Ինչու՞ է հիշեցնում գազանների կողմից հոշոտված մարմինները․․․

Ինչու՞ է հիշեցնում գազանների կողմից հոշոտված մարմինները․․․

Վարչապետի կինն ասում է՝ երկու տարի է ասում են՝ ինչու եմ բունկեր գնացել։ Եթե երկու տարի հոգիդ ուտում են դրա համար՝ ինչու՞ պարզ չես բացատրում, որ հասկանա ժողովուրդը։ Դու շարքային մի քաղաքացի ի՞նչ գործ ունես բունկերում։ Կա՞ նման օրենք, որ վարչապետի կին լինելը զինվորական պաշտոն է, և դու կարող էիր գնալ այնտեղ։ Ինչու՞ երկու տարի այդ հարցին իրավական հիմքերով չես պատասխանում։ Լիրիկական զեղումներիդ հավեսը չունի ժողովուրդը։ Լավ էլ գիտես՝ ի՞նչ է հետաքրքիր ժողովրդին, պարզ բացատրի, թե իրավական ինչ հիմքով ես բունկերում եղել։ 
Ինձ սարսափեցրեց տիկնոջ մտածելակերպը՝ սևազգեստ մայրերի մասով, բայց չեմ ուզում խորանալ դրա մեջ, որովհետև նա դիտավորյալ է բացում իր խոսքի անդունդը, որ մեկը մեկի հետևից հայտնվենք անդունդում։ Բայց մի բանի չեմ կարող չանդրադառնալ, որը նա առանց ցավ զգալու գրել ու չի հասկացել, թե  ո՜նց է թարմացնում սևազգեստ մայրերի վիշտը՝ հիշեցնելով, որ իրենց որդիների անշունչ մարմինները հոշոտվել, պղծվել են կենդանիների կողմից։  

«Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն»։

Աչքիս առաջ եկավ նրա կիսամերկ փթթուն մարմինը և կենդանիների կողմից հոշոտված մի ողջ սերնդի ոսկորները։ Ինչպե՞ս, ի՞նչ սրտով ես դա հիշեցնում, երբ մայրեր կան, որ իրենց զավակի ոսկորն էլ չեն ստացել։ Ինչու՞ ես դա հիշեցնում։ Պատահակա՞ն է դա, թե՞ նույնատիպ մի ողբերգություն է ևս սպասվում հայ ժողովրդին։  

Հիշեցի նաև այլախոհ Էդգար Ղազարյանին սեփական շքամուտքում ծեծելու ու այլախոհներին ահաբեկելու այսօրվա պատմությունը։ Այնպիսի զգացում ունեցա, որ ամուսիններով մի ողջ ժողովրդի դեմ ցասում ու վրեժ ունեն, և նրանք պետք է պարպեն իրենց վրեժը։