Դպրոցի տնօրեն գիտեմ, որ գնացել պահակություն է անում, որովհետեւ աշխատանք չի գտնում

Դպրոցի տնօրեն գիտեմ, որ գնացել պահակություն է անում, որովհետեւ աշխատանք չի գտնում

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, հանրակրթության ոլորտի պատասխանատու Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց կրթական խնդիրներին, մեզ հետ զրույցում նկատում է` այնքան էլ ճշգրիտ չէ այն թիվը, որ տեղահանությունից առաջ Արցախի հանրակրթական դպրոցներում 20 հազար երեխա էր սովորում. «2020-ի պատերազմից հետո 18.5 հազար էր, հետո մի քիչ ավելացավ` դարձավ մոտ 19 հազար 200 աշակերտ, դրանից հետո այդ թիվն էլի իջավ, երբ Կարմիր խաչի ու ռուսների միջնորդությամբ վերջին շրջանում բավականին երեխաներ եկան Հայաստան, այդ ժամանակ այդ թիվը դարձավ մոտավորապես 18 հազար 480-ի կարգի»:
Եթե հետեւենք պաշտոնական թվերին, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա արդեն իսկ տեղավորվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապա կարող ենք արձանագրել, որ շուրջ 1.500-ն էլ դուրս է մնացել հանրակրթական համակարգից, բայց սա էլ, ըստ նախկին պաշտոնյայի, միանշանակ չէ, որովհետեւ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ բավականին մարդ հեռացել է նաեւ Հայաստանից։ «Հետեւաբար, այդ առումով, 1500 երեխա կարող է նաեւ արտագաղթել է իր ընտանիքների հետ, բայց սա մանրակրկիտ` գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք պետք է ստուգվի, թե քանիսն են ընդգրկված ուսումնական պրոցեսներում»,- ասում է նախկին փոխնախարարն ու նկատում, որ հիմա իր բաժնի վարիչներն էլ ցրված են Հայաստանով մեկ, եւ այդ առումով դժվար է համակարգել ինֆորմացիան, քանի որ այդ կապերն էլ աստիճանաբար խզվում են: 

Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին, ապա մինչեւ 2020-ի պատերազմը նրանց թիվը 4 հազար 320 էր, իսկ պատերազմից հետո կրճատվեց մինչեւ 3 հազար 170-ի։ Ինչպես նկատում է զրուցակիցս, այդ թիվն իր մեջ ներառում էր նաեւ համատեղությամբ աշխատող ուսուցիչներին եւս։ «Ես տեղյակ եմ, որ մի քանի տնօրեն արդեն Հայաստանից հեռացել է, նույնը՝ նաեւ ուսուցիչների դեպքում, տնօրեն գիտեմ, որ գնացել, ինչ-որ տեղ պահակություն է անում..., դե պարզ է` ճարահատյալ եւ ոչ թե լավ կյանքից, որովհետեւ առաջնայինն աշխատանքի տեղավորվելու խնդիրն է»,- նշում է Համբարձումյանը:

ԿԳՄՍ նախարարությունն Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների համար հատուկ ծրագիր է մեկնարկել մարզերում` արտամրցութային կարգով հնարավորություն է տալիս աշխատանքի տեղավորվել մարզային դպրոցներում։ «Մարզերի մեջ էլ մենք ունենք տարբերություն, ընդհանուր առմամբ՝ ծրագրով նախատեսվում է, որ ուսուցիչն աշխատանքի անցնելու պարագայում կունենա 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Գեղարքունիքում, Վարդենիսում, Ճամբարակում աշխատանքի անցնելու դեպքում կունենա 30 տոկոս հավելավճար՝ գումարած 50 հազար դրամ։ Այսինքն՝ բոլոր այն մարզերում, որտեղ մենք ուսուցիչների ավելի մեծ կարիք ունենք, փորձել ենք ավելի բարձր հավելավճար դնել»,-մեզ հետ զրույցում օրեր առաջ նշել էր ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը:

Ի պատասխան փոխնախարարի, Արցախի նախկին փոխնախարարը հենց իր օրինակն է բերում. «Ես՝ որպես մաթեմատիկայի մասնագետ, մինչ օրս չեմ կարողանում տեղավորվել որեւէ դպրոցում: Ճիշտ է` Երեւանում եմ, բայց երբ գնում ես որեւէ դպրոց, պարզվում է` 5 ժամ մի տեղում կա, 8 ժամ՝ մի տեղում, բայց մի դպրոցից մյուս դպրոց գնալն այսօր Երեւանում խնդիր է, եւ առնվազն 1․5-2 ժամ ճանապարհների վրա պիտի ծախսես՝ մի դպրոցից մյուսը գնալու համար, իսկ 8 ժամի համար վարձատրությունն էլ գիտեք ինչքան քիչ է, որը նույնիսկ տան վարձիդ չի բավարարելու, դրա համար մարդիկ փորձում են այլ տարբերակներ գտնել: Ինչ վերաբերում է կադրերին` emis.am-ում, այո, կան, բայց այդտեղ ուրիշ հարց էլ կա: Ենթադրենք, Լոռիում կամ Շիրակում ինձ առաջարկում եք ֆիզիկայի 20 ժամ դաս, բայց այդտեղ որեւէ կացարան կա՞, որ մարդ գնա այդ գյուղ եւ միաժամանակ աշխատի ու ապրի: Ընդ որում չեմ ասում` անվճար, վարձով մնալու կացարան կա՞, որովհետեւ երբ հարցնում ես` կացարան կա՞, ասում են` ես քեզ կացարան որտեղի՞ց գտնեմ, բա որտե՞ղ պիտի գա ու այդ ուսուցիչը հա՛մ աշխատի, հա՛մ ապրի։ Սա արդեն խնդիր է ու որեւէ ձեւ չի կարգավորվում, այսինքն՝ միակողմանի չպետք է դիտարկենք այդ հարցերը»: 

217 հանրակրթական դպրոց ու 61 մանկապարտեզ են գործել Արցախում դեռ 2020թ․ պատերազմից առաջ, դրանից հետո մանկապարտեզների թիվը հասել է 40-ի, բայց 2020-23թթ․ եւս 2-ով ավելացել է, իսկ դպրոցների թիվը կրճատվել է, դարձել 107:

Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձերի տարբերություններին, ապա դրանք, ըստ զրուցակցիս, ահռելի են. «Սարսափելի ցածր աշխատավարձեր են, եթե Արցախում միջին ստաժ ունեցող ուսուցիչը լրիվ դրույքի համար մոտավորապես 2.72 գործակիցով, ստանում էր 170 հազար դրամի կարգի աշխատավարձ, որը կազմում էր կեղտոտը, այստեղ անհամեմատ շատ ավելի ցածր են ստանում: Բացի դրանից, այստեղ միայն դասղեկության հավելավճարն է, այնտեղ կային նաեւ գրավորների ստուգման, մեթոդմիավորման, կաբինետի վարիչի հավելավճարներ, արդյունքում 200-ին մոտ ուսուցիչն Արցախում ստանում էր»: 

Նոյեմբերի առաջին տասնօրյակի տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 140 ուսուցիչ դիմել էր արտամրցութային ծրագրով մարզային դպրոցներում աշխատելու համար, որոնցից 90-ն ուղեգրվել էին արդեն կոնկրետ դպրոցներ։ Այս թիվը բաղդատելով Արցախից տեղահանված ուսուցիչների ընդհանուր թվի հետ, Մ.  Համբարձումյանը նշում է, որ սա շատ ցածր ցուցանիշ է. «Հնարավոր է մի մասն էլ մասնավոր զարգացման կամ դասապատրաստման կենտրոններում տեղավորված լինի, օրինակ՝ «Շիրակացի»-ում, «Այբ»-ում ընդգրկված մարդիկ ունենք, բայց, ամեն դեպքում, դա շատ փոքր թիվ է»: 

Պետության ջանքերը բավարա՞ր են այս ուղղությամբ, թե՞ ոչ, նախկին պաշտոնյան չի ուզում որեւէ գնահատական տալ, միայն նկատում է. «Գուցե իրենց հնարավորությունը սա է, չեմ կարող ոչինչ ասել այդ տեսանկյունից: Հետո, կներեք, այսպիսի մի արտահայտություն կա, ասում է` քյասիբին քձիբ չեն ասում, հիմա եթե քյասիբ է այս պետությունը, քձիբության ի՞նչ խնդիր կարող է լինել, իսկ եթե քյասիբ չէ, բայց ուրիշ բաների վրա կարողանում է մեծ գումարներ ծախսել, դա արդեն այլ հարց է: Այդ առումով որեւէ գնահատական հնչեցնելու իրավասություն չունեմ, որովհետեւ չգիտեմ իրենց հնարավորությունները, միայն գիտեմ, որ լավ մասնագետներ շատ ունենք, ու լավ կլիներ, որ հնարավորության սահմանում այդ մարդկանց աշխատանքի տեղավորեինք Հայաստանում»: