Նիկոլ Փաշինյանը կարողացավ պառակտել նաեւ ֆրանսահայությանն ու Սփյուռքին

Նիկոլ Փաշինյանը կարողացավ պառակտել նաեւ ֆրանսահայությանն ու Սփյուռքին

Իր ծննդյան օրով Նիկոլ Փաշինյանը չհայտարարված նախընտրական շրջանում այց կատարեց Ֆրանսիա՝ Ռուսաստանի եւ սգի մեջ գտնվող սեփական ժողովրդի «ինադու»։ Կարգախոսը, երեւի, «Արեւմուտքը մեզ հետ է» սկզբունքն է եւ Ռուսաստանին ինչ-որ բաներ հասկացնելը։ 
Բայց չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ վարչապետի պաշտոնակատար, որը նախընտրական շրջանում կարող էր եւ պետք է զերծ մնար նման այցերից՝ իրավական առումով լինելով 26 ուժերի վարչապետի թեկնածուներից մեկի կարգավիճակում։

Երեկ հաղորդեցին, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նա  հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Բնականաբար, հանդիպումներ նախատեսված են նաեւ հայկական կազմակերպությունների հետ։

Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Հրապարակին» հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հրավերն ինքը մերժել է, ինչպես նաեւ մերժել են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը եւ մի շարք այլ կազմակերպություններ։ Սակայն Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի մյուս համանախագահ Արա Թորանյանը, որը հայտնի է իր պրոիշխանական հայացքներով, հրավերն ընդունել է։

«Ես մերժած եմ՝ հանդիպիլ Նիկոլ Փաշինյանին՝ դատապարտելու համար իր քաղաքականությունը, ցույց տալու, որ մենք դեմ ենք իր քաղաքականությանը եւ դեմ ենք, որ ինքը դառնա վարչապետ՝ ընտրություններեն հետո։ Երկրորդ նախաձեռնությունը կազմակերպված է ավելի ընդլայնված, համայնքի կազմակերպություններու հետ, բայց կարեւոր մասը կազմակերպություններուն եւ հաստատություններուն մերժած են՝ հանդիպիլ Նիկոլ Փաշինյանին։ Դաշնակցական բոլոր ընտանիքը, Բարեգործական ընդհանուր միությունը, եկեղեցին եւ կարեւոր անձնավորություններ, որ կներկայացնեն սփյուռքի կարեւոր հատվածը, դեմ են Նիկոլ Փաշինյանին»։

Մուրադ Փափազյանը, անդրադառնալով  նրան, որ, այնուամենայնիվ, Ֆրանսիայում հայկական ամենամեծ կառույցի մյուս համանախագահ Արա Թորանյանը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է եւ համաձայնել է հանդիպել նրա հետ, նկատեց․ «Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կարողացավ բաժնել ֆրանսահայությունը եւ ընդհանրապես՝ սփյուռքը, որ միշտ միասնական եղած է բոլոր Հայաստանի կառավարություններու շուրջ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հաջողած է ճեղքել ժողովուրդը սեւ-սպիտակներով, ժողովուրդ եւ էլիտաներով, դուրսի եւ ներսի հայերով, կարողացավ նաեւ ճեղք մը ստեղծել այստեղ։ Մենք պետք է հաջողինք, որ ինքը չհաջողի, որովհետեւ միասնական աշխատանք ունինք հայկական պետության համար՝ ի նպաստ Արցախի եւ Հայաստանի։ Եվ Նիկոլ Փաշինյանի պատճառով մեզ պետք չէ բաժնվիլ»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն այցի նախօրեին տարածել էր հայտարարություն՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան կ‘այցելէ Փարիզ: Այս այցելութիւնը, որ կը մեկնի պարզապէս նախընտրական հաշիւներով, կը մերժենք իր էութեամբ: Նախ եւ առաջ, ան այսուհետեւ պաշտօնապէս ոչ մէկ հանգամանք ունի ներկայացնելու Հայաստանը: Ան 20 յունիսի արտահերթ ընտրութիւններուն թեկնածու մըն է, ինչպէս մնացեալ բոլոր թեկնածուները: Առ այդ, այս այցելութիւնը մենք կը համարենք զուտ անձնական այցելութիւն եւ ոչ մէկ ձեւով կրնայ ունենալ համայնքային պարունակ»։

Ասվել էր նաեւ․ «Ան Հայաստանն ու հայ ժողովուրդը առաջնորդած է նուաստացուցիչ պարտութեան եւ ստորագրած է անձնատւութեան խայտառակ ու ամօթալի ծանօթ փաստաթուղթը, որուն շարունակութինը տակաւին քանի մը օրեր առաջ հրապարակաւ խոստացած է կատարել անգամ մը եւս: Երրորդ, այն պահուն, երբ մեր Հայրենիքը խոր ճգնաժամի մէջ է, երբ թշնամին հատած է մեր սահմանները, երբ թշնամի բանակը ամէն ժամ կը սպառնայ նոր յարձակումի եւ ներխուժումի, երբ ունինք նոր գերիներ, գերագոյն հրամանատարի կոչումին եւ աթոռին կառչած անձը կը լքէ երկիրը եւ կը մեկնի արտասահման: Այս անպատասխանատու եւ դասալիք պահուածքը անընդունելի ու դատապարտելի է ըստ ամենայնի»։

Մուրադ Փափազյանը հայտնեց, որ պատրաստվում է Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Փաշինյանի այցի, բողոքի ցույց կազմակերպել։ «Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ, միշտ պաշտպանած ենք Հայաստանի դեսպանությունը՝ ընդդեմ ադրբեջանցիների։ Այսօր, դժբախտաբար, ես շատ կցավիմ՝ ստիպված ենք նման ցույց կազմակերպել։ Իրեն հաջողվեց պառակտել նաեւ մեր համայնքը»,-ասաց Մուրադ Փափազանը։