Համազգային թատրոնը հայտարարում է անժամկետ գործադուլ՝ պահանջելով Չալդրանյանի հրաժարականը

Համազգային թատրոնը հայտարարում է անժամկետ գործադուլ՝ պահանջելով Չալդրանյանի հրաժարականը

Համազգային թատրոնի գրեթե ողջ ստեղծագործական կազմը երեկ թատրոնում մեծ ասուլիս էր հրավիրել՝ պահանջելով թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ 

Այս ամենի նախապատմությունը հասկանալու համար դերասաններից Դավիթ Հակոբյանը նախ պատմեց, թե ինչ պայմաններում իրենց ներկայացրին Չալդրանյանին՝ միանգամից տասնյակ տեսախցիկների առաջ, ինչն ուղղակի «շոկային» էր իրենց համար։ Ճիշտ է, այդ պահին տեսախցիկների առաջ չարտահայտվեցին, բայց հետո իրենց բողոքը հայտնեցին թե՛ նախարարին, թե՛ Չալդրանյանին, իսկ նրա ծրագրային ելույթը լսելուց հետո ասել են, որ չեն ուզում իրենց կառավարի, որից հետո երկուստեք պայմանավորվել են մեկ ամիս «սառել», նոր հետո որոշում կայացնել։ «Մենք զանգեցինք իրեն ու հայտնեցինք մեր որոշման մասին, բայց հանկարծ ինքն ասաց, որ դուք ո՞վ եք, որ ուզեք կամ չուզեք, ինձ նախարարն է նշանակել, նա էլ ինձ պետք է հետ կանչի։

Դիմեցինք նախարարին, եւ նա, ի զարմանս մեզ, ձեռքը խփեց սեղանին եւ ասաց, որ այդպես է լինելու ու վերջ, եւ արեց մի հայտարարություն, որ մինչեւ հիմա զարմացած եմ՝ վերջապես ձեր թատրոնին լուրջ կվերաբերվեն։ Ես նրան ասացի՝ այսինքն 25 տարի մեր թատրոնին անլո՞ւրջ են վերաբերվել, բայց նա տվեց եւս մի անհեթեթ ձեւակերպում՝ ախր, ձեր թատրոնում մթնոլորտ չկա, որ, օրինակ, ես իմ ընկերոջն ասեմ՝ կնոջդ վերցրու, գնանք Դավիթենց թատրոն՝ շամպայն խմենք։ Թատրոնը շամպայն խմելու տեղ չէ, պարոնայք պետական այրեր»,- ասում է Հակոբյանն ու ընդգծում, որ նոր կրքեր բորբոքվեցին, երբ Չալդրանյանին մեկ տարի անց նախկին նախարարը նշանակեց տնօրեն, ինչն արդեն հակասություն էր, ոորվհետեւ ՊՈԱԿ-ի մասին օրենքով նույն մարդը չի կարող լինել ե՛ւ տնօրեն, ե՛ւ գեղղեկավար։ Եվ արդեն հիմա՝ բոլորովին վերջերս, թատրոնի ստեղծագործական կազմը որոշեց գրավոր դիմել Չալդրանյանին ու նախարարին, նշելով իրենց որոշման մասին՝ հեռացնել Չալդրանյանին 2 պաշտոններից էլ։ «Նա իր հարզացրույցներից մեկում մեզ կոչել էր տեռորիստներ, որոնք պարալիզացնում են թատրոնի աշխատանքները, այն դեպքում, որ ամբողջ դերասանական կազմն է որոշել այդպես»։ 

Օրեր առաջ մշակույթի փոխնախարարը հանդիպում է ունեցել դերասանական կազմի եւ Չալդրանյանի հետ, որտեղ փորձել են գտնել կոմպրոմիսային ձեւեր, իսկ փոխնախարարն ասել է, որ ոչ մի հանցակազմ չի տեսնում Չալդրանյանի գործողությունների մեջ։ «Եթե հանցակազմ լիներ, մենք ձեզ չէինք դիմի, այլ՝ ոստիկանություն, մեզ առաջարկեցին կոմպրոմիս, եւ Վիգենը մեծահոգաբար հրաժարվեց գեղղեկավարի պարտականություններից»,- ասաց Հակոբյանն ու հավելեց, որ առավոտյան արդեն տեղեկացել են, որ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը Չալդրանյանի կողմից նշանակվել է թատրոնի գեղղեկավար, որը, ըստ թատերախմբի, հերթական սադրիչ քայլն է՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։

Դերասանները նշեցին, որ, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, դեկտեմբերի 1-ից սկսում են անժամկետ նախազգուշական գործադուլ, մինչեւ իրենց պահանջը կատարվի։ Իսկ պահանջը մեկն է՝ Չալդրանյանը պետք է հեռանա 2 պաշտոններից․ «Մենք գնալու ենք մինչեւ վերջ»։ 

Թատերախմբի հակասությունները Չալդրանյանի հետ սկսվել են այն պահից, երբ նա իր ծրագիրը ներկայացնելիս ասել է, որ եկել է նոր թատրոն ստեղծելու, բայց «մենք արդեն ունենք մեր թատրոնը՝ իր էսթետիկայով, գեղարվեստական մտածողությամբ, եւ այն ստեղծվել է հզոր անհատների կողմից։ Վախթանգովը նոր թատրոն ստեղծեց, բայց երբեք МХАТ-ը չքանդեց, շատ ես ուզում՝ գնա քոնը ստեղծի, ինչո՞ւ ես ուրիշի տունը քանդում»։ Ողջ թատրոնով խնդրել են չհանել նաեւ Սոս Սարգսյանի մեծադիր նկարը, բայց հանել է եւ փոխարինել վարպետի գիպսե արձանով։ 

Դերասաններից Կարեն Խաչատրյանն էլ նկատեց, որ նման վտանգավոր նշանակում չէր կարելի անել Սոս Սարգսյանից հետո, որը կարող էր գալ ու ամբողջովին շուռ տալ թատրոնն իր կոնցեպտով, ստեղծագործական մոտեցումներով, որը չի համապատասխանում իրենց․ «Այդ առաջնահերթությունները մենք մեզ հետ բերել ենք տարիներով՝ քափ ու քրտինքով»։ 

Չալդրանյանն իրավունք չունի խոսել Սոս Սարգսյանի հիշատակից՝ կարծում է դերասան Արման Նավասարդյանը, քանի որ հենց իրենք են նրա հիշատակը, այս թատրոնը, որը տնօրենը կազմաքանդում է․ «Ինքը թատրոնը չի ճանաչում, չգիտի ինչպես ղեկավարի, այնպիսի տպավորություն է, որ լեռան ստորոտին նստած՝ ամպերը հետ է քաշում, որ մեզ տեսնի, մենք ուզում ենք նորմալ փոխհարաբերություններ։ Մտել ասում ենք՝ չենք ուզում քո հետ աշխատել, ասում է՝ 10 օրից կխոսենք այդ մասին, ջան։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեծամտությունն ինչ աստիճանի է հասել, որ մեզ Հուդա է որակում, այսինքն՝ ինքը Հիսուս Քրիստոսն է, մենք էլ Հուդան ենք»։  

Դերասաններից Ստեփան Ղամբարյանն էլ ասում է, որ 2 տարվա մեջ 1 ներկայացում է բեմադրել՝ «Սանտա Կրուզը», եւ թատրոնը բաժանել է 2 մասի՝ Վիգեն Չալդրանյանի թատրոն՝ իր գեղագիտությամբ ու իր 1 ներկայացումով, եւ Սոս Սարգսյանի թատրոն՝ առանձին ներկայացումներով, ավելին՝ իր ներկայացման զգեստներն առանձին տեղ են։ «Մենք ուզում ենք երիտասարդ, թատրոնից հասկացող մեկին, որ կլծվի թատրոնի գործին եւ թատրոնը կտանի առաջ»,- ասում է նա։

Պարզվում է՝ դերասանախումբն ունի իր սեփական թեկնածուները, որոնց նաեւ նախարարին են ներկայացրել։ «Գեղղեկավարի պաշտոնում առաջարկել ենք Նարինե Գրիգորյանին եւ տնօրենի պաշտոնում՝ ժամանակավոր, Արման Նավասարդյանին, որովհետեւ չեմ ուզում զոհաբերել ստեղծագործական ընկերոջս»,- ասաց Հակոբյանն ու ընդգծեց, որ, օրինակ, դերասաններից Տաթեւիկ Ղազարյանի մոնոներկայացումը հրավիրվել էր Բեյրութ, բայց Չալդրանյանը պահանջ է դրել՝ իմ ֆիլմերը կցուցադրեն, թույլ կտամ․ «Սա ի՞նչ պահանջ է»։

Տաթեւիկ Ղազարյանը նկատում է՝ անցած տարվա իրենց ամանորյա ներկայացումը եղել է խայտառակ վատը, այն աստիճան, որ հանդիսատեսը տոմսավաճառներին է գանգատվել։ Պատճառն այն է, որ անվճար են բեմադրել, եւ ներկայացման մեջ խաղացել են առաջին կուրսի ուսանողներ, խնդիրներ են եղել նաեւ տոմսավաճառների հետ, որոնցից մի քանիսը դադարել են իրենց հետ համագործակցել, սկսել են տոմսերը քիչ վաճառվել, արդյունքում դահլիճները դարձել են կիսադատարկ․ «21-րդ դարում Համազգային թատրոնը կանգնեց, իսկ մենք գնում էինք առաջ շատ ուժեղ տեմպերով»։ 

Դերասանները նաեւ կոչով դիմեցին Սոս Սարգսյանի ընկերներին՝ «եկեք միասին փրկենք Սոս Սարգսյանի թատրոնը»։ 

Սենյակում էր նաեւ Սոս Սարգսյանի այրին՝ տիկին Նելլին, ով միացավ դերասանախմբի պահանջին՝ Չալդրանյանին հորդորելով հեռանալ թատրոնից։ «Թատրոնը խարխլվել է, կորցրել է իր հիմքը, ես լսում էի դերասաններին ու զարմանում, որովհետեւ շատ բանից տեղյակ չեմ եղել։ Սա Սոս Սարգսյանի տունն է, եւ այն պետք է շարունակի աշխատել»,- ասաց նա ու հավելեց, որ դեռ 2 տարի առաջ՝ նշանակման ժամանակ, ապշել է Արմեն Ամիրյանի արած այդ քայլից, երբ նշանակումն անելուց հետո են միայն իր կարծիքը հարցրել։ 

Ասում է՝ մարդկայնորեն չի կարող դեմ լինել Չալդրանյանին, որովհետեւ իր ընկերն է, շատ է իրենց տուն եկել, տաղանդավոր ռեժիսոր է, բայց թատրոնը չգիտի․ «Բազմաթիվ անգամ եկել եմ ներկայացման եւ տեսել եմ, որ ներկայացումները մաշվում են, ասել եմ՝ Վիգեն, դու դերասանների հետ աշխատում ես, նրանց առոգանության, դիկցիայի, ձայնի վրա աշխատո՞ւմ ես, պարզվում է՝ ոչ, որովհետեւ իրեն դա չի հետաքրքրում, կամ չգիտի»։ Տիկին Նելլին ասաց, որ մինչեւ ասուլիսին գալը մտել է թատրոնի տնօրենի մոտ եւ ասել․ «Վիգեն, նման մթնոլորտում հնարավո՞ր է աշխատել, այստեղ չի կարող որեւէ բան ծնվել, ուրեմն նշանակում է՝ դու պետք է զիջես ու գնաս։ Թատրոնը չպետք է հասներ այս վիճակին։ Ո՞նց կարելի էր Հրաչյա Գասպարյանին այդպես հրել ու թատրոնից դուրս թողնել»։

Խոսքի իրավունք վերցրեց նաեւ Հրաչյա Գասպարյանը՝ դիմելով Չալդրանյանին․ «Վիգեն, մի անգամ եղիր տղամարդ եւ թող գնա, որովհետեւ եթե այս վիճակում մնացիր, ուրեմն մարդ չես։ Ես չունեմ ոչ մի հավակնություններ, նրանց մեջ ծնվել են արդեն լավագույն մարդիկ։ Տիկին նախարար, պարոն վարչապետ, այն սխալը, որ արել են մինչեւ ձեզ, մի արեք նույն սխալը, մի թույլ տվեք, որովհետեւ Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Կարեն Կարապետյանի հրահանգով, ինձ էլ հանել են իրենց հրահանգով, Ամիրյանն ինքն է ինձ ասել, որ Կարեն Կարապետյանն է խնդրել եւ պահանջել, որ այդպես լինի, ասացի՝ լավ, բա ինձ ինչի՞ եք հանում, ասաց՝ դե, իրեն դժվար կլինի քո հետ աշխատել»։ 

Արդեն լրագրողների հետ զրույցում Վիգեն Չալդրանյանը նշեց, որ չի պատրաստվում հեռանալ թատրոնից։ «Կա օրենք, եւ ես ենթարկվում եմ այդ օրենքին եւ շանտաժի ուժի ներքո հրաժարական չեմ տվել գեղղեկավարի պաշտոնից, այլ օրենքի համաձայն, քանի որ իրավունք չկա համատեղել 2 պաշտոնները»,- ասում է ու հավելում, որ հրաժարական այդպես չեն պահանջում՝ տապալելով փորձերը։ Իսկ Սուրեն Շահվերդյանի թեկնածությունը համաձայնեցրել է մշակույթի նախարարության հետ եւ ապա հրաման տվել․ «2-րդ մասշտաբային ներկայացումը պետք է անեի, բայց հիմա արդեն գեղարվեստական ղեկավարը կորոշի՝ կանե՞մ, թե՞ ոչ։ Իսկ դերասանների գործադուլն իրավական առումով լրիվ անհիմն է»։

Թատրոնի տնօրենն ասում է՝ երեւի իր ամենամեծ մեղքն այն է եղել, որ ծայրահեղ հանդուրժողականություն է դրսեւորել, տարբեր դերաբաշխումների ժամանակ հասկացել է, որ շատ դերասաններ չեն ուզում իր հետ աշխատել, իսկ հիմա բողոքում են, որ թատրոնից դուրս են․ «Իսկ տիկին Նելլիի խնդիրն այն է, որ թատրոնը հանկարծ չխարխլվի։ Այստեղ նույնիսկ հայտարարություն եղավ, թե սա մեր սեփական թատրոնն է, ասացի՝ Ստեփան ջան, բերեք կադաստրի թուղթ, որ սա ձեր սեփականությունն է, եւ ես կգնամ, բայց սա պետական կառույց է եւ նշանակվում է նախարարության կողմից։ Մենք էլ ապրում ենք ոչ թե ջունգլիներում, այլ օրենքի իրականության մեջ»։

Ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Կարապետյանի կողմից է նշանակվել, ապա Կարապետյանին կյանքում երբեւէ չի տեսել, իսկ թատրոնն ընդունել է 2 մլն պարտքով եւ խնդիր է դրել իր առաջ՝ բյուջեն լցնել, այդ պարտքերը մարել ու ոտքի կանգնեցնել թատրոնը։ 

Նորանշանակ գեղղեկավար Սուրեն Շահվերդյանն էլ, ով այդ պահին տնօրենի աշխատասենյակում էր, ասաց, որ այսպիսի դեպքեր թե՛ համաշխարհային եւ թե՛ հայկական թատրոնի պատմության մեջ շատ կան, բայց իրենք գործելու են բացառապես օրենքի շրջանակներում, ինքը փորձելու է հանդիպել, զրուցել խմբի հետ, ներկայացնել, թե ինչպես է տեսնում թատրոնի ապագան․ «Եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ուզի աշխատել, գիտեք ինչքան տաղանդավոր դերասաններ կան, որ թատրոնի դռներն են թակում։ Ես եկել եմ թատրոն՝ կառուցելու, ոչ ոք չի փորձելու թատրոն քանդել, եւ ինքս դա թույլ չեմ տա, մենք փորձելու ենք թատրոնը տանել առաջ»։