44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ թշնամին առաջին հերթին ոչնչացնում է 1994-ից հետո կառուցված հուշարձանները

44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ թշնամին առաջին հերթին ոչնչացնում է 1994-ից հետո կառուցված հուշարձանները

ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության մեջ Արցախի Հանրապետությանն ու նրա մշակութային ժառանգությանն ընդամենը 2 կետով կարճ անդրադարձ է արված, այն է՝ «Հայաստանի, սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող եւ իրականացնող կենտրոնի ստեղծում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, պահպանության եւ փոխանցման ապահովում»։ 

Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկություն չունի, թե Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման մասով ինչ կենտրոն է ստեղծվելու, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրմանը, ապա, ըստ նրա, խոսքը վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգության այն չափորոշիչներին ու անհապաղ պաշտպանության կարիք ունեցող այն ցանկին, որը հաստատվել է Արցախի Հանրապետության կառավարության կողմից դեռեւս 2013-ին․ «Այսինքն՝ արցախյան բարբառ, արցախյան գորգագործություն, արցախյան ուտեստ, որոնք այսօր, փաստորեն, վտանգված են, որովհետեւ մարդիկ կտրվել են իրենց պատմական լանդշաֆտից եւ արդեն ցրված են։ Ըստ ամենայնի, իրենք փորձելու են այդ ամբողջը հետազոտել, որպեսզի այդ ամենը չկորչի»։  

Ինչ վերաբերում է հոգեւոր մշակութային ժառանգության մեծաքանակ կորուստներին, ապա դրանք շատ էին թե՛ 44-օրյա պատերազմից հետո եւ թե՛ առավելապես հիմա՝ Արցախի լիակատար հանձնումից հետո․ «Մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը վկայագրվել ու կազմվել է մոտ 4 հազար 112 հուշարձանի պետական ցուցակ՝ կառավարության կողմից հաստատված։ 44-օրյա պատերազմի հետեւանքով 2 հազարն արդեն անցել էր թշնամու տիրապետության տակ, որից 169-ը՝ միայն եկեղեցի ու վանական համալիր։ Այսօր արդեն միայն եկեղեցիների ու վանական համալիրների թիվը, որ անցել է թշնամու տիրապետության տակ, 422-ն է, դա՝ ե՛ւ 2020-ի, ե՛ւ 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո, ինչպես նաեւ՝ մոտ 3 հազարից ավելի խաչքար, որոնց մեջ կան շատ արժեքավոր նմուշներ, որոնք համարվում են մեր միջնադարյան մոնումենտալ արվեստի գլուխգործոցներից, նաեւ՝ մոտ 400-ից ավելի գերեզմանոցներ․․․ այսինքն՝ 5 հազարից ավելի հուշարձան է մնացել թշնամու տիրապետության տակ»։    

Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, եւ արդյոք բավարա՞ր են ՀՀ գործադրած ջանքերը միջազգային հարթակներում։ «Մենք՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ, 142 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հուշարձանի ցանկ ենք կազմել ու ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Նախաձեռնողն իրենք են եղել, ես էլ կազմել եմ այդ ցանկերը, ուղարկել գիտական շրջանակներին, այնուհետեւ, որոշակի ուղղումներ անելով, ՀՀ ԿԳՄՍՆ-ն ուղարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող 142 հուշարձանների ցանկում են եկեղեցիներ, վանական համալիրներ, կամուրջներ, մելիքական ապարանքներ, ամրոցներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայկական կողմի պահանջը մեկն է՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ հուշարձանների պահպանության համար․ «44-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ նրանք առաջին հերթին ոչնչացնում են 1994-ից այս կողմ կառուցված մեր հոգեւոր պաշտամունքային օջախները՝ եկեղեցիները, բայց դա չի նշանակում, որ մնացածներն էլ վտանգի տակ չեն։ Ավելին՝ մեծ վտանգի տակ են հատկապես հայկական արձանագրությունները, եւ ցանկը կազմելիս առաջնորդվել ենք նրանով, թե որ վանական համալիրների, եկեղեցիների, նրանց շրջակայքում գտնվող խաչքարերն ունեն հետաքրքիր ու վառ արտահայտված վիմագիր արձանագրություններ, որովհետեւ մեր ողջ վիմագիր ժառանգությունն էլ գտնվում է ոչնչացման եզրին։ Դեռեւս 2021-ի փետրվարին Իլհամ Ալիեւը Հադրութի շրջանի Ծակուռի բնակավայրի Ծաղկավանքի բակում արեց հայտարարություն, որ հայկական բոլոր արձանագրությունները պետք է ոչնչացվեն, քանի որ դրանք հետագայում են ավելացվել, այսինքն՝ այն թեզն է կրկնում, երբ դեռ 70-80-ական թվականներին կրկնում էր տխրահռչակ ադրբեջանցի պատմաբան Լիա Բունիաթովը։ Սա այն թեզն է, որ իբրեւ թե հայերն աղվանական արձանագրությունները ջնջել են եւ տեղը գրել են հայերեն արձանագրություններ։ Այսպիսով մեր վիմագրական ժառանգությունն այսօր ամբողջությամբ գտնվում է վտանգի տակ»։ 

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախեւառաջ վերջին 30 տարիների արցախյան մշակույթն է թիրախավորում։ «Իրենք գտնում են, որ դրանք ապօրինաբար են կառուցվել՝ ոչ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եւ դա կառուցվել է, այսպես կոչված, օկուպացման ժամանակաշրջանում, ուստի դրանք ենթակա են ոչնչացման, կապ չունի՝ եղեղեցի է, թե այլ հուշարձան։ Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ այդ եկեղեցիների մի մասն ուզում են վերածել մզկիթների»,- ցավով արձանագրում է նախկին պաշտոնյան։

Օրեր առաջ մամուլում գրվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ ադրբեջանցի, այս իրավիճակում կարելի՞ է ապավինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտիվությանն ու անաչառությանը՝ օկուպացված հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում։ Մի հանգամանք եւս․ Մեհրիբան Ալիեւան երկար տարիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է եղել։ «Ես, անկեղծ ասած, թերահավատ եմ ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այլեւ նրա հետ կապված այլ կազմակերպությունների հանդեպ եւս, որոնք կոչված են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվել։ Մարդիկ կարողանում են այնպես անել, որ Աֆղանստանում կամ Եմենում, որտեղ անընդհատ ռազմական գործողություններ են ընթանում, հուշարձան վերականգնվի, բայց չեն կարողանում ստիպել Ադրբեջանին, որ հայկական հուշարձանների գոնե մի նորմալ մոնիթորինգ անցկացվի։ Ինչ խոսք, ջանքեր, քայլեր, ելույթներ պետք են, եւ դա, միանշանակ, պետք է արվի թե՛ ԿԳՄՍՆ-ի, թե՛ գիտական շրջանակների կողմից, բայց ես անձնապես թերահավատ եմ միջազգային այդ կազմակերպությունների գործունեության հետ կապված։ Իսկ ադրբեջանցի այդ փոխնախագահն ընտրվել է, կարծեմ, մարդ եւ կենսոլորտ ստորաբաժանման գծով, բայց այն, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում միշտ էլ շատ ուժեղ լոբբինգ է ունեցել՝ դա փաստ է, եւ նույնիսկ նախկին գլխավոր քարտուղարի օրոք բավականին լուրջ առաջընթաց են արձանագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ տարբեր ծրագրերի հարցում, այդ թվում՝ յուրացնելով հարեւան ժողովուրդների՝ հայկական, իրանական, վրացական, մշակույթները։ Ցանկացած քայլ պետք է արվի ոչ միայն կառավարական մակարդակով, պետք է նույն ակադեմիական շրջանակներն էլ ակտիվանան, որովհետեւ նրանք ավելի ազատ են եւ կարող են շատ ավելի մեծ լսարան ապահովել, քան այս կամ այն պետական կառավարման հիմնարկը»,- ընդգծում է զրուցակիցս։

44-օրյա պատերազմից հետո հայկական վանքերից երկուսին՝ Սուրբ Ղազանչեցոցին ու Դադիվանքին անձամբ երաշխավոր կանգնեց ՌԴ նախագահը, բայց գոնե Ղազանչեցոցի դեպքում տեսանք, որ դա ոչ մի ազդեցություն չունեցավ։ «Պուտինի հանգամանքով պայմանավորված՝ միայն մեկ քայլ է իրականացվել, դա Դադիվանքում ռուսական պահակակետի ու գոնե մինչեւ 2023-ի սեպտեմբերի 19-ը մեր վանական միաբանության գործունեությունն էր, դրանից բացի որեւէ քայլ չի ձեռնարկվել, որովհետեւ նամակներ են եղել՝ նաեւ ՌԴ ԻԿՕՄ-ին ուղղված, բայց եղել է ձայն բարբառո հանապատի։ Միակ գործնական քայլը, որ կատարվել է, Դադիվանքն է եղել, մնացած բոլորի, այդ թվում՝ Սուրբ Ղազանչեցոցի դեպքում տեսնում ենք՝ ինչ ձեւափոխումներ են արվել։ Թե վերջում ինչ է լինելու, ես դրա մասին նույնիսկ չեմ էլ ուզում արտահայտվել, որովհետեւ մեր կարեւորագույն հուշարձաններից մեկն այսօր գտնվում է իր նախնական տեսքի ձեւախեղման մեջ, ու եթե դրանով պրծնենք, լավ է։ Պետք է արձանագրենք, որ այսօր ականատեսն ենք նաեւ մշակութային ցեղասպանության, քանի որ  Արցախի Հանրապետության քաղաքացիների, հայ բնակչության էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունից բացի, այսօր մենք կանգնած ենք նաեւ մշակութային էթնոցիդի վտանգի առաջ»։