Ոչ փոխադարձ հարգանք կա, ոչ վստահություն, ոչ միավորվելու ցանկություն

Ոչ փոխադարձ հարգանք կա, ոչ վստահություն, ոչ միավորվելու ցանկություն

«Ես ի սկզբանե չէի հավատում, որ այդ ֆորմատը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ»,- անդրադառնալով Մայր աթոռում տեղի ունեցած նախկին նախագահների և Վեհափառի մասնակցությամբ հանդիպման ֆորմատին, ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների միջև չկա փոխադարձ հարգանք, ուստի նրանք երբեք չեն կարող միավորվել, իսկ տեղի ունեցած հանդիպումը կարելի է դիտարկել որպես Վեհափառ Հայրապետի մի բարի ցանկություն, ուրիշ ոչինչ:

«Նախկին նախագահները չունեն փոխադարձ հարգանք մեկ մյուսի նկատմամբ: Չկա վստահություն: Հատկապես խոսքը վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն իմ համոզմամբ ատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սերժ Սարգսյանին ևս ատում է, սակայն Քոչարյանի հանդեպ ունեցած ատելությունն աննախադեպ է: Հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածությունն ու մեծամտությունը, ես համոզված եմ, որ նա երբեք որևէ կոնպրոմիսի գալ չի կարող: Ի վերջո` Տեր-Պետրոսյանը ներքուստ չարախնդում է և ցնծում կատարվածի համար: Իր ծրագիրն, ի վերջո, իրականացվեց, Արցախը հանձնվեց Ադրբեջանին և նա հիմա շատ ուրախ է և հպարտ դրա համար, ավելին ցնծում է, որ այդ ամենը եղավ այսքան զոհերի կյանքի գնով: Եթե լիներ ցանկություն միավորվելու, ապա դա կարվեր առանց Մայր Աթոռի միջնորդության: Նախկին նախագահները գիտակցելով, թե ինչ իրավիճակ է այսօր Հայաստանում, պետք է առանց ինչ-որ մեկի միջնորդության գային ընդհանուր հայտարարի: Վեհափառ Հայրապետն ունեցել է բարի ցանկություն, սակայն իմ խորին համոզմամբ` այդ ամենն արդյունք տալ չէր կարող: Առաջին նախագահն իր հարցազրույցով անիմաստ դարձրեց այդ ֆորմատը: Նրա հետ քննարկման ենթակա ոչինչ չկա», - նշում է Իշխանյանը:

Նրա խոսքով` հայ ազգը սարսափելի պառակտված է այսօր: «Որևէ համախմբում չի նկատվում, իսկ Հայաստանն ու Արցախը սարսափելի վիճակում են հայտնվել: Իշխանությունները կատարում են ադրբեջանաթուրքական պահանջները, կործանելով մեր պետությունը, անգամ ընդդիմադիրները որևէ քայլ չեն ձեռնարկում, անգամ նախկին նախագահները չեն կարողանում համախմբվել: Սա պարզապես ապշեցնում է ինձ», - եզրափակեց Ավետիք Իշխանյանը: