Փչանում են սրընթաց

Փչանում են սրընթաց

Այո, իշխանությունը մարդուն արագորեն ու անվերադարձ փչացնելու վատ հատկություն ունի, եւ իշխանությամբ փորձություններին շատ քչերն են դիմանում։ Մարդը շարքային խմբագիր էր, ապա՝ շարքային պատգամավոր, ժողովրդի դարդուցավից էր խոսում, գնաճից ու տուգանքներից, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բյուջեն մսխելը, պետության հաշվին վոյաժներն ու առաջին դեմքի լուսանկարը կաբինետներում կախելու սովորույթն էր քննադատում, իշխանությունից կառչելն ու ամեն կերպ վերարտադրվելն էր դատապարտում։ Հիմա մոռացել է այդ ամենը՝ ինչպես վատ երազ, եւ ապրում է այնպես, կարծես ինքը վարչապետ է ծնվել եւ հավերժ իշխանություն է ունենալու, պետական բյուջեն իր անձնական գանձարանն է, որից կարող է ուզած ծախսերն անել, ընդդիմությունն իր ոխերիմ թշնամին է, որին պետք է ոչնչացնել ու արմատախիլ անել։ Այս մյուսը համեստ ուսուցիչ էր՝ գյուղից եկած ամաչկոտ տղա, հիմա պաշտոնը պաշտոնից հետեւից է փոխում՝ հընթացս փոխվում են խոսքը, քայլվածքն ու նայվածքը։

Թիկնապահներով շրջապատված գալիս է՝ քամահրանքով նայում աշխարհին ու շարքային մարդկանց, զայրանում է, երբ տհաճ հարցեր են տալիս։ Պարզ է՝ աշխարհի տերն է իրեն զգում։ Սա համեստ ունակությունների եւ գիտելիքների տեր մեկն է, կարող էր ԱԳՆ-ում գլխավոր մասնագետ կամ մի դեսպանությունում կցորդ լինել, բայց բախտի բերմամբ դարձել է փոխխոսնակ եւ իր կիսատ-պռատ գիտելիքներով սրա-նրա բերանին է գալիս, պատմական էքսկուրսներ է անում, ՀՀ նախկին նախագահների հասցեին սանձարձակ դատողություններ ու դիտողություններ անում։ Իսկ այս մեկը վաղուց մոռացված մեկն էր, որին այս կյանքում միայն պապիկի մարդկային ուրախություններն էին բաժին հասնելու, բայց հայտնվել է իշխանության առաջին էշելոնում եւ ամեն օր զարմանում է իր բախտի վրա։