Հերքեցեք, եթե կարող եք

Հերքեցեք, եթե կարող եք

Մարգարիտա Սիմոնյանին միացել է ամուսինը եւ խնդիրն ավելի սրել: Նա գրում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել, եւ Հայաստանի ապագան վտանգված է: Ամուսիններն, ընդ որում, խոսում են ռուսաստանաբնակ բոլոր հայերի անունից: Այդպես է, թե ոչ՝ դժվար է ասել: Բայց ահա ռուս պատմաբան-քաղաքագետ Օլեգ Կուզնեցովը բոլորովին այլ հայացքով է գնահատում Մարգարիտա Սիմոնյանին:

Նա ասում է, որ Ռուսաստանի նման երկրում պետական լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը չի կարող նման տեքստ հրապարակել՝ առանց այն համաձայնեցնելու նախագահի աշխատակազմում: Ստացվում է, որ Մարգարիտա Սիմոնյանին եւ ամուսնուն ոչ թե Հայաստանի, այլ իրենց անձնական ապագան է հուզում: Կմնա՞ տիկին Սիմոնյանն իր պաշտոնին, դիրքին: Ըստ երեւույթին, դա կախված է նրանից, թե ինչ հաջողությամբ նա կկատարի Կրեմլի հաջորդ պատվերը: Այդպես է ասում ռուսաստանցի Օլեգ Կուզնեցովը, որի գնահատմամբ՝ Կրեմլը խնդիր ունի հայերին բացատրելու, որ «փիղը շնիկին հավասար չէ»: Որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, այլ՝ սյուզերենը, եւ նրանց միջեւ կարող են լինել միայն վասալ-սյուզերեն կախվածություն, ենթարկվածություն: Կուզնեցովն ասում է, որ Մարգարիտա Սիմոնյանին հանձնարարված է եղել այդ ուղերձը հասցնել Հայաստանին եւ Արցախին, եւ նա առաջադրանքը փայլուն է կատարել: Հայ օգտատերերի գրառումներն ուշի-ուշով կարդացող ամուսնական զույգը ծանո՞թ չէ Օլեգ Կուզնեցովի մեկնաբանությանը: Եթե՝ ոչ, խորհուրդ ենք տալիս համացանցում փնտրել:

Կուզնեցովն անձնական բլոգ է վարում՝ Нагорный Карабах. взгляд из России: Թող Մարգարիտա Սիմոնյանն ու ամուսինը հերքեն Կուզնեցովին: Կարո՞ղ են: Թե չէ հայ օգտատերերի վրա Մոսկվայից մատ թափ տալն ինչի՞ է նման: Ձեռքեր լվանալու, իբր՝ մենք ձեզ ասացինք, որ ենիչերիների սպառնալիքն անցած չէ, մնացածը ձեր գործն է: