Այսօր էլ հրատապ է․ կոչ՝ Հայաստանի քաղաքագետներին, դիվանագետներին եւ պատմաբաններին

Այսօր էլ հրատապ է․ կոչ՝ Հայաստանի քաղաքագետներին, դիվանագետներին եւ պատմաբաններին

Այս կոչը հղել եմ 2015թ.նույն այս օրը, ՖԲ-ն հիշեցրեց:

Եվ ի՞նչ եք կարծում, քանի՞ հոգի էր արձագանքել. երկու....Այսինքն՝ դեռ այդ տարիներից մեր ժողովուրդը անտարբերության թմբիրի մեջ էր....Կանխագուշակումներն ու զգուշացումները, ցավոք, իրականացել են ու դեռ կարող են իրականանալ, եթե մենք դուրս չգանք այս մահաքնից...
Ահա այդ ԿՈՉԸ

Վերջին օրերին հաճախացել են առանձին-առանձին քաղաքագետների և պատմաբանների վերլուծությունները հեռուստատեսային ամենատարբեր ալիքներով: Լսում ես ու, ինչպես իմ ծանոթներից մեկն ասաց, հիանում նրանց գիտելիքներով , ճկուն մտքով, քաղաքական ճիշտ վերլուծություններով և կանխագուշակումներով, թեև ընդունված է ասել, որ քաղաքական կանխագուշակումներ անելը անշնորհակալ գործ է…Բայց քաղաքականությունը հենց կանխատեսումների վրա է հիմնվում, որպեսզի ճիշտ ժամանակին  կարելի լինի կանխել քաղաքական վտանգը կամ շահեկան դուրս գալ իրավիճակից:

Լսում ես ու զարմանում. ո՞ւմ համար են խոսում և անհասցե եզրակացություններ անում նրանք: Ասենք թե շարքային քաղաքացին լսեց նրանց կողմից արված քաղաքական - դիվանագիտական այս կամ այն խելացի վելուծությունը, կամ մեր երկրի համար քաղաքական իրավիճակի մեկնաբանությունը, ի՞նչ կարող է անել նա, փաստացի ոչինչ: Մինչդեռ մեր ՔԱՂԱՔԱԳԵՏ - ԴԻՎԱՆԱԳԵՏ - ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ, որ կոչված են քաղաքական վերլուծություններ անելու իրենց ռազմավարական-վերլուծական կենտրոններում և միասնական պահանջագիր ներկայացնելու ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ , ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ , ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ , պարզապես ժամանակ առ ժամանակ մամլո ասուլիս են կազմակերպում, հարցազրույց են տալիս լրագրողներին, արտահայտում են իրենց կարծիքն ու դրանով իրենց առաքելությունը ավարտված են համարում՝ «Մենք ասել ենք, մենք հոդվածներ ենք գրել...»:

Անցյալ տարի հունիս-հուլիս ամիսներին քաղաքացիական մտահոգ ու սրտացավ նախաձեռնությամբ / կազմակերպող՝ Մարինե Վահրադյան / դոսաաֆի շենքում կազմակերպվեց քաղաքագետների, դիվանագետների ու պատմաբանների երեք հավաք- խորհրդակցություն՝ Հայաստանի՝ ԵՏՄ կամ Եվրաասոցացման միություն մտնելու դրական կամ բացասական հետևանքները հաշվարկելու նպատակով, որպեսզի մեր երկիրը քաղաքական, տնտեսական և բարոյական՝ հնարավորինս նվազ կորուստներով դուրս գա, և քաղաքական ճիշտ հաշվարկի դեպքում, մենք շահեկան վիճակում լինենք…

Նրանք եկան, որովհետև ենթագիտակցորեն իրենք էլ են կարևորում ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՁԵՎԻ անհրաժեշտությունը, խոսեցին, իրենց կարծիքներն ասացին /ելույթները տեսագրված են, տեղադրված համացանցում /, ու....նորից ցրվեցին: Մինչդեռ հավաքի նպատակը հայ քաղաքական -դիվանագիտական միտքը ի մի բերելն էր ու մեր երկրի, պետության և մեր ժողովրդի անվտանգությանը ծառայեցնելը՝ այն՝ որպես համատեղ վերլուծության արդյունք, որպես հորդոր ու պահանջ՝ հասցնել երկրի նախագահին, որովհետև ԱՅՍՕՐ ԱՌԿԱ  Է ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼ – ՉԼԻՆԵԼՈՒ վտանգը…
ԴԱ ԱԿՆՀԱՅՏ Է…

Բայց քաղաքագետները դա չարեցին …Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական իրավիճակը շատ անկայուն է, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը ծանր ու կորստաբեր: Ինչպե՞ս են արդարացնում մեր հարգարժան քաղաքագետներն իրենց այս կրավորական կեցվածքը , երբ պարզապես իրենց չմիավորվելու և միասնական քաղաքական ծրագիր չմշակելու պատճառով երկիրս հայտնվել է այնպիսի բարոյաիրավական վիճակում, որ մեր տանը սպանում են մի ամբողջ հայ ընտանիք, իսկ մեր պետության համապատասխան մարմինները անկարող են և իրավազուրկ հանցագործությունը կատարած զինվորի քաղաքացիության երկրից պահանջել հանցագործին՝ քննություն անցկացնելու համար:

Միջազգային պրակտիկայում չլսված նախադեպ է…

Հայրենիքի ազատագրման համար կռված ազատամարտիկներին ոստիկանները ծեծի են ենթարկում Հայաստանում, իսկ Արցախում  ծեծում են ազատամարտի հերոսներին՝ հայտարարելով, թե հայաստանյան ներքաղաքական խնդիրները ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ և հայտարարում են ապազգային և հակահայաստանյան քաղաքական թեզ, / ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը/, թե իբր <Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, ընդհանրապես որևէ կապ չունի, կամ Արցախը ներկայացնել Հայաստանի մարզ, քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյունից ճիշտ չէ»:

Լսո՞ւմ եք՝ «քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյունից ճիշտ չէ»: Իսկ ո՞ր տեսակետից է ճիշտ, պարո՛ն Բաբայան։ Սա Արցախի նախագահի մամլո քարտուղարի, ասել է,թե՝ նախագահի կարծիքն է:

Պարոնա՛յք, իսկ ո՞վ է չեղյալ հայտարարել 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ ՀՀ և ԼՂԻՄ գերագույն խորհուրդների համատեղ որոշումը Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին: Ոչ ոք:
Հարգելի՛ քաղաքագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, Դուք չե՞ք մտահոգվում մեր երկրի արտաքին քաղաքականության տապալմամբ ու ներքաղաքական անկայունությամբ…Ձեզ եմ դիմում, հարգարժա՛ն քաղաքագետներ, պատմաբաններ , միջազգային իրավագետներ Արա Պապյան , Արման Նավասարդյան, Լևոն Շիրինյան, Աշոտ Մելքոնյան, Ռուբեն Սաֆրաստյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Մանասյան, Արմեն Աղայան, Երվանդ Բոզոյան, Աղասի Ենոքյան, թող չվիրավորվեն նրանք, ում անունն այս պահին չեմ նշում: Վստահ եմ՝ մտահոգ եք ու անհանգիստ մեր երկրի ու պետության ճակատագրով,:

Այսօր մեր պետության գոյությանը մարտահրավեր են նետել միաժամանակ մի քանի օտար քաղաքական ուժեր:

Մենք կկարողանանք կանխել այդ մարտահրավերները, եթե Դուք միաբանվեք, ստեղծեք Հայ քաղաքագետների Միություն, մշակեք երկրի քաղաքական պաշտպանության հայեցակարգը և ներկայացնեք նախագահին՝պահանջով, որ նա հաշվի նստի ժողովրդի կամքի հետ,,,
ՎՍՏԱ՛Հ  ԵՂԵՔ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ԿԿԱՆԳՆԻ ՁԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ  ԹԻԿՈՒՆՔՈՒՄ…
ԴԵՌ ԿԱ՛ ԺԱՄԱՆԱԿ…

Մենք իրավունք չունենք կորցնելու մեր անկախ պետականությունը:
Հա՛յ քաղաքագետներ, ձեզ մեր ժողովուրդը ու մեր հալածված պատմությունը չեն ների, եթե չմիաբանվեք: Մեր Հայրենիքը և ժողովուրդը սպասում են Ձեր միասնական խոսքին…
Աստվա՛ծ Ձեզ օգնական …
2.2.2015 թ.

ՀԳ Ահա այսպիսի Կոչ եմ հղել 2015 թվին, երբ, թվում էր, թե չկար պատերազմ կամ պատերազմի մոտալուտ  վտանգ: Բայց եղավ այն, ինչ եղավ, որը կարող էր և չլինել...
Այսօր էլ մեր քաղաքական մեկնաբանները ակադեմիական հանդարտությամբ, երբեմն նույնիսկ թեթև քմծիծաղով քննարկում են ու քննադադատում պատերազմը և հետպատերազմական այս կործանարար վիճակը, բայց նրանցից ոչ ոք այս վիճակից դուրս գալու քաղաքական ուղիներ ցույց չի տալիս...Այսինքն՝ Հայաստան պետությունը իսկապե՞ս այս անդունդից դուր գալու ոչ մի հնար ու միջոց չունի....Բա ի՞նչ է քաղաքագետների  արածը, սոսկ փա՞ստն են վավերացնում...Դա մենք բոլորս էլ տեսնում ենք...

Քաղաքական լուծում է պետք, պարոնա՛յք քաղաքագետներ, իսկ այդ լուծումը ձեր միաբանվելն է: Թողե՛ք  ձեր անձնական և անհատական տարաձայնությունները, այս պատմական ժամանակաշրջանը ճակատագրական է մեր ազգի ու պետականության համար, միաբանվե՛ք, ափսոս են ձեր գիտելիքները, մշակե՛ք մեր պետության արտաքին հարաբերությունների քաղաքական հայեցակարգը և ներկայացրե՛ք Կառավարության ղեկավարին, որը հաստատ կա՛մ խճճվել է այս լաբիրնթոսում, կա՛մ  մեր երկրի շահերին չի ծառայում....Երկու դեպքում էլ պետք է կասեցնել պետության անկումն ու մեր ժողովրդին սպառնացող վտանգը:
 

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս