Կառավարությունը նոր խնդիրներ է ստեղծում փաստաբանների համար

Կառավարությունը նոր խնդիրներ է ստեղծում փաստաբանների համար

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումիցգանձվող հարկերը 2024 թ․ հոկտեմբերի 1-ից բարձրացնել: Այս փոփոխություններն ի՞նչ հետեւանքների են հանգեցնելու․ զրուցել ենք փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ։

- Ֆիննախի նախագծով փաստաբանները նախկին 5%-ի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ: Սա ի՞նչ դժվարություններ է առաջացնելու փաստաբանների եւ փաստաբանական ծառայություններից օգտվողների համար։

- Այսինքն՝ փաստաբանները հարկվելու են ընդհանուր հարկային դաշտում, ինչը նշանակում է  նախկին 5%-ի փոխարեն ավելացված արժեքի հարկով՝ 20%-ով, եւ 18% շահութահարկ, որի արդյունքում 40%-ից ավելի կբարձրանա փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների գինը։ 

- Ինչ-որ բացատրություն կա՞, թե ինչու են փոխում փաստաբանների հարկման քաղաքականությունը։

- Կա, բայց այդ հիմնավորումները բավականին թույլ են։Օրինագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարությունը, շրջաբերականներ չի ուղարկել փաստաբանների պալատ, հետևաբար պալատը այս մասով դիրքորոշում չի արտահայտել։ Մենք նախագծին ծանոթացել ենք e-draft կայքի միջոցով։ Օրենքի նման նախագիծ բերելով՝ ֆինանսների նախարարությունը փաստաբանների գործունեությունը դիտարկել է շահումով խաղերի, խաղատների գործունեությամբ զբաղվող մարդկանց հետ, այսինքն՝ իրավաբանական-փաստաբանական ծառայությունը պետությունը դիտարկում է որպես առեւտրային գործունեություն, բայց իրականում փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան բնույթ ունի, որից, այո, բխում է հարկ վճարելը։ Այս նախագծում մի վտանգավոր կետ կա․ երբ սկսենք ավելացված արժեքի հարկով հարկվել, նշանակում է՝ անվճար խորհրդատվություններ տալու հնարավորություն այլեւս չենք ունենալու, եւ ստացվում է այնպես, որ խորհրդատվությունը դիտարկվելու է գործունեություն, դրա համար վճարվելու է հարկ։ Իսկ Փաստաբանների պալատը սահմանում է դեպքեր, որ պետք է տրվի անվճար խորհրդատվություն, երբեմն ինչ-որ ծառայություններ, բայց պետության համար էական չէ` դու վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն ես իրականացնում, այդտեղից գոյանալու է հարկ, որը դու պարտավորվում ես վճարել։

- Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ փաստաբանական ծառայությանը դիմող քաղաքացիները։

- Այստեղ ես լուրջ խնդիր եմ տեսնում դատարան դիմելու իրավունքի մասով, քանի որ մարդն այլեւս հնարավորություն չի ունենալու դիմել դատարան, եթե վճարունակ չէ։ Այս բեռն ընկնելու է հանրային պաշտպանի ուսերին, իսկ այսօր հանրային պաշտպանի գրասենյակը գերծանրաբեռնված է աշխատում, չեն հասցնելու զբաղվել այդ գործերով, ընդ որում՝ տարբեր իրավունքի ճյուղերով, ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական, ե՛ւ վարչական։ Երբ այս օրենքը դրվի շրջանառության մեջ, ավելանալու են քաղաքացիների դիմումները հանրային պաշտպանի գրասենյակին։

- Հիմա ինչքա՞ն են վճարում փաստաբանի կողմից մատուցվող ծառայության համար։

- Փաստաբանների պալատի կողմից կա առանձին որոշում, որով սահմանվել է գնացուցակ, այդ գնացուցակները հիմնականում դատարանի համար են, որ դատարանն այդ գումարի չափով բավարարի հայցվորի պահանջը` փաստաբանի աշխատանքի դիմաց: Կա ե՛ւ ժամային սկզբունք՝ 1 ժամը հաշվարկելով 30 հազար դրամ, ե՛ւ գործերով պայմանավորված՝ առաջին ատյանի դատարանների համար նախատեսված կոնկրետ թիվ։ Սա մասնավոր փաստաբանի համար կաշկանդող չէ, գինը կարող է որոշվել սովորական պայմանագրային հիմունքներով։ 

- Այսինքն՝ որքա՞ն գումար կարող է կազմել, օրինակ, առաջին ատյանի դատարանի դեպքում։

- Քաղաքացիական-վարչական գործերով՝ 300-400 հազար դրամ, (սա նվազագույն  չափն է), իսկ քրեական գործերով բոլորովին այլ է։