Ոչ միայն Խուճապի վանքը, այլեւ Դավիթ Գարեջիի վանական համալիրն է վիճարկվում

Ոչ միայն Խուճապի վանքը, այլեւ Դավիթ Գարեջիի վանական համալիրն է վիճարկվում

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական Կենտրոն ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Այվազյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով հայ վրացական փոխըմբռնման ռազմավարական հուշագրին, ասում է, որ Վրաստանում խոսակցություններ են պտտվում, որ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ է տրվել այն պայմանով, որ խորացնի Հայաստանի հետ հարաբերություններն այնքան, որ դրանք վերածվեն ռազմավարական մակարդակի։ 

«Մենք հիշում ենք որ, երբ Վրաստանի միջոցով ֆրանսիական զենքը մտավ Հայաստան, սա ևս շատ հետաքրքիր նախադեպ էր և այստեղ ևս ֆրանսիական կողմը պահանջել էր Վրաստանից, որ եթե ուզում եք դառնալ Եվրամիության թեկնածու, ապա պետք է ընդառաջեք հայկական կողմին և Հայաստանին տրամադրվեն զենքերը հենց ձեր միջոցով։ Ես հիմա կարծում եմ, որ Վրաստանում հստակ ընկալում են Հայաստանի նոր դերը՝ Եվրամիության համար և նման պահանջները չեն կարող լինել ուղղակի պահանջներ։ Եվ եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ինչ-որ հարցեր դուրս գան, որոնք պետք է ճշտվեն թե Հայաստանի, թե Վրաստանի կողմից, կարող է ինչ-որ հողի մասեր՝ արոտավայրեր, վանքեր հայտնվեն հայկական կողմում, կարող է և նաև վրացական կողմում»,-ասաց Այվազյանը։ 

Սակայն հին փաստ է, որ վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանի տարածքում մի շարք ուղղափառ եկեղեցիներ համարում է վրացական, և Այվազյանը չի բացառում, որ վրացական եկեղեցին փորձում է ազդել տարբեր պաշտոնյաների վրա Վրաստանում, որպեսզի այս կամ այն վանքը հայտնվի Վրաց եկեղեցու հովանու ներքո: «Մեկ բան է վրաց եկեղեցու արտաքին քաղաքական կողմնորոշումն ու պահանջները և մեկ այլ բան է՝ երկրի պաշտոնական դիրքորոշումը»,-ասաց վերջինս։ 

Դրանցից մեկը Լոռվա մարզում գտնվող Խուճապի վանքն է` բազմիցս խոսակցություններ են եղել այն մասին, որ Խուճապի վանքը տրվի վրացական կողմին, Այվազյանը նշում է. «Այս հարցերը ոչ միայն Վրաստան-Հայաստան հարաբերությունների մեջ են, այլև առկա են վրաց-ադրբեջանական հարաբերությունների մեջ, երևի թե տեղյակ եք, որ այստեղ կա խնդիր Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, որը շատ ավելի մեծ թափ և ավելի լուրջ սրացումների խնդիր էր դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև, և նման խնդիրներ իրոք գոյություն ունեն: Բայց չեմ կարծում, որ վրացական կողմն ինչ-որ առիթներից է օգտվելու այս պահի դրությամբ ու փորձելու է ինչ-որ բաներ պահանջել»,-եզրափակեց Էդուարդ Այվազյանը։