Լեհաստանը եվրասկեպտիցիզմի և եվրաէնտուզիազմի միջև

Լեհաստանը եվրասկեպտիցիզմի և եվրաէնտուզիազմի միջև

«Ո՞ւմ կամ ինչի՞ օգտին եք քվեարկել»,-Լեհաստանի մայրաքաղաքի՝ Վարշավայի Վիլանովի թիվ 558 ընտրատեղամասում հարցնում եմ եվրաընտրություններին  քվեարկած մի քանի քաղաքացիների: Նրանց պատասխաններում ընտրական պաթոս չկա. նրանք կամ տալիս են թեկնածուի և կուսակցության անունը, կամ՝ լուռ հեռանում:  «Մեր ընտանիքում 4 ընտրող կա. չորսս էլ քվեարկել ենք տարբեր կուսակցությունների օգտին»,-ասում է ընտրողներից մեկը: Ընտրատեղամասում լռություն է. լեհերն ընտրությունների են գալիս ընտանիքներով, քվեարկում են լուռ, հեռանում՝ լուռ, անգամ ծնողների հետ ընտրատեղամաս եկած երեխաներն էլ են զարմանալիորեն լուռ: Ոչ ոք չի բացատրում ընտրության կարգը, իսկ քվեաթերթիկները՝ կուսակցական ցուցակները, հսկայական են: Լեհաստանում Եվրախորհրդարանի պատգամավորական 52 մանդատի համար պայքարում էին 866 թեկնածուներ, մեկ մանդատի համար՝ 17 մարդ:

Իմ անցկացրած փոքրիկ exit-poll-ը հաստատվում է մայիսի 26-ին Լեհաստանում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների պաշտոնական արդյունքներով. կառավարող «Իրավունք և արդարություն» դաշինքը (PiS) ստացել է ընտրողների 45.5 տոկոս քվեն՝ ձեռք բերելով 52 մանդատից 24-ը (Եվրախորհրդարանի պատգամավորական մանդատների թիվը 751 է, որը բաշխվում է ԵՄ անդամ պետությունների միջև՝ ըստ քվոտաների), երկրորդ տեղում ընդդիմադիր դաշինքն է՝ «Եվրոպական կոալիցիան» 38.3 տոկոս քվեներով՝ 22 մանդատով, «Վեսնա» կուսակցությունը ստացել է քվեների 6 տոկոսը՝ 6 մանդատ: Այս ընտրություններում Լեհաստանում  ընտրողների աննախադեպ մասնակցություն է արձանագրվել՝ 30 մլն ընտրողներ ապահովել են 45 տոկոս մասնակցություն, մինչդեռ 2014թ. եվրաընտրություններում մասնակցությունն ընդամենը 24 տոկոս էր: 

Լեհաստանի ԱԳՆ-ում, որը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հետ լրագրողական մեր այցի կազմակերպիչներն էին, հրաժարվում են մեկնաբանել ընտրությունների արդյունքները, միայն արձանագրելով՝ «Լավ արդյունքներ են գրանցվել»: Ես համառում եմ. «Կարելի՞ է ասել, որ Polexit  է սպառնում Լեհաստանին»: Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին նախ անակնկալի է գալիս իմ հարցից, ապա նշում. «Բոլոր ցուցանիշները վկայում են, որ լեհերը եվրաէնտուզիաստներ են»: 

Եվրոպայում եվրասկեպտիկների և եվրաէնտուզիաստների քաղաքական բախումն ընթանում է միացյալ Եվրոպայի քաղաքական ապագայի, ներգաղթյալների և փախստականների խնդիրների, միասեռականների իրավունքների, եվրագոտու, ԵՄ անդամ պետությունների իրավասությունների շուրջ: Այդ բախումն ավելի է սրվել հատկապես Brexit-ից հետո:

ԵՄ քաղաքականությունը ներգաղթի և փախստականների խնդիրների շուրջ սպառնում է պառակտել միացյալ Եվրոպան: Այդ հարցում Լեհաստանի դիրքորոշումը սկզբունքորեն տարբերվում է հատկապես ԵՄ առաջատար պետությունների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումից: Լեհաստանը հրաժարվում է ընդունել ԵՄ միգրացիոն քաղաքականության պարտադրանքը՝ խիստ սահմանափակումներ մտցնելով հատկապես Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից եկած փախստակնների առջև՝ դրանով իսկ թե՛ ամրապնդելով երկրի սահմանային անվտանգությունը, թե՛ նվազեցնելով ահաբեկչության ռիսկերը: Լեհաստանի այս քաղաքականությունը կոշտ քննադատության է ենթարկվել հենց ԵՄ-ի ներսում: Միաժամանակ, դեպի Լեհաստան աճել է ուկրաինացիների ներհոսքը: 

Եվրաընտրություններում հաղթած Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Իրավունք և արդարություն» կառավարող կուսակցությունն իրեն չի համարում եվրասկեպտիկ, սակայն ԵՄ անդամ պետությունների իրավասությունների, ինքնուրույնության կտրուկ ավելացման կողմնակից է և ազգային դրամից՝ զլոտից հրաժարվելու և երկիրը եվրագոտի մտնելու, ինչպես նաև ԵՄ ներգաղթի քաղաքականության հակառակորդ: Աջ պահպանողական այս կուսակցությունը, որին արևմտյան մամուլը համարում է ազգայնական ուղղվածության, հանդես է գալիս ուժեղ սոցիալական ծրագրերով, կաթոլիկ եկեղեցու դիրքերի ամրապնդման, ընտանեկան արժեքների պաշտպանության օգտին և համասեռամոլների իրավունքներն օրենքով ամրապնդելու դեմ:

Լեհաստանի եվրաընտրությունների արդյունքները համարվում են աշնանը կայանալիք խորհրդարանի ընտրությունների նախադուռ և վստահության քվե գործող իշխանությանը, թեպետ ներքաղաքական քարտեզը կարող է և փոխվել:

Եժի Նովակովսկին՝ ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը, այժմ՝ Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի  Կովկասի և Թուրքիայի համակարգողը, նկատում է՝ այս ընտրարշավի ընթացքում հիմնականում ներքին խնդիրներ են քննարկվել, Եվրոպայի ապագայի հետ կապված հարցեր գրեթե չեն քննարկվել. «Սա, ավելի շուտ, պայքար էր իշխանության համար խորհրդարանի ընտրություններից առաջ»: 

Այս ընտրություններւմ քաղաքական հիմնական բանավեճն ընթացել է համասեռամոլների իրավունքների, Հոլոքոսթի հանդեպ վերաբերմունքի, կաթոլիկ եկեղեցու՝ հանրային կյանքում ունեցած դերի, սոցիալ-տնտեսական ծրագրերի շուրջ:

«Եվրոպական կոալիցիայում» համախմբվել է գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը՝ հինգ կուսակցություններով: Դաշինքի հիմքը կազմող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիրներից Եվրախորհրդի գործող նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ, Լեխ Վալենսայի «Սոլիդարնոստի» անդամ Դոնալդ Տուսկը, մայիսի 18-ին Վարշավայում մասնակցելով «Լեհաստանը Եվրոպայում» երթին, հայտարարել է՝ «Սա ընտրություն է ոչ թե չարիքի փոքրագույնի միջև, այլև մեծագույն բարիքի համար»: Նա խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ նրանց մեղադրելով եվրասկեպտիցիզմի, եվրոպական արժեքներից հեռանալու, պետության ձեռքբերումները փոշիացնելու մեջ: Մեկ տարի անց Տուսկի իրավասությունները Եվրախորհրդի նախագահի պաշտոնում ավարտվում են, և Լեհաստանի կառավարող շրջանակներում որոշ անհագստություն կա երկրի քաղաքական կյանք նրա վերադարձի շուրջ: «Եվրոպական կոալիցիան» եվրաէնտուզիաստների դաշինք է, ԵՄ-ի և ԵՄ-ում Լեհաստանի դիրքերի ամրպնդման ջատագով:

Եժի Նովակովսկին պնդում է. «Դրանք եվրաընտրություններ չէին: Դա պայքար էր իշխանության համար, կուսակցությունների ծրագրերը հիմնականում ներքին խնդիրներին էին առնչվում, այլ ոչ թե Եվրոպայի ապագային: Ձախ ուժերըն ձգտում են հաղթել կաթոլիկ եկեղեցուն. հենց սա էլ միավորեց շատերին՝ ապահովելով իշխող ուժի հաղթանակը: Լեհերի համար կաթոլիկ եկեղեցին Լեհաստանի ինքնիշխանության պահպանման կարևոր ինստիտուտ է համարվում: Շատերի մոտ ԵՄ-ի ընկալումը պարզունակ է: Ազատ շուկան հանգում է հետևյալին ԵՄ-ն մեզ փող կտա՞, թե՞ ոչ: Շատերի համար Եվրամիությունը նման է այն շանը, որ վազում է իր պոչի ետևից»:

Ակնարկը վերաբերում է ընտրական արգելքը հաղթահարած, այս տարվա փետրվարին հիմնադրված «Վեսնա» կուսակցությանը, որի հիմնադիրը՝ Սլուպսկ քաղաքի նախկին քաղաքապետ, լեհ միասեռական Ռոբերտ Բիեդրոնն է: Եվրաընտրությունների նրա քաղաքական ծրագրի դրույթներից հատկապես սուր բանավեճ են առաջացրել եկեղեցու և պետության տարանջատման, դպրոցներում կրոնի դասավանդման արգելքի, միասեռականության իրավունքներն օրենքով ամրագրելու հարցերը: Ծայրահեղ ազատական «Վեսնան» համարվում է «Եվրոպական կոալիցիայի» պոտենցիալ դաշնակիցը:  

Եվ չնայած ծայրահեղ եվրասկեպտիկ, Polexit-ի ջատագով «Համադաշնությունը» չհաղթահարեց 5 տոկոսանոց արգելքը, չնայած «Եվրոպական կոալիցիայի» 38 տոկոսանց քվեին՝ հետընտրական Լեհաստանը պարուրված է եվրասկեպտիցիզմի մշուշով և եվրաէնտուզիազմի հույսերով:

Եվրամիությունը ժամանակ առ ժամանակ իսկապես նմանվում է Լեհաստանի նախկին դեսպանի մատնանշած այն շանը, որն անվերջ վազում է իր պոչի ետևից՝ տենդագին փնտրելով այն, ինչն իր մարմնի մի մասն է և ինչը ոչ մի տեղ չի փախչում:

Վարշավա-Երևան