Ծանր է լինելու ընդդիմության գլխարկը

Ծանր է լինելու ընդդիմության գլխարկը

Դժվար չէ նկատել, որ օրերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ոչինչ կամ գրեթե ոչինչ չփոխվեց: Փոխվեց միայն ընդդիմությունը, իսկ իշխանությունը մնաց իր տեղում ու մի բան էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Կասեք՝ ընդդիմության փոփոխությունն էլ վատ չէ, բայց դա ընդամենը սեւ սրտի մխիթարանք է:

Բանն այն է, որ խորհրդարանական նոր ընդդիմության մանդատները բավարար չեն ՀՀ իշխանություններին քայլեր թելադրելու համար եւ, թող ինձ ներեն բոլոր ընդդիմադիրները, ծառայելու են մեկ բանի՝ Փաշինյանի ձեւավորելիք կառավարության լեգիտիմացմանը: Բնական հարց է ծագում՝ ինչո՞վ էին վատ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, որոնք վերջին 3 տարում հենց այդ նույն գործառույթն են ունեցել՝ որպես ռեկվիզիտ նստելով խորհրդարանում:

Վաղը խորհրդարանում կլինեն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց ակամա գործառույթը լինելու է նույնը՝ նստել խորհրդարանում եւ ապահովել սահմանադրական կարգը: Ահավասիկ, խորհրդարանում կա 3 քաղաքական ուժ, ընդդիմությունն էլ 30 տոկոսից մի «չըռթ» ավելի ներկայություն ունի:

Չէի ասի, որ նշված դաշինքները նույնքան կառավարելի կլինեն Փաշինյանի կողմից, որքան ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, բայց կա մի չգրված օրենք՝ իշխանությունը կառավարում է ամեն ինչ: Դժվարությա՞մբ, թե՞ հեշտ, բայց կառավարում է: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետ հեշտ չի լինելու, բայց Փաշինյանն այս վիճակն էլ կկառավարի եւ բանը կհասցնի արդեն հերթական ընտրությունների, եթե, իհարկե, ինչ-որ հանգամանքների բերումով ստիպված չլինի իր կամքով հրաժարական տալ: Պատկերացրեք, որ նոր ԱԺ-ում շատ արագ երկխոսության հարթակ կձեւավորվի նոր ընդդիմության եւ հին իշխանության միջեւ: Դժվարն առաջին մի քանի օրն է լինելու:

Կառավարությունն էլի գալու է հարցուպատասխանի, եւ հենց այդ հարցուպատասխանների ժամանակ էլ ընդդիմադիրները կսկսեն հարգանքով դիմել կառավարության անդամներին ու ղեկավարներին: Հո չե՞ն կարող ասել՝ հարցս ուղղում եմ դավաճան հողատուին, ստախոս ստահակին… Մեկ-երկու նման բան կրկնվի՝ վարչապետն ուղղակի կարհամարհի ԱԺ-ն կամ, որ ավելի հավանական է, դատախազով ու կարմիր բերետավորներով կգա հարցուպատասխանի: Մի թեւավոր խոսք հիշեցի հանկարծ՝ հանգիստ նստեք տեղներդ…

Տեսարանների պակաս, իհարկե, չենք ունենա: Շշեր կթռչեն դահլիճում, վիրավորանքներ կհնչեն, ձեռնամարտեր կլինեն՝ լոկալ ու ոչ այնքան լոկալ բնույթի, կանայք կգզեն իրար (իդիոտկա), ամբիոն կշրջափակեն, եւ այս ամենը՝ լրագրողների ներկայությամբ, Հ1-ի ուղիղ եթերում, աշխարհի աչքի առաջ: Ուրիշ բան չի էլ կարող լինել, երբ ուսապարկերի մի ամբողջ քանակության հետ է գործդ, իսկ այդ քանակության հովանավորն ու ոգեշնչողը դավաճան, հողատու, ստախոս Նիկոլն է, որին ստիպված ես դիմել «պարոն վարչապետ»-ով:

Իսկ հիմա խորհրդարանից դուրս գանք օդ շնչելու եւ տեսնելու, թե ինչ է կատարվում փողոցում, որտեղ դեռ երեկ ցույցեր էին ու բողոքի ակցիաներ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը մեզ հավատացնում են, որ շարունակելու են նաեւ փողոցային պայքարը՝ այն համադրելով իրենց նոր կարգավիճակի հետ եւ ուժեղացնելով խորհրդարանական լծակներով: Հետաքրքիր մոտեցում է, իհարկե, բայց ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է ընդդիմադիր պատգամավորը փողոցում գոռալու՝ դավաճան, իսկ նույն օրը խորհրդարանում՝ «պարոն վարչապետ»: Անտեր չի՞ մնա, արդյոք, փողոցն առանց երեկվա ժամապահների: Սա է ինձ մտահոգում եւ այն, որ Փաշինյանն այսօր ինքն է ժամապահներ նշանակում փողոցում: Ինչքան թափթփուկ քաղաքական «ուժ» կար, հավաքեց շուրջը, պաշտոններ խոստացավ, ընդհուպ՝ երաշխավորված աշխատավարձեր ու պարգեւատրություններ: 

Ո՞րն է Փաշինյանի նպատակը, եթե ոչ այն, որ վաղը վերահսկողություն ունենա նաեւ փողոցում: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այս «քաղաքական խաժամուժը» վաղը հայտնվելու է փողոցային ակցիաների կիզակետում եւ փորձելու է ապակողմնորոշել ու ուղղորդել բողոքավոր մարդկանց: Այս «խաժամուժը», եթե ոչինչ էլ չանի, դառնալու է խորհրդարանական ընդդիմության ընդդիմությունը: Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը միաժամանակ ընդդիմանալ իշխանությանն ու փողոցի այս նորահայտ «ընդդիմությանը»: Սա է հարցը, եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, այնուամենայնիվ, ստանձնեն մանդատները, որ ստացան մոտ 300 հազար ընտրողներից:

Կա նաեւ մանդատները չվերցնելու եւ Նիկոլ Փաշինյանին «մերկ արքայի» վիճակում թողնելու տարբերակը, բայց դա էլ է իր հերթին վտանգավոր ընդդիմության համար: Կասեն՝ վախեցան, կասեն՝ արհամարհեցին իրենց ընտրողներին: Իմ կարծիքով՝ ընտրողներին կարելի է համոզել, հասկացնել, բացատրել, բայց ինչ վերաբերում է «վախենալուն», համաձայն չեմ: Եթե մեկը վախենում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների այդ քայլից, դա Նիկոլ Փաշինյանն է, որ չի կարողանալու որեւէ ատյանի բացատրել եւ որեւէ օրենքով հիմնավորել խորհրդարանում ընդդիմադիր ուժերի բացակայությունը: