Ադրբեջանը կստանա խստիվ հակազդեցություն

Ադրբեջանը կստանա խստիվ հակազդեցություն

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հարցը, որտեղ բոլորը կամ գրեթե բոլորը խոսեցին Ադրբեջանի ագրեսիայից եւ այն դատապարտեցին։ Դա նշանակում է՝ Ադրբեջանը գրեթե միահամուռ ընկալվում է որպես ագրեսոր եւ անհրաժեշտ պահին դա թղթին ամրագրելը այլեւս տեխնիկական հարց է՝ բխող հետեւանքներով։ Ինչո՞ւ հենց քննարկումներից հետո բանաձեւ կամ փաստաթուղթ չընդունվեց Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու ձեւակերպումով։ Մեծ հավանականությամբ այդ սցենարը դամոկլյան սրի նման Ադրբեջանի գլխին կախելու եւ կուլիսային ճնշումներով որոշակի ժամկետներում որոշակի քայլեր թելադրելու համար։ Այն, որ այսօր Հաջիեւը դատարկախոսում էր արդեն «վերաինտեգրման դժվարությունների», «սպաների եւ զորագնդերի կողմից զինաթափվելը մերժելու» եւ չգիտես էլ ինչի մասին, ընդհանուր առմամբ՝ նաեւ իր բլբլոցի քանակը նվազեցնելով, մասամբ կարող է երեկվա ՄԱԿ-ի քննարկմանը արտահայտված դիրքորոշումների ու դատապարտումների արդյունք լինել։ 

Սակայն, ըստ իս, երկու հանգամանք ավելի մեծ դեր են խաղացել նրանում, որ Ալիեւը ճահճում հայտնվի։ Պետք է տեսնել՝ արդյոք առաջիկա մի քանի օրում Ալիեւը ականջները կախած չի՞ բացի Լաչինի միջանցքը եւ դուրս գա ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց՝ ԼՂ Պաշտպանության բանակի զինաթափման թեման էլ դարձնելով նույնպիսի ամիսներ ու տարիներ ձգվող գործընթաց, ինչպիսին Եվլախի հանդիպումներն են ակնհայտորեն լինելու։ 

Խնդիրն այն է, որ երեկ մինչեւ ՄԱԿ-ի նիստը, այդ նիստից մի քանի ժամ առաջ, Ալիեւին հասցվեց հիմնական հարված։ Դա Եվրամիության անդամ երկրների հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես ավելի ուշ լրագրողների շնորհիվ հայտնի դարձավ, նախատեսված է եղել այդ հայտարարությունը ԵՄ 27 երկրների անունից տարածել, սակայն ույգուրական ակունքներ ունեցող Հունգարիայի կողմից վետո է դրվել, ինչի արդյունքում հայտարարությունը տարածվեց ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի կողմից։ Սակայն իրողությունը, որ ԵՄ շարքերում բացարձակ միահամուռ դիրքորոշում է տիրում Արցախի իրադարձությունների առնչությամբ Հունգարիայի վետոյով միայն ընդգծվել է։ Եվ պատկերացնել կարելի է, թե Ալիեւը որքան է պատեպատ զարնվել, գուցե Էրդողանի միջնոդությանն էլ դիմել, որ Հունգարիան վետո դնի ԵՄ 27 երկրների անունից հայտարարությունը տարածելու վրա։ 

Բարեբախտաբար, Ջոզեպ Բորելի կողմից տարածված 27-ի հայտարարությունը այնքան հատու եւ սպառիչ է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չկա։ Բավական է հայտարարությունը ամբողջությամբ եւ թարգմանաբար մեջբերել․
«Եվրոպական Միությունը դատապատում է Ադրբեջանի ռազմական արշավը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության դեմ եւ ցավակցում է այդ էսկալացիայի արդյունքում եղած կորուստների եւ մահերի համար։ 
Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները հրադադարի համաձայնության հասնելու մասին։ Ակնկալում ենք ռազմական գործողությունների անմիջապես եւ ամբողջությամբ դադարեցում, եւ հրադադարի հարգում։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել մարդասիրական օգնության անմիջապես եւ անարգել հասանելիություն կարիքի մեջ գտնվող ազգաբնակչությանը, ներառյալ  Լաչինի միջանցքի լիարժեք վերաբացմամբ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ-ի փետրվարի եւ հուլիսի կարգադրությունների համաձայն։ Մարդասիրական առաքելությունների ներկայացուցիչներ պետք է ազատորեն գործեն։ ԵՄ-ն եւ անդամ-երկրները կազմ- պատրաստ են ցուցաբերելու անհետաձգելի մարդասիրական օժանդակություն։

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին եւ Ղարաբաղի հայությանը առանց հապաղման սկսել համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայության իրավունքերի ու անվտանգության երաշխավորման համար, ներառյալ նրանց իրավունքը՝ առանց ահաբեկումների եւ  խտրականության իրենց տներում ապրելու։ Քաղաքացիական բնակչության տեղահանություն պարտադրելը ռազմական կամ այլ միջոցներով ԵՄ կողմից կստանա խստիվ հակազդեցություն։ 

ԵՄ-ն կազմ-պատրաստ է ձեռնարկելու համապատասխան գործողություններ, եթե լինի իրադրության որեւէ հետագա վատթարացում։  

ԵՄ-ն կրկին հայտնում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր կլողմից Հայաստանի տարածքային ամբողջականության աներկբա ճանաչումը 1991-ի Ալմաթիի Հռչակագրի համաձայն։ 

ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աջակցել  Հայաստանի՝  ժողովրդավար ուղով ընտրված իշխանություններին, երկրի անվտանգությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի դիտարկել եւ զեկուցել անվտանգային վիճակի մասին Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանից։ 

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ առկա բոլոր խնդիրների վերաբերյալ՝ խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակադրմամբ եւ լիովին հանձնառու է օժանդակելու այդ բանակցություններին։ 

ԵՄ-ն լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսությունը դյուրացնելուն,  մասնավորապես Եվրոպական Խորհրդի նախագահի հովանու ներքո, ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ապահովելու համար երկարատև խաղաղություն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»:

Դե, հիմա մնում է տեսնենք, թե Ալիեւը ինչպես է համարձակվելու որեւէ քայլով, կուզի դրա անունը Պաշտպանության բանակի զինաթափում դնի, կուզի՝ մեկ այլ ցուցանակ, որեւէ կերպ իրադրություն վատթարացնի Արցախում՝ որեւէ նոր ռազմական քայլ անի կամ մարդկանց շրջափակումը շարունակի։ 

Մանավանդ ՄԱԿ-ի ԱԽ-ում լռության եւ անտեսման այն անհաղորդ պատից հետո, որին բախվեցին Արցախի դեմ հարձակումը եւ Պաշտպանության բանակի դեմ գործողությունները որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անօրինական զինված միավորումների զինաթափում ներկայացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի մանիպուլյացիաները։ ՄԱԿ-ը Ադրբեջանի կամ Թուրքիայի ներքին լսարան չէ, որի առջեւ ինչ մտքիդ գա ՝ զառանցես։