«Հրապարակ». ԱԺ-ում պատգամավորները կոպտել ու սպառնացել են TV5-ի լրագրողին

«Հրապարակ». ԱԺ-ում պատգամավորները կոպտել ու սպառնացել են TV5-ի լրագրողին

Երեկ Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի միջեւ։ Պատգամավորները, բառի բուն իմաստով, հարձակվել են մասնագիտական պարտքը կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի վրա, հարվածել միկրոֆոնին եւ սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։

Մասնավորապես, Արթուր Հովհաննիսյանը կոպտել է մեր գործընկերոջը, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ, կամուֆլյաժը հագին, «ռազմահայրենասիրական ոգով» հարվածել է TV5-ի միկրոֆոնին ու լրագրողին սպառնացել, թե՝ «թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձեւ ենք վարվելու»։ TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ ասաց, որ արդեն փաստաբանը զբաղվում է այս հարցով, եւ մտադիր են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով դիմել Գլխավոր դատախազություն։ Թե որն է եղել իշխանական պատգամավորների ագրեսիան TV5-ի լրագրողի հանդեպ, կարելի է կռահել։ Մոտավորապես այսպես՝ Քոչարյանի ալիքի լրագրող լինելը։