Պետությո՞ւն, թե՞ Փաշինյանի անվան հոգեբուժարան

Պետությո՞ւն, թե՞ Փաշինյանի անվան հոգեբուժարան

Փաշինյանը հասկացա՞վ, թե՞ նրան հուշեցին, որ չի կարողանալու իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել Արցախի իշխանությունների հետ: ՔՊ-ական դատախազությունն արդեն սկսել էր ասեկոսեներ տարածել, թե ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն ու մյուս պատասխանատուները հանցավոր անգործություն են դրսևորել Արցախի վերջին օրերին, ունենալով բավականին զենք-զինամթերք՝ դիմադրություն չեն կազմակերպել և այլն: Մոռանում են սակայն, որ ընդամենը օրեր առաջ հենց Փաշինյանը երկու իրարամերժ հայտարարություն արեց, մեկը, որ արցախի ժողովրդին ոչինչ չի սպառնում և մյուսը, որ ժողովրդին հանել են փրկելու նպատակով: Այդպես էլ ասաց՝ ես ուրախ եմ, որ նրանք կենդանի, իրենց ոտքով հասել են ՀՀ տարածք: Հիմա հարց՝ ո՞րն է Արցախի իշխանությունների մեղքը, եթե նրանք, այլ ելք չտեսնելով, ժողովրդին հանել են Արցախից:

Իսկ իրավունք ունե՞ն ՀՀ իրավապահները դատել Արցախի ղեկավարներին: Եթե այս հարցը դիտարկելու լինենք հենց Փաշինյանի տեսանկյունից, ապա՝ ոչ: Փաշինյանի կարծիքով՝ Արցախը Ադրբեջան է կամ Ադրբեջանի մաս: Հետևաբար, եթե ՀՀ իշխանությունները կարող են դատի տալ բոլորին, թող դատի տան նաև Ադրբեջանի այլ շրջանների ղեկավարների, որոնք թե կոռումպացված են, թե կաշառակեր, թե հակաժողովրդավար: Եվ ուրեմն ո՞րն է Փաշինյանի փորացավը, ինչո՞ւ նա չի թողնում, որ Արցախի արդեն իսկ վտարանդի կառավարությունը կարողանա շունչ քաշել, հաշվարկել իր քայլերն ու իր իրավունքների պաշտպանության շուրջ համախմբել փախստական արցախահայությանը: Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ երեկվա բողոքի ցույցի հետևում Փաշինյանի մորուքն էր երևում և այնքան բացահայտ, որ թաքցնելն ուղղակի անիմաստ է: Եվ ակամա հիշում ես Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում էր արցախցիներին ջերմորեն ընդունելու մասին՝ փախստականների վրանային քաղաքներ չկան, բոլորը ծածկ ունեն գլխներին…

Ինչո՞վ են խանգարում Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանին… Այստեղ մի փոքր դադար վերցնենք: Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կվերաբերվեր Հայաստանում ապաստանած ԱՀ իշխանություններին, եթե Արայիկ Հարությունյանը լիներ նախագահ: Արդյոք կփորձե՞ր Արայիկ Հարությունյանին մեղադրել հանցավոր անգործության մեջ: Վստահաբար՝ ոչ… Կհանդիպեին, կզրուցեին, միասին կգնային արցախահայերի հետ հանդիպումների, կհետաքրքրվեին նրանց առօրյայով, մի խոսքով՝ ամեն ինչ կանեին, որ 44-օրյա պատերազմում իրենց ցուցաբերած հանցավոր անգործությունը, էլ չեմ ասում դավաճանությունն ու հայրենավաճառությունը ջրի երես դուրս չգա: Իսկ Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չի նշանակել, ավելին՝ չի էլ ճանաչում: Ի՞նչ իմանաս, թե Շահրամանյանն ինչ կարող է բերել Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների գլխին: Մեկ էլ տեսար՝ հենց Շահրամանյանը դատի տա ՀՀ իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի իրենց պարտականություններից ու 120 հազար արցախցիների թողել 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ միայնակ: Դե թող դրանից հետո Փաշինյանն ինչքան ուզում է միջազգային ամբիոններ գրկած մեղադրի ռուս խաղաղապահներին: Ռուսները լավը չէի՞ն, ուրիշ խաղաղապահներ բերեիր, ՆԱՏՕ-ի զորք բերեիր, որ ոչ մի Ադրբեջան պոչն էլ չկարողանար շարժել: Էն ո՞վ էր հայտարարում, որ 25 հազարանոց հայկական զորք է փրկել: Նիկոլը չէ՞ր: Մեկը հարցնի՝ տո այ գեներալ Շվեյկ, դու 25 հազարանոց զորք տեսած կա՞ս՝ իր տանկերով, հրետանիով, ավիացիայով, հրթիռային համակարգերով, կապի միջոցներով և մնացած ամեն ինչով: Փրկել եմ… Դու ընդամենը հրամայել ես, որ այդ 25 հազարանոց զորքը լքի պաշտպանական դիրքերը և փախչի հայաստան: Սա է հանցավոր անգործությունը և ոչ թե ճարահատության եզրին հասցված Արցախի իշխանությունների քայլը:

Ստեփանակերտից մի կին երեկ Արցախի ներկայացուցչության մոտ իր Արցախն էր պահանջում, իր՝ առանց թուրքի Արցախը, որտեղ ծնել, սնել ու մեծացրել է իր երեխաներին, որտեղ թողել է Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհած հերոսների գերեզմանները: Ինձ համար, ասում էր, տարբերություն չկա՝ Արցախի՞, թե՞ Հայաստանին իշխանություններն են սրանք, ես նրանցից իմ Արցախն եմ ուզում… Այ էս կնոջից է վախենում Նիկոլը, այս կնոջ պահանջից, որ չլինի թե, Արցախի խնդիրը նորից փաթաթվի իր գլխավորած (Չ)կառավարության վզին: Ինքը համարում էր, որ Արցախի հարցը լուծել է, Արցախ չկա այլևս, ժողովուրդը փախել է, վերջ… Ու մեկ էլ՝ Արցախի ներկայացուցչություն, Արցախի նախագահ, ԱՀ կառավարություն, ԱՀ Ազգային ժողով, արցախցիների իրավունքներ… Մինչդեռ ինքը հազար ու մի շունուշանգյալի խոստումներ էր տվել, որ Արցախի հարցը կփակի:

Ի դեպ՝ օտար շունուշանգյալի մասին: Ստրասբուրգում Փաշինյանն իր իշխանությունը տապալելու փորձ արած հայաստանյան ուժերին «դրսից կառավարվող» և «դրածո» անվանեց: Զարմանքից եվրոպացիների ծնոտները կախվել էին մինչև ծնկները՝ էս ով ա ասո՛ւմ, էս ինչ ա ասո՛ւմ, էս ոնց ա ասու՛մ, էս որտեղ ա ասո՛ւմ… Եվրոպացիներն ամեն ինչ լսել ու տեսել էին, բայց որ Սահակաշվիլու և Զելենսկու խայտառակ տեսակը կարող է դեռ ուրիշին «դրածո» անվանել, ոչ լսել էին, ոչ էլ տեսել: Եվ պատկերացրեք, որ այն երկարատև, բուռն և հոտնկայս ծափահարությունները նաև այս կապակցությամբ էին: