առավոտով, որին սովորաբար ասում են` թշնամուս չէի ցանկանա, կամ` գիշերը տեսած չար երազը կատարվեց: Սրանք սուր եւ բուռն տխրությամբ առավոտներ են: Ամեն օր տնից աշխատանքի է գնում մի խումբ ՀՀ քաղաքացիների ուղեկցությամբ, որոնք ճանապարհի երկու եզրերին կանգնած՝ «դավաճան, հեռացիր» են գոռում: Այդպես Ազգային ժողովի մուտքի մոտ դարձյալ մի խումբ ՀՀ քաղաքացիներ դիմավորում են իշխանական պատգամավորներին յուրաքանչյուր օր: Երկրից դուրս է գնում վարչապետը, տեղի հայությունը նույն տրամադրվածությամբ է դիմավորում, օրինակ, հունվարի 11-ին, Մոսկվայում: Աննա Հակոբյանը գնում է ԱՄՆ, նույնկերպ են նրան դիմավորում ամերիկահայերը, որովհետեւ ինքը Նիկոլի կինն է: Այդ տխրատեսիլ իրականությանն ականատես է մեր քաղաքացին, իշխող թիմի պատգամավորը, նախարարը, բանակի գեներալը, ոստիկանը, որի բանուգործը կարծես Նիկոլին ու իր թիմակիցներին հսկելն է: Տեսնում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ամերիկան, Եվրոպան, որ ՀՀ վարչապետը սեփական երկրում գող-գող է ման գալիս: Ինչպե՞ս կարող են նման վարչապետի հետ բանակցել, հաշվի նստել, ընդունել կամ չընդունել, պարզապես նկատել ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս: 

Այս անտանելի, սեւ ու ավեր բեռն ուսերին՝ Նիկոլը գնում է արտահերթ ընտրության, որպեսզի վերընտրվի կամ, ինչպես ասում են` վերարտադրվի  որպես վարչապետ: Որովհետեւ երկրում ճգնաժամ կա: Եվ Նիկոլն իշխանական բոլոր լծակներն օգտագործելու է, որպեսզի վերարտադրվի: Դրանից ճգնաժամը չի անցնելու, ավելի է խորանալու, անգամ եթե վերընտրվի: Անգամ հիսուն գումարած մեկ տոկոս ձայնով` մաքուր ու առանց կեղծիքի ընտրվելու դեպքում ճգնաժամը չի անցնելու, եւ երկիրը դառնալու է է՛լ ավելի պայթյունավտանգ, քան հիմա է: Ինչպես ներսում, այնպես էլ դրսում դարձյալ չեն ընդունելու, չեն նկատելու, որովհետեւ չի երեւալու ՀՀ վարչապետը` թեկուզ լեգիտիմ: Այդ դեպքում չի երեւալու նրան լեգիտիմացնող ժողովուրդը նաեւ: Սա պատերազմից առաջ եղած ճգնաժամը չէ, սա պարտված, հայրենիքի մասը կորցրածի ճգնաժամն է:

Հուսիկ Արա