Երկակի ձախողում

Երկակի ձախողում

Ինչո՞ւ են մարդիկ այսքան հիասթափված ընդդիմությունից: Կարելի է ասել` ավելի շատ են հիասթափված, քան իշխանությունից: Որովհետեւ մարդկանց գիտակցության մեջ մի պարզ միտք է նստած, որ իշխանությունը միշտ եղել է վատը եւ շարունակում է լինել վատը` այդտեղ որեւէ արտառոց բան չկա, իսկ ընդդիմությունը կարող է եւ պետք է լինի լավը ու ծառայի հանրության շահերին: Եվ եթե իշխանությանը որպես թշնամի, որպես հարստահարող ու կեղեքիչ են ընկալում, ապա ընդդիմությունը պարտավոր է լինել հասարակության «բարեկամը»` նրա ականջը շոյող ելույթներ ունենա, չխուսափի անգամ պոպուլիստական հայտարարություններ անելուց, բացահայտի իշխանության սխալները, բարձրացնի իր խնդիրները: Իսկ եթե ինքը դժգոհ է իշխանությունից, ապա նաեւ իշխանափոխություն իրականացնի:

Բայց ստացվեց, որ ոչ միայն իշխանությունն է իր հակառակորդը, այլեւ ընդդիմությունն էլ իր բարեկամը չէ, քանզի չի կատարում իր պարտականությունները. ո՛չ լիարժեքորեն բացահայտում է իշխանության դեմքը, ո՛չ բարձրացնում է իր խնդիրները, ո՛չ գեղեցիկ խոստումներ է տալիս, ո՛չ էլ իշխանափոխություն է կարողանում անել: Եվ հիմա եկել է պահը, որ ժողովուրդը հիմնովին հիասթափվել է այն անձից ու խմբից, որոնց 2018-ին բերել է իշխանության, բայց հիասթափվել է նաեւ նրանցից, ովքեր կարող էին այս մարդկանց հեռացնել իշխանությունից: Ձախողված իշխանություն եւ ձախողված ընդդիմություն ունեցող հասարակությունը դժվարությամբ է ընկալում-խոստովանում, որ հենց ինքն է այս ձախողվածներին շանս տվել, մեկին` բերել իշխանության, մյուսին` ընդդիմություն հռչակել: Եվ եթե դրանք ձախողվել են, կնշանակի ինքը սխալ ընտրություն է կատարել եւ 2018-ին մերժելով նախկիններին ու ընտրելով Փաշինյանին, բայց նաեւ սխալ ընդդիմություն է «ընտրել»: