Ոչ մի ՔՊ-ական չի պատկերացնում, թե ինչ է իրենից ուզում Նիկոլ Փաշինյանը

Ոչ մի ՔՊ-ական չի պատկերացնում, թե ինչ է իրենից ուզում Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 9-ին իր հարազատ Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է կուսակիցներին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ին դուրս կհրավիրվեն կուսակցությունից։ Նա մասնավորապես ասել է․ «Այդ պրոցեսի որոշ դրսևորումներ դուք հաստատ կտեսնեք 2024-ին: Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանք, որոնք այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու՝ պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ: Մենք կաշխատենք այս ուղղությամբ, բայց գործնական պրոցեսը 2024 թվականի փետրվարից կսկսենք: Իսկ մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը՝ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն»,- զգուշացրել է Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը իսկական քննություն է կազմակերպել կուսակիցների համար՝ ստիպելով, որ մասնակիցները հերթով ոտքի կանգնեն եւ իրեն զեկուցեն, թե՝ ինչու են դարձել ՔՊ անդամ, ինչն է իրենց պահում ՔՊ-ում, ինչքանով են իրենք անկախ, ազատ եւ այլն։ Մենք գրել էինք, որ նիստը վերածվել է քծնանքի մի նողկալի երեկոյի, որի ժամանակ ոչ մի անկեղծ խոսք չի հնչել, այլ ՔՊ-ականները ստիպված են եղել դիֆերամբներ ձոնել կուսակցական առաջնորդին եւ նրա ստեղծած կուսակցությանը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան իշխանության կերակրատաշտին մոտ գտնվողների միություն։ ՔՊ-ում գաղափարական մարդիկ, կարելի է ասել, չկան, որովհետեւ գաղափար էլ, որպես այդպիսին չկա։ 
Ինքը՝ առաջնորդը հավանաբար մոռացել է, որ տարիներ առաջ ասում էր՝ ես իզմեր չունեմ։ Եւ իսկապես՝ դժվար է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին որեւէ գաղափարի, ուղղության, հայացքների կրող համարել։ Նրանց նախընտրությունը իշխանությունը պահելն է։ Նրանք այս պահին արեւմտամետ են, որովհետեւ կարծում են, թե իշխանությունը պահելուն կարող է աջակցել արեւմուտքը։ Ժամանակին՝ երբ Ռուսաստանն ավելի ազդեցիկ էր եւ նրանից ավելի շատ բան էր կախված մեր տարածաշրջանում, նրանք ռուսամետ էին։ Ադրբեջանից եւ Թուրքիայից վախենում են, կարծում են, որ պատերազմի վտանգը չի բացառվում, ուստի խաղաղության են ձգտում եւ հարեւանների հետ հարաբերություններ հաստատելու կողմնակից են։ Երբ իրենց ուժեղ էին զգում եւ բանակի հարցում վստահ էին՝ ագրեսիվ էին եւ ռազմատենչ․ ռազմական ինքնաթիռներ էին գործարկում, բանակի սննդով եւ հագուստով էին զբաղվում, զորամասեր էին այցելում։ Երբ հասկացան, որ բանակն իրենց խելքի բանը չէ, սկսեցին ոստիկանությունով զբաղվել, ոստիկանությանն ոժեղացնել։ Չէ որ դա նաեւ իշխանությունը պահելու գործիքներից է։
Երբ հասարակական կազմակերպությունների՞ց են վտանգ զգում, դառնում են քաղհասարակության կառույցները գնահատող եւ դրանց հետ հաշվի նստող։ Լրատվամիջոցնե՞րն են միավորվում եւ իշխանությանը հակադրվում, սկսում են լրագրողներին սիրաշահել։

Բուհերն էին ուզում միավորել, մի քանի բուհ փողոց դուրս եկան՝ իշխանությունը հետ քաշվեց։ Եկեղեցուն էին սկսել նեղել, տեսան, որ հանրային մի խումբ պաշտպանում է եւ եկեղեցին ինքն էլ այդքան անպաշտպան չէ, հետ քաշվեցին։ 

Եւ այսպես բոլոր հարցերում՝ ոչ մի սկզբունք, ոչ մի ծրագիր, ոչ մի հեռանկարային պլան՝ 1 օրով ապրող, 1 օր ավել իշխելու ծրագիր ունեցող իշխանության հետ գործ ունենք։
Վստահ եմ, որ ոչ մի ՔՊ-ական անգամ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ուզում Նիկոլ Փաշինյանը։ Եւ ինչ է նշանակում «կուսակցության գաղափարները չկրող մարդիկ» պետք է հեռանան։ Իսկ որո՞նք են այդ գաղափարները․ թուրքի առաջ ծնկի գա՞լը, ստորաքարշ խաղաղություն մուրա՞լը, ադրբեջանցիների բոլոր ուզածները տա՞լը, Արարատը Արագածով փոխարինե՞լը, հիմնը փոխե՞լը, ՀԱՊԿ-ից դուրս չգալով՝ ՀԱՊԿ «քլնգե՞լը»։ Ի՞նչը։
Անի Առաքելյան