Հնարամիտ Փաշինյանը ասել-խոսելու թեմա է տվել՝ ասում-խոսում ենք

Հնարամիտ Փաշինյանը ասել-խոսելու թեմա է տվել՝ ասում-խոսում ենք

Ապակողմնորոշել հանրությանը, կեղծ օրակարգեր թելադրել, ստիպել, որ անկարեւոր թեմաների շուրջ բանավեճեր ծագեն եւ մարդիկ իրենց էներգաիան ծախսեն դրա վրա՝ մոռանալով ու չգիտակցելով, թե ով ինչի համար է պատասխանատու եւ ինչից ուր ենք հասել՝ ահա Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նա հաջողությամբ իրականացնում է։
Երեկ մինչ թշնամին կրակում էր Երասխի ուղղությամբ եւ ազգությամբ հնդիկ բանվորները վիրավորվում էին, Հակարի կամրջի մոտից ադրբեջանցիները սահմանն էին հատում եւ մեր տարածքում դրոշ տեղադրում, իսկ Կոռնիձորի հատվածում կրակում էին եւ մարդիկ երեխաներին թույլ չէին տալիս տներից դուրս գալ, նա Ազգային ժողովում խոսում էր մեր պատմական մայրաքաղաքներից, հանդիմանում էր հայ ժողովրդին, որ պատմական Հայաստանի տարածքում գտնվող մայրաքաղաքներն ավելի լավ վիճակում են, քան բուն Հայաստանում գտնվողները։ Խոսում էր զինանշանից՝ հանդիմանում էր զինանշանը նկարողներին, թե այն կապ չունի մեր իրականության հետ՝ ոչ առյուծ ունենք Հայաստանում, ոչ Արարատ սարն է մերը, ոչ Նոյան տապանն է Նոյան տապան։ Հետո հանդիմանում էր ազգին ու նախկին իշխանություններին, որ 2016 թվի պատերազմի ժամանակն տանկերում սալյարկա չկար ու հայտարարում էր, որ բոլորն ավելի քիչ են սիրում մեր հայրենիքը, քան ինքը։ Նորից խոսում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, Վազգենին սպանության նոր մոտիվ ու նոր վարկած էր առաջ քաշում, պատմում էր, որ ոչ մի ղեկավար իր չափ Երեւանի փողոցները չի չափչփել՝ ինքն է ամենաժողովրդական ղեկավարը։ Ասում էր, որ իր ամենամեծ սխալը եղել է այն, որ բանակին շատ է վստահել, այ որ քիչ վստահեր՝ լրիվ ուրիշ վիճակում կլիներ երկիրը։ Այսինքն՝ այս պարագայում էլ հանդիմանում էր զինվորականներին։ Մի խոսքով՝ բոլորս՝ մեծից փոքր մեղավոր ենք, վատն ենք, ծույլ ենք, հայրենասեր չենք, անազնիվ ենք, իսկ ինքը ազնիվ է, հայրենասեր է, աշխատասեր է եւ ոչնչում մեղավոր չէ։

Եւ այս ելույթից անմիջապես հետո սկսվեց համատարած քննարկումը՝ մարդիկ սահմանն ու կրակոցները մոռացած, բանավիճում էին, թե զինանշանի վրա առյո՞ւծ լինի, թե՞ արծիվ, առյուծը զինանշանի մեջտեղո՞ւմ լինի, թե՞ կողքից, Արարատ սարի մասին այսքան խոսելը Ալիեւի հրահանգո՞վ է, թե՞ Էրդողանի։ Զինանշանը որ փոխեն Արագա՞ծն են նկարելու, թե՞ Հատիսը։ Հաշվում էին, թե պատմական 12 մայրաքաղաքներից ո՞ր 6-ն են Հայաստանի տարածքում եւ ինչո՞ւ են դրանք վատ վիճակում՝ որ համայնքապետն ու հայանքն է դրա մեղավորը։ Քննարկում էին, թե 2016-ին սալյարկան ո՞վ կլիներ <թալանած> եւ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը նման հայտարարություն արեց ժամանակին՝ լեզու դնելով բանակի թշնամիների բերանում։ Սերժ Սարգսյանը քանի՞ անգամ է փողոց դուրս եկել՝ մարդկանց հետ հանդիպել, ասել՝ խիյարը թարս է աճում եւ այլն։ Մետրն արած չափում էին, թե ով է ավելի հայրենասեր, ով՝ դավաճան։
Մի խոսքով՝ հնարամիտ Փաշինյանը ասել-խոսելու թեմա էր տվել եւ այդ թեման ոչ մի առնչություն չուներ մեր երկրի խնդիրների հետ։ Անգամ Արմեն Աշոտյանի կալանքն այս զրույցների մեջ մի տեսակ աննկատ անցավ ու ջրվեց։ Չէ՞ որ զինանշանի վրա առյուծի թեման ավելի կարեւոր է, քան քաղաքական հետապնդումների այս մթնոլորտն ու ամեն օր սահմանին մեռնող կամ վիրավորվող մարդիկ, սահմանամերձ գյուղերում վախը սրտերում ապրող կանայք ու երեխաները, տրորված արժանապատվությա,բ հայերն ու օրեցօր լկտիացող թուրք-ադրբեջանական հրոսակները։