«Բալասանյան դաշինքը» խախտե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունը

«Բալասանյան դաշինքը» խախտե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունը

Նախկինների օրոք Գյումրին միշտ ընդդիմադիր դիրքերից է քվեարկել՝ ընտրելով ընդդիմությանը․ Գյումրու ավագանու 33 տեղերը կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններում բաշխվել են 5 քաղաքական ուժերի միջեւ, որոնցից ամենամեծ խմբակցությունը կունենա գործող քաղաքապետի գլխավորած «Բալասանյան դաշինքը», երկրորդը կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», երրորդը՝ ամիսներ առաջ հիմնադրված «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ մոտ 10 տոկոս ձայներով։ Հիշեցնենք․ «Զարթոնքը» Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած կուսակցությունն է:

Ավագանի է անցել նաեւ վերջերս ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը, նախնական տվյալներով, ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի ձայն։ Սա էլ Ռուբեն Վարդանյանի հովանավորությամբ է ստեղծվել` համահիմնադիրներն են Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը: Քաղաքային իշխանության մաս կկազմի նաեւ 2018-ին իշխանությունից զրկված Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է մոտ 5 տոկոս ձայն։ Փաստորեն, այս անգամ էլ գյումրեցին քվեարկեց իր ոճի մեջ՝ ձայն չտալով իշխող ուժին եւ իր ձայները բաշխելով նորաստեղծ կուսակցությունների միջեւ։ ՏԻՄ ընտրություններին ընտրողների 33.23 տոկոսն է մասնակցել (տոկոսային առումով ամենացածրը բոլոր քաղաքների մեջ):

Գյումրու երկարամյա քաղաքապետ Սամվել Բալասանյանի լիազորությունները միայն մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին էին լրացել, եւ Նիկոլ Փաշինյանը դրանից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Ալբերտ Մարգարյանին, ով ոտքը քաղաքապետի աշխատասենյակ դնելով՝ անմիջապես ազատեց Բալասանյանի կադրերից մի քանիսին։ Մեր տեղեկություններով, բուժման նպատակով արտերկիր մեկնած Սամվել Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, թե ՔՊ-ի դեմ չի աշխատի, այնպիսի թեկնածու կդնի, որ չեն հաղթի, եւ ամեն ինչում սատար կլինի իշխող ուժին։ Բայց հաղթելուց հետո հնարավոր է, որ «թռնի» Նիկոլ Փաշինյանի վրայից։ Կա՞ նման բան, թե՞ ոչ։ 

Հարցն ուզում էինք ուղղել դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ «Կոմունալի Վարդգես» մականվամբ Վարդգես Սամսոնյանին, սակայն վերջինս դեռ ընտրություններից առաջ վարակվել էր քովիդով եւ տեղափոխվել «Գյումրի» ԲԿ։ Նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ դաշինքի մամուլի պատասխանատու Արման Շաբոյանը, հարցը լսելով, ասաց․ «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»։ ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմե՞ն։ Նորից․ «Այս պահին էդ հարցին էլ չեմ կարող պատասխանել»։ Իրենց թեկնածուն, Շաբոյանի խոսքով, այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից եւ մի քանի օր էլ տանը բուժում կստանա։ Իսկ համարո՞ւմ են, որ սա իրենց լավ աշխատելու արդյունքն է։ Այո, իհարկե, այդ «քվեները պարտավորեցնող են»։ 

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի՝ քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում, նախընտրական խոստումներից մեկն էլ այն էր, որ, ինչպես Սամվել Բալասանյանի օրոք Գյումրին թոթափեց բանդիտական քաղաք լինելու պիտակը, այնպես էլ իր օրոք հանրապետության 2-րդ քաղաքն ազատվելու է «աղքատ» պիտակից։ Գյումրեցի ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Կոմունալի Վարդգեսը նորմալ տղա է, գրագետ տղա` գրագետ ընտանիքից եւ նորմալ աշխատող»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հե՞տ է աշխատելու: Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝ Կոմունալի Վարդգեսին գյումրեցին ընտել է թե՛ որպես «Բալասանյան դաշինքի» քաղաքապետի թեկնածու, թե՛ որպես Վարդգես Սամսոնյան: 

Մյուս քաղաքական ուժերի մասով․ «Զարթոնք»-ի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է, որ, չնայած ընտրախախտումներին, հակված են տեր կանգնելու քաղաքացիների՝ իրենց վստահած քվեին․ իրենց հաշվարկներով՝ ունենալու են 4 մանդատ։ Կոալիցիա կկազմե՞ն որեւէ ուժի հետ։ «Մի բան հստակ է, որ ՔՊ-ի հետ որեւէ դաշինքի կազմում մեզ չենք տեսնում, մնացած հարցերը քննարկում ենք»։ Իսկ ՔՊ-ի ձայները չե՞ն ավելանա, եթե չվերցնեն մանդատները՝ տեսնելով, որ բալասանյանենք կոալիցիա են կազմում ՔՊ-ի հետ։ Արա Զոհրաբյան․ «Այսպես թե այնպես, եթե ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» միանան, երկուսն էլ 30 տոկոսից ավելի ձայն ունեն, իրենք են որոշելու»։

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցից գյումրեցիներին ուղերձ էր հղել, թե «ի շահ Գյումրու ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան․ մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով»։ Այլ խոսքով, պարզ է, որ լինելու է կոալիցիոն ավագանի, եւ «հակված են համագործակցելու» իշխող ուժի հետ։ 

Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին, ապա նա չի շտապում խոսել կոալիցիաների մասին։ Հարությունյանը, ինչպես հայտնի է, ընտրություններից առաջ պետբյուջեից 50 հազարական դրամ սոցիալական օգնություն էր տրամադրել քաղաքացիներին, սակայն ասել էր, որ դա շարունակական գործընթաց է եւ չի կարելի որպես ընտրակաշառք դիտարկել: Հիշեցնենք, որ «Հարաստան» դաշինքի մի քանի պատգամավորներ եւ սյունյաց համայնքի ղեկավարներ այս պահին հենց դրա համար են կալանավորված։