Գյումրու մի շարք դպրոցներում կազմակերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումները ճոխ նշելու համար

Գյումրու մի շարք դպրոցներում կազմակերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումները ճոխ նշելու համար

«Այսօր, երբ խելակորույս շարունակում էինք վառելափայտ ու սննդամթերք հայթայթելու ու բաժանելու գործը, որպեսզի ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին ամանորի տոներին գոնե տաք վառարան և մի փոքրիկ սեղան ունենալու հնարավորություն ընձեռենք, իմացա որ Գյումրու մի շարք դպրոցներում կազմերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումներ քաղաքի հայտնի ռեստորաններում ճոխ նշելու համար: Իրոք գժվել կարելի է… Պատկան մարմինների պաշտոնյաներ, իսկ մտածել եք այն ընտանիքների մասին, ովքեր իրենց երեխաների համար չեն կարողանալու վճարել այդ՝ ոչ փոքր գումարները»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:

Նկատենք, որ Վահան Թումասյանի այս գրառումը չի վրիպել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ուշադրությունից: Նա ամեն կերպ, հարցադրմամբ փորձել է Վահան Թումասյանից տեղեկություն կորզել՝ հավելելով, որ պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով: «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը մանրամասնում է, որ տեղեկություններ իրեն տրամադրում են ծնողները, ովքեր իրենից օգնություն են խնդրել, որպեսզի երեխաները մասնակցեն այս կամ այն ռեստորանում կայանալիք 6000 դրամանոց դիմակահանդեսին:

Մարզպետի կարծիքով էլ, եթե դա արվում է ծնողների կողմից ու պետական համակարգում աշխատող որևէ մեկի կողմից առանց ստիպելու կամ պարտադրելու, ապա այդ դեպքում պատկան մարմինները անելիք չունեն: «Ես` որպես պատկան մարմին, բացառում եմ որևէ մեկի կողմից պահանջ կամ պարտադրանք ծնողներին, որ կազմակերպեն նման միջոցառումներ, իսկ եթե կոնկրետ հիմքեր կան, հավատացած եղեք, կրկնում եմ, որ կպատժվեն»,- պատասխանել  է Շիրակի մարզպետը: