10 րոպեանոց տեսանյութից կարո՞ղ ենք որոշել՝ որ ուսուցիչն է լավագույնը

10 րոպեանոց տեսանյութից կարո՞ղ ենք որոշել՝ որ ուսուցիչն է լավագույնը

ԿԳՄՍ նախարարությունը նոր նախաձեռնություն է ներդնում, որն ուղղված է լինելու հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանը։ Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները՝ 10 անվանակարգում, որոնց թվում՝ «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն», «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ», «Լավագույն խմբակավար», «Հայոց լեզու եւ գրականություն բնագավառի լավագույն ուսուցիչ», «Հայրենագիտություն բնագավառի լավագույն ուսուցիչ» եւ այլն։
Ըստ հրապարակված ընթացակարգի, յուրաքանչյուր ամիս մասնակիցները սահմանված ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում են համապատասխան լիազոր մարմնին՝ դիտարկման: Յուրաքանչյուր լիազոր մարմին ձեւավորում է հանձնաժողով եւ յուրաքանչյուր անվանակարգում ընտրում երկու լավագույնների:

Օրինակ՝ «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն խմբակավար» անվանակարգերին մասնակցելու համար մասնակիցներն ուղարկում են տվյալ բնագավառի դասի կամ խմբակի տեսագրություն՝ 10-12 րոպե տեւողությամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ 1-2 էջի սահմաններում, նշելով, թե ինչ նպատակ է դրված եղել իր առջեւ, ինչ խնդիրներ է լուծել, ինչ վերջնարդյունքներ է ապահովել: «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» անվանակարգին մասնակցելու համար տնօրենը ներկայացնում է չափորոշչի ներդրմանն ուղղված գործողությունների հաշվետվություն՝ 2-3 էջի սահմաններում: Անվանակարգից կախված՝ փոխվում են նաեւ պահանջները։
Լավագույնների ընտրության չափանիշները սահմանվում են ԿԶՆԱԿ-ի կողմից: Ընտրված մասնակիցների մասին տեղեկատվությունն ուղարկվում է ԿԶՆԱԿ՝ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 12-րդ աշխատանքային օրը ներառյալ: ԿԶՆԱԿ-ի կողմից ընտրվում է յուրաքանչյուր անվանակարգի լավագույն մեկ մասնակից՝ յուրաքանչյուր մարզից, եւ փոխանցվում ԿԳՄՍ նախարարությանը։

Ինչպես եւ կանխատեսելի էր, նոր նախաձեռնությունը նոր հարցեր բարձրացրեց մանկավարժների շրջանում, շատերի կարծիքով, այդքան էլ նպատակահարմար չէ այս ձեւաչափը, իսկ դասը տեսանկարահանելու տարբերակն արդար ու վստահելի չէ, ավելին՝ չի կարելի դասը շոուի վերածել: Մի մասի կարծիքով էլ, այն ժամանակ, երբ պետությունը նախաձեռնել է տիտղոսների, կոչումների եւ անվանակարգումների վերացման գործընթաց՝ այն համարելով անցյալից մնացած արհեստական եւ մտացածին արժեքներ, ԿԳՄՍՆ-ն նախաձեռնում է նորերի ստեղծումը, որոնք բնույթով ավելի հին են եւ, բացի այդ, դպրոցում նոր վեճերի ու լարվածության առիթ են դառնալու։ Ըստ այդմ, նախաձեռնությունը ոչ թե մոտիվացիա է, այլ ռիսկ՝ համակարգի համար։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, ԿԳՄՍՆ նոր նախաձեռնության մասին ինֆորմացիան բավականին կցկտուր է, մինչդեռ պետք է մանրամասն բացատրվեր նախաձեռնության էությունը․ «Ես ինչքան հասկացա, այս մրցույթը համակցվելու է տարվա լավագույնները մրցույթի հետ, իսկ դա նշանակում է, որ գործող կարգը պետք է վերանայվի եւ այդ կարգի հետ համակցվի, որովհետեւ գործող կարգում այդպիսի բան չկա, որ ամեն ամսվա հաղթողները հետո մասնակցում են տարվա լավագույնների մրցույթին։ Սա առաջին հարցն է, այսինքն, հասկանալի չէ՝ այդ կարգն արդեն փոխվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե փոխված չէ, ի՞նչ իրավական հիմքով եք կցում այդ գործող կարգին»։
Ս․ Խաչատրյանի 2-րդ առարկությունը վերաբերում է ժամկետին, որը շատ քիչ է։ «Հունվարի 18-ին հայտարարվում է նախաձեռնության մասին, բայց հայտեր ներկայացնելու ժամկետը դրված է հունվարի 24-ին։ Ուսուցիչներ, տնօրեններ, փոխտնօրեններ, խմբակավարներ, դրան գումարած՝ ամեն առարկայից առանձին առարկայական խմբեր, որոնք մինչեւ ամսի 24-ն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն, եւ այդ կառույցներին տրված է 2 օր։ Այսինքն՝ մինչեւ ամսի 26-ը այդքան հայտերից նրանք պետք է ընտրեն ամեն անվանակարգից 2 լավագույններին ու ներկայացնեն ԿԶՆԱԿ, որն էլ այդ 2-ից պետք է ընտրի լավագույնին։ Ինձ հետաքրքիր է՝ 2 օրում մարզպետարաններն ու քաղաքապետարանը ո՞նց են ընտրելու․․․ եւ այս պրոցեսը լինելու է ամեն ամիս»,- նկատում է կրթության փորձագետն ու նշում, որ աշխարհում կան երկրներ, որոնք նմանօրինակ մրցույթները 5-6 ամիս են անցկացնում։

«Նախ՝ դիմորդներն են շատ լինում, ուսուցիչները պետք է տարբեր փորձությունների միջով անցնեն, դրա համար 5-6 ամիս է անցկացվում այդ մրցույթը, քանի որ հեշտ բան չէ։ Մեր պարագայում ասվում է՝ 10 րոպեանոց տեսանյութ պետք է տաս ու դրա հիման վրա ընտրվես։ Ու սա՝ ամեն ամիս։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան է անլրջացվում այս պրոցեսը։ Սրա հետ ես առարկություն ունեմ, որովհետեւ ավելի լավ է մեկ անգամ անցկացնենք, բայց ուսուցիչը լուրջ արդյունք ներկայացնի, քան ամեն ամիս ինչ-որ 10 րոպեանոց տեսանյութ։ Ես, օրինակ, չգիտեմ՝ 10 րոպե նայելով մենք կարո՞ղ ենք որոշել, որ այդ մարդը լավագույնն է։ Էլ չեմ խոսում, որ մենք այս պրոցեսից դուրս կթողնենք այն ուսուցիչներին, որոնք չեն սիրում նկարվել եւ սիրում են կենդանի դաս վարել, եւ ինձ համար այդ կենդանի դասն է ուսուցչին չափելու իրական չափորոշիչը, ոչ թե տեսանյութերը»։

Թե ինչ խնդիր է սրանով փորձում լուծել նախարարությունը, Ս․ Խաչատրյանն ասում է․ «Ինձ համար հասկանալի է, թե ինչու․ սա գնահատման էժան ձեւ է, որովհետեւ մարդն ինքն իրեն նկարում ուղարկում է, եւ նախարարությունը ծախս չի անում, որպեսզի գնա այդ դպրոց ու դասարանում տեսնի այդ ուսուցչին, թե իրականում ինչպես է նա դասը վարում։ Սա էժան ձեւ է, 10 րոպե նկարում ես ու արագի մեջ ուղարկում»։

Ս․ Խաչատրյանի մյուս առարկությունը կապված է նախաձեռնության անվանման հետ, մասնավորապես՝ թե ինչ է նշանակում պետական չափորոշչի ներդրմանն աջակցող նախաձեռնություն․ «Ի՞նչ է դա նշանակում, ուսուցիչն ի՞նչ պետք է անի, որ մենք ասենք՝ ահա, այս 10 րոպեն նայեցինք ու կարող ենք ասել, որ այդ 10 րոպեի ընթացքում ուսուցիչը նպաստեց չափորշչի ներդրմանը։ Այսինքն՝ պետք է լինի բացատրություն, սովորաբար նման մրցույթները, որ անցկացվում են, պետք է ունենան 2-4 էջանոց մանրամասն բացատրագիր։ Ամեն քայլը պետք է բացատրվի, թե ինչու է սա արվում, ինչ է ակնկալվում։ Նշված է նաեւ, որ ԿԶՆԱԿ-ը պետք է մշակի չափորոշիչներ, բայց ո՞ւր են այդ չափորոշիչները, արդեն ամսի 22-ն է, եւ մարդիկ պետք է հայտեր ներկայացնեն»։   

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե լավագույններին ընտրելու ինչ չափանիշներ է մշակել ԿԶՆԱԿ-ը։ «Երկու բառով հնարավոր չէ ներկայացնել, չափանիշները շուտով կհրապարակվեն, պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը, մոտ 10-ի կարգի չափանիշ է լինելու՝ շատ պարզ, հիմնականում աշխատանքը ներկայացնելու եւ բովանդակությունը գնահատելու համար են այդ չափանիշները։ Ուսուցիչը ներկայացնելու է իր փորձը, որն ինքը օրինակելի է համարում չափորոշչի ներդրման աշխատանքներում, եւ այդ փորձը գնահատվելու է այդ չափանիշներին համապատասխան, նաեւ կլինի հարցազրույց ուսուցչի հետ՝ օնլայն ձեւաչափով, որպեսզի գնալ-գալու խնդիր չլինի։ Այնպես որ, կարծում եմ՝ դա խնդիր չէ, իսկ խրախուսումը շատ կարեւոր է, մենք աշխատում ենք բոլոր դպրոցների հետ եւ ամեն տեղ տեսնում ենք ուսուցչի թե՛ շահագրգռված աշխատանք, թե՛ անտարբերություն, բոլոր դեպքերում շատ կարեւոր է, որ հաջողված փորձը խրախուսվի։ Շատ լավ նախաձեռնություն է՝ ուսուցիչներին խրախուսելու համար։ Ես զարմանում եմ այդ բողոքների ու դժգոհությունների վրա»,- նկատում է Թորոսյանը։   

Ինչ վերաբերում է ժամկետներին, արդյոք կարճ չէ՞ ժամանակահատվածը, եւ ավելորդ շտապողականություն չե՞ն ցուցաբերում, ԿԶՆԱԿ-ի տնօրենը նկատում է, որ այդ մասով նախարարությունն է պատասխանատուն։
Թե ովքեր են ընտրելու եւ ովքեր են ձեւավորելու այդ հաձնաժողովները, Ա․ Թորոսյանն ասում է, որ դա անելու է նախարարությունը։ «Մենք ոչ ոքի չենք ընտրելու, մենք կարող է հարցազրույցներ անցկացնենք, կարծիքներ ներկայացնենք, ընտրությունը կատարելու է նախարարությունը։ Երեւի ընդհանուր մի հանձնաժողով կլինի, աշխատանքները կնայվեն որոշակի փորձագետների կողմից, իրենց կարծիքը կտրամադրեն, ու դրա հիման վրա գնահատումը տեղի կունենա։ Ամեն ամիս այդ նույն աշխատանքը կրկնվելու է»,- ասում է Ա․ Թորոսյանը եւ թեականով արձագանքում ընթացակարգի մի շարք հարցերի։

Նա չի կարծում, որ հենց առաջին ամսից հարյուրավոր դիմումներ կլինեն յուրաքանչյուր ավանակարգի համար։ «Այդքան չի լինի, մարզերը ներկայացնելու են ամեն անվանակարգից 2 աշխատանք, այսինքն՝ իրենք որոշակիորեն ֆիլտրելու են ու ներկայացնեն 2 լավագույնների, ամեն մարզի կտրվածքով կլինի 20 աշխատանք, ընդհանուր՝ մոտ 200 աշխատանք, որը հետո կնայի նախարարությունը եւ նրանց միջից կորոշի, թե ում են ճանաչում ամսվա լավագույնը։ Կարծում եմ՝ ավելի քիչ կլինի հայտերի թիվը, բայց մենք շատ ուրախ կլինենք, որ շատ լինեն, որովհետեւ դա կնշանակի, որ համակարգը սկսում է ինտենսիվ աշխատել ու հաջողությունների հասնել»,- հույս է հայտնում ԿԶՆԱԿ տնօրենը։