Ժողովրդավարական կոռուպցիա

Ժողովրդավարական կոռուպցիա

Դատախազությունում, քննչական մարմնում, դատական համակարգում ստեղծվում են կոռուպցիայի դեմ պայքարի առանձին օղակներ, որոնց աշխատակիցներին կրկնակի կամ նույնիսկ եռակի բարձր աշխատավարձ ու պարգևատրումներ են վճարում՝ իրենց գործընկերների հետ համեմատած: Աշխարհով մեկ փիառում են այդ օղակների աշխատանքի բարձր արդյունավետության վերաբերյալ առասպելը: Հենց առասպելը, քանի որ կոռուպցիան՝ ինչպես կար, այնպես էլ շարունակում է գոյատևել, նույնիսկ ավելին` այդ ամենին անտարբեր, ծլում է ու ծաղկում, ինչ որ երեւույթների շնորհիվ բացահայտելով, թե ինչ է թաքնված ժողովրդավարության քողի ներքո: Այդպիսի երևույթ էր պատերազմը հետխորհրդային տարածքում` կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացրած Ուկրաինայի դեպքում: Որովհետև հենց դրա շրջանակում ակտիվացան կոռուպցիոն սկանդալները ոչ թե կոծկելու, այլ դրանք բացահայտելու ամերիկյան պահանջները: Դրանք էլ պայմանավորված են իրենց տրամադրած գումարների ճակատագրի վերաբերյալ մտահոգությամբ:

Ի դեպ, հենց այդ երկրի համապատասխան (Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրո (ՈՒԱՀԲ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազություն (ՄՀԴ)) օղակներն էին ստանում ամենամեծ ֆինանսավորումը: Այն էլ թե՛ պետական բյուջեից և թե՛ արևմտյան դրամաշնորհների տեսքով: Այդ երկրի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստանում էին ամենամեծ դրամաշնորհները հետխորհրդային տարածքում: Ստացված դրամաշնորհների հաշվին հիմնականում հենց այդ երկրում էին կազմակերպվում Եվրամիության Արևելյան գործընկերության վեց երկրների ՔՀԿ-ների հանդիպումները, որպեսզի ուսումնասիրեն ու իրենց երկրներում կիրառեն հակակոռուպցիոն պայքարի ուկրաինական փորձը: Ինչը, բնականաբար, ենթադրում էր, որ այն առաջատար է: Այնուհետև ծագեց ռուս- ուկրաինական պատերազմը և բացահայտվեց, որ ոչ մի առաջատար փորձ էլ գոյություն չունի: Այդ ամենն ընդամենը առասպել էր՝ խաբելու թե՛ հարավկովկասյան երեք և թե՛ նախկին խորհրդային՝ արևելաեվրոպական երեք երկրների բնակչությանը: Կասեի նույնիսկ՝ դրամաշնորհներ տրամադրող արևմտյան կառույցներում ներառված երկրների բնակչությանը: Դե, որպեսզի հիմնավորվեր, թե ինչի վրա են ծախսվում իրենց հարկերի հաշվին ձևավորված՝ դրամաշնորհատու կառույցների բյուջեները:

Տեսական «նախապատմությունից» անցում կատարենք կոռուպցիայի դրսևորման իրական դեպքերին: Որպես առաջինը նշեմ պատերազմող բանակի համար սնունդ և այլ պարագաներ ձեռք բերելու մրցույթները: Խոսքը գնում է շուկայականից թանկ՝ ուռճացված գներով ապրանքների ձեռք բերման մասին: Ինչպես նաև որպես օժանդակություն ստացված սպառազինության, ավտոմեքենաների և այլ նյութական արժեքների անօրինական օտարման մասին: Չնայած համարվում է, որ այն գումարային առումով ամենամեծը չէր, սակայն ամենահնչեղն էր հասկանալի պատճառներով: Ինչի հետևանքով պաշտոններից զրկվեցին, ձևականորեն հրաժարական ներկայացնելով, մի շարք նախարարությունների և այդ թվում՝ ՊՆ-ի, փոխնախարարի մակարդակի պաշտոնյաներ: 

Բայց ինչպես նշվում է ռուսախոս ուկրաինական տելեգրամյան ալիքներից մեկում («Ռեզիդենտ»), զինվորականների կողմից սննդի գողությունը մանրուք էր էներգետիկայի նախարարության պետական ձեռնարկություններում ծավալված կոռուպցիայի համեմատ: Դրանցից մի քանիսը եկամտաբեր ընկերություններից վերածվել են «սև խոռոչների», որտեղ անհետանում են միլիարդավոր գրիվնաների բյուջետային միջոցներ. 1 գրիվնան վերջին մեկ տարում 16,51-ից նվազել է 10,56 դրամի: «Նավթագազ» ընկերության ղեկավարությունն, օրինակ, շուրջ 3 միլիարդ գրիվնա է նախատեսել արդյունավետ աշխատանքի համար ընկերության անձնակազմին պարգևավճարներ բաժանելու վրա։ Դա կարող էր որոշ չափով նորմալ դիտվել, եթե 2022 թվականի առաջին եռամսյակի ընկերության վնասը չկազմեր 57,58 միլիարդ գրիվնա: Ի՞նչ է դա՝ եթե ոչ պետական միջոցների վատնման և ըստ այդմ՝ թաքնված կոռուպցիոն երևույթ: Պետական միջոցների վատնման առումով հրապարակային սկանդալը, ինչը հնարավոր չի եղել ծածկադմփոց անել, ծագել է ածխի արդյունահանման ոլորտում: Իրավապահների կողմից իրականացվել են խուզարկություններ «Ուկրածուխ» պետական ձեռնարկությունում: Բայց հետո դրանք արագորեն կասեցվել են վերին իշխանության կողմից, և ընդամենը փոխվել է ձեռնարկության տնօրենը: 

Վերջերս էլ հրապարակվել է առաջին դատավճիռը ՈՒԱՀԲ և ՄՀԴ ղեկավարությանը կաշառելու փորձի աղմկահարույց գործով։ Էկոլոգիայի նախկին նախարար Ն. Զլոչևսկու հետ փոխկապակցված անձինք նախարարի դեմ հարուցված քրգործը կոծկելու նպատակով 2020 թվականի ամռանը փորձել են ՈՒԱՀԲ ՄՀԴ ղեկավարությանը տալ երկրի պատմության մեջ ամենամեծ կաշառքը՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 միլիոն, այն էլ 10-15-ամյա հակակոռուպցիոն պայքարի փորձով երկրում: Դատարանի որոշմամբ մեղադրյալներից մեկը՝ Ն. Զլոչևսկու «Բուրիզմա գրուպ» ընկերության նախկին մենեջերը, ստացել է հինգ տարի, բայց մեկ տարի փորձաշրջանով, այսինքն, ազատության մեջ գտնվելով: Նա գործարքի է գնացել հետաքննական մարմնի հետ և 100 միլիոն գրիվնա է փոխանցել «ԱԹՍ-ների բանակ» պետական ծրագրին։ Ի դեպ, վերը նշված ալիքը որպես կոռուպցիայի բուն նշում է հենց երկրի նախագահի գրասենյակը՝ ավելացնելով, որ բոլոր խնդիրների առումով գտել են իրավիճակի արդարացման բանալին՝ «համբերեք, պատերազմ է գնում»: