Այդ ի՞նչ իրավիճակ է երկրում փոխվել, որ ո՛չ նամակներիդ են պատասխանում, ո՛չ զանգերիդ

Այդ ի՞նչ իրավիճակ է երկրում փոխվել, որ ո՛չ նամակներիդ են պատասխանում, ո՛չ զանգերիդ

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես են եկել գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ: Կրակի աստվածուհու դերում հանդես է եկել Իրինա Սլուցկայան, Արտաշես արքային մարմնավորել է Արթուր Դմիտրիեւը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշեւան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը։  

Շոուի պրոդյուսեր Զառա Մխեյանը շատ վրդովված է մշակույթի եւ սպորտի նախարարությունների պահվածքից, քանի որ ամիսներ շարունակ անպատասխան են թողել իրենց նամակները։ «Այն, որ մշակույթի նախարարն իր գրաֆիկում ոչ մի ազատ րոպե չգտավ ընդունելու Իրինա Սյուցկայային, խոսում է իր ցածր մակարդակի մասին։ Լավ, եթե անգամ մերժում են, չեն ընդունում, գոյություն ունի կուլտուրա, եւ մշակույթի նախարարը պարտավոր է պատասխանել։ Նա պետք է գիտակցեր, թե իր երկրի համար ինչ նշանակություն ուներ նման մասշտաբի ներկայացումը, երբ ռուս գեղասահորդը, լինելով համաշխարհային դեմք, ամբողջ աշխարհում ներկայացնելու է մեր մշակույթը, ով նաեւ գալիս, մեր սաների համար անվճար մաստեր կլասներ է անում»,- ասում է Մխեյանն ու ընդգծում, որ ամառվանից նամակ են գրել ու հանդիպում խնդրել նախարարից, բայց՝ անարձագանք, միայն ծանոթի միջոցով 5 րոպեանոց ընդունելություն են ստացել փոխնախարար Նազենի Ղարիբյանի մոտ, ով ասել է՝ սա ի՞նչ կապ ունի մշակույթի հետ․ «Պատկերացնո՞ւմ եք, իրենց համար դա միայն սպորտ է, մշակույթի հետ ոչ մի կապ չունի։ Հիմա ես պատասխանում եմ՝ եթե կապ չունի Թումանյանը, Ախթամարը, Արտաշես արքան, թող գնան գիրք կարդան»։ 

Նույն պատկերը եղել է սպորտի նախարարի դեպքում, 2-րդ նամակն են ուղարկել, բայց ոչ մի պատասխան․ «Այս ի՞նչ վերաբերմունք է, միգուցե չունեն այն մասնագետները, որ կարողանան պատասխանեն, ու դա այն դեպքում, որ իրենց լոգոն կա այս միջոցառման բոլոր պոստերների վրա»։ 

Մեկ այլ խնդիր էլ եղել է ԱԻՆ-ի հետ․ ասում է՝ նման մեծ միջոցառումների դեպքում նրանք պետք է գան եւ ապահովեն անվտանգությունը, բայց բավական չէ ներկա չեն եղել, համերգից առաջ էլ զանգերին չեն պատասխանել․ «Համերգից առաջ զանգում եմ թեժ գիծ, ասում եմ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ինձ չեք պատասխանել, Աստված չանի՝ բա որ համալիրում հրդեհ լինի, 6 հազար հոգի մարդ կա, դուք ո՞ւր եք, ինչո՞ւ չեք պատասխանում։ 25 տարի է՝ Երեւանում միջոցառում եմ կազմակերպում, նման վերաբերմունք չեմ տեսել։ Այդ ի՞նչ իրավիճակ է երկրում փոխվել, որ ո՛չ նամակներիդ են պատասխանում, ո՛չ զանգերիդ։ Այս ներկայացումը գնում է համաշխարհային տուր, բայց իմ երկրում իմ մշակույթի եւ սպորտի նախարարությանն այս իրադարձությունը չի հետաքրքրում։ Ինչո՞վ են զբաղված, որ չեն կարողանում նույնիսկ նամակի պատասխանել, սա ո՛չ ռաբիս երաժշտության համերգ էր, ո՛չ էլ կլոունադա»։  

Մխեյանը հրավիրատոմսեր է ուղարկել քաղաքապետին, ով, ըստ նրա, շուու-բիզնեսի մարդ է, բայց չի եկել, Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին։ Ասում է՝ հասկանալի է, որ քարոզարշավ է, քայլում են, բայց համալիրն էլ իր 6 հազար հոգանոց լսարանով կարող էր անուղղակի ձեւով դառնալ լավ քարոզչական հարթակ․ «Երբ իրենց երկիր մտնում է 70 հոգի աշխարհահռչակ սպորտսմեն, իրենք պարտավոր են ներկա լինել, դրանք միայն Ռուսաստանի գեղասահորդները չէին, այլ նաեւ Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, որոնց մեջ կար 3 հայ սպորտսմեն։ Սպորտի նախարարությունը կարող է, չէ՞, մի սան պատրաստել, որը ներկայացնի Հայաստանը հաջորդ օլիմպիադային։ Այսքանից հետո ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավիճակ է երկրում փոխվել միայն փողոցներում քայլելուց»։