Կատակլիզմներից հեռու

Կատակլիզմներից հեռու

Կայքերից մեկն այսպիսի եզրակացություն էր արել. «Ողջ դատական համակարգը դարձել է Ռոբերտ Քոչարյանի պատանդը»: Չեմ կարող չհամաձայնել: Այսօր Հայաստանում համարյա դատարան չի մնացել, որտեղ կա՛մ Քոչարյանին չեն դատում, կա՛մ Քոչարյանը չի դատում: Դատավորներն էլ, որը՝ արդեն վեթթինգված, որը` չէ, դատում են, դատում են ու դատում… Շունչ քաշելու ժամանակ չունեն: Քոչարյանի գործերից բացի, մյուս գործերն անհետաքրքիր են` հիշատակության ոչ արժանի: Այս ընթացքում, հնարավոր է, մարդիկ մեռնեն` այդպես էլ չտեսնելով իրենց դատավճիռը: Այսօր ողջ դատական համակարգը` ՍԴ-ից սկսած մինչեւ առաջին ատյան, լծված է մի հարցի` ո՞նց անեն, որ կրկին կալանավորեն Քոչարյանին:

Ժողովուրդը վաղուց արդեն բան չի հասկանում այս իրարանցումից: Հեղափոխությո՞ւն: Ի՞նչ հեղափոխություն, ո՞վ արեց այդ հեղափոխությունը, ինչո՞ւ, Նիկոլն ո՞վ էր, առհասարակ, որ եկավ նստեց վարչապետի աթոռին: Առաջնո՛րդ… Տո լավ է՞: Բա ինչո՞ւ չի առաջնորդում, այլ զբաղված է անձնական վրիժառությամբ: Ժողովո՞ւրդն է նրան այսպիսի պատգամներ տվել` Մանվելին սպանել բերդում, Քոչարյանին պահել կալանքի տակ, փողատերերին քշել երկրից, ներդրումների առաջը փակել… Փաշինյանին ոչ ոք չի պատվիրակել Հայաստանը դուրս մղել բոլոր արտաքին հարաբերություններից, Ղարաբաղ խժդժություններ գցել, տնտեսությունը բերել զրոյի, սառած վիճակ ստեղծել Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններում, պառակտել հասարակությունը… Ժողովուրդն այդ ե՞րբ է Փաշինյանին ու նրա թիմին հրահանգել` տղերք, հենց գաք իշխանության, սկսեք լափել ու հարստանալ, կյանքը մի անգամ է տրվում: ՀՀՇ-ի ժամանակներ են գալիս: Հեղափոխություն կոչվածից մեկ տարի անց միայն այսպիսի իրողություններ ունենք, ուրիշ` ոչինչ:

Որ չեն ասո՞ւմ` մենք ժողովրդավար ենք… Ժողովրդավարություն Հայաստանում գոյություն չունի: Դուք մի նայեք, որ թերթերն ու կայքերը գրում են` ինչ ուզում են: Դա ընդամենը շղարշ է: Դուք նայեք` գրածը բանի տեղ դնող կա՞, թե՞ չկա: Երեսներին թեկուզ թքիր, ասում են` անձրեւ է գալիս: Գնա, ինչքան ուզում ես ցույց ու միտինգ արա` Ֆեյսբուքով են պատասխանում, ցույցի դեմ ցույց են հանում, աղմուկը մեկ այլ աղմուկով են լռեցնում: Ո՞ւմ տանձին է այսօր, թե ժողովուրդն ինչպես է գոյատեւում: Փաշինյանը գոյատեւման հարց լուծո՞ղ է: Ոչ, իհարկե: Փաշինյանը հրաշալի ստախոս է, ջրիկ պատգամավոր (չի աճել), էյֆորիկ հռետոր, առերեւույթ օրինապաշտ, անհույս տնտեսագետ եւ, որպես այս ամենի հանրագումար` ցուցամոլ դեմոկրատ:

Հայաստանում այսօր դատ ու դատաստանից բացի ոչինչ չկա: Խոսքը սուտ, կեղծ օրակարգերով դատ ու դատաստանի մասին է` շինծու, անհեռանկար, հանրությանը ոչինչ չտվող: Եվ, որ շատ վատ է, չի երեւում այս խոտոր ընթացքի վերջը: Ինչքա՞ն կարելի է գործի փոխարեն «թավշյա հեղափոխություն» անել` ջարդել, փշրել, դատել, նստեցնել: Փաշինյանը, առհասարակ, ամեն ինչ հաշվարկած մարդու տպավորություն չի թողնում: Նա գիտի՞, արդյոք, կամ հաշվարկե՞լ է, թե ինչպես է հեռանալու այսքան բան անելուց հետո: Ես խիստ կասկածում եմ, որ նրա հեռացումը հնարավոր կլինի կազմակերպել նույնքան թավշյա, ինչպես գալը: Մեկ տարում նա մի կողմից հասցրեց այսքան «բարեկամներ» ձեռք բերել, իսկ մյուս կողմից էլ այնպս վատնեց իր ժողովրդականությունը, որ սեփական թիմից մի գյուղապետ էլ չի կարողանում ընտրել:

Այս ամենին զուգահեռ՝ խոսակցություններ են պտտվում, որ օրերի հետհաշվարկ է սկսվել, եւ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ՝ մոտ ապագայում, մեզ կազատի իր վարչապետական ներկայությունից: Չհերքելով եւ չհաստատելով ոչինչ` կուզենայի նշել, որ անձամբ ես այդ գործընթացի քաղաքական մեխանիզմները չեմ տեսնում: Այդպիսիք, պարզապես, չկան: Մնում է Փաշինյանի անձնական որոշումը, բայց, դատելով նրա իշխանամոլությունից, հազիվ թե նա մեզ այդպիսի հաճույք պատճառի: Եվ, ահա, մնում է աղոթել, որ Աստված հայ ժողովրդին նոր կատակլիզմներից ազատի: