Պատասխանատվության խնդիրը
Օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը հերթական անգամ փորձել է պահպանել իրեն այդ պաշտոններին նշանակողի հեղինակությունը: Մի բան, որ վաղուց արդեն զրոյացվել է: Ասել է, որ Փաշինյանը երբեք չի հրաժարվել պատասխանատվությունից: Ավելացրել է, որ նրա (այսինքն՝ Նիկոլի) ասելով, եթե ինքը մեղավոր է, ապա համապատասխան կառույցները պետք է անդրադառնան դրան: Ենթադրում եմ, որ «ժողովրդավարության բաստիոնի» համապատասխան կառույցները տեղյակ են, թե ինչով պետք է զբաղվեն իրենք: Եվ նրանք դա անում են: Նրանք Փաշինյանի պատասխանատվությունը «փնտրում և գտնում» են ընդդիմադիրների ելույթներում և սոցցանցային գրություններում:
Թե ինչպես կարող է նման բան պատահել՝ մեկ ամիս առաջ բացահայտել է լրատվականներից մեկը՝ հավաքագրելով վերջին երեքուկես տարում բռնության առումով դատաքննության ենթակա գործերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ որի, 2 գործ քննվել է ընդդիմադիրների հայցերով, իսկ 36-ը՝ գործող իշխանության: Իշխանություն ասելով էլ պետք է հասկանանք անձամբ Փաշինյանին, նրա ենթականներին և ինչ-որ տեղ նաև նրանց բոլորի աջակիցներին: Ավելացնեմ, որ նախորդ տարեկեսի դրությամբ նման 104 գործ գտնվել է նախաքննության փուլում: Ենթադրում եմ, որ դրանցում պահպանված լինի ընդդեմ ընդդիմադիրների և ընդդեմ իշխանության ներկայացուցիչների համամասնությունը՝ 1-ը 18-ի:
Եթե վերացարկվենք համապատասխան կառույցների գործունեությունից, ապա չենք կարող չընդունել, որ Փաշինյանն իսկապես երբեք չի հրաժարվել պատասխանատվությունից: Բայց այս հարցում առկա է խնդիր.՝ այն, թե ինչ ենք հասկանում պատասխանատվություն ասելով: Եթե դիմենք մայրենիի բառարաններին (օրինակ՝ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ին), ապա այդ բառը նշանակում է. «1.Պատասխանատու լինելը, պատասխանատվության զգացում: 2.Հատուցում: Պատասխանատվության կանչել/ենթարկել-ապօրինի գործի կամ պատճառած վնասի համար մեկից օրենքով հաշիվ՝ պատասխան պահանջել»: Իսկ «պատասխանատու» բառի առաջին իմաստն հետևյալն է. «Իր կամ մեկ ուրիշի արարքների համար պատասխան տվող, հաշվետու (անձ)»: Կարծում եմ, որ ակադեմիական բառարանը տարընթերցումների տեղիք չի տալիս: Եվ որպես գործադիր մարմնի ղեկավար Փաշինյանը պետք է համաձայն լինի այդ բացատրության հետ:
Ինչ մնում է համապատասխան կառույցների կողմից Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադառնալուն, ապա «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում դա ֆանտաստիկայի ոլորտից է: Համենայն դեպս, դա է վկայում վերը նշված՝ դատական գործերի տեղեկատվությունը: Եվ այնպես չէ, որ Փաշինյանն Աստծո գառ է, և բռնության կոչեր ինքը չի արել: Բավական է նրա մի քանի խոսքերը հիշելը՝ «պատին ծեփելը, ասֆալտին պառկեցնելը, բորդյուր լիզելը, շինելը» և այլն, և այլն... Իրական ժողովրդավարակն երկրում համապատասխան կառույցներն այդ խոսքերի համար վաղուց էին պատասխանատվության ենթարկել նրան:
Հ. Գ. Ինչ մնում է Փաշինյանին իրապես պատասխանատվության ենթարկելուն, ապա վստահ եմ և ինքն էլ դա գիտե, որ իշխանափոխությունից հետո առաջին գործն այդ հարցի հասցեագրումն է լինելու:
Կարծիքներ