Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղուն

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղուն

Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման մոդելը պետք է փոխվի մասնավորից պետականի. այս տեսակետն էր հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը բուռն քննարկման առարկա դարձավ:

Ըստ մարզպետի՝ 2000թվ.-ի սկզբին կառավարությանը պետական սպորտկոմիտեից ճոպանուղին վերցրել տնօրինման իրավունքը անժամկետ եւ անվարձահատույց հանձնել ազգային օլիմպիական կոմիտեին: Ճոպանուղում անվարձահատույց ամրակցվել են Հրազդանի եւ Ծաղկաձորի հողային ֆոնդից շուրջ 600հա անտառածածկ տարածքներ եւ 2500 ք/մ շենք- շինություններ, որոնց համար համայնքի բյուջե հարկ չի վճարվել. «Իմ այդ միտքը հայտնելուց հետո բազմաթիվ լրատվամիջոցների, մի շարք կեղծ օգտատերեր սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել եւ մանիպուլացնել հասարակությանը, որ Կոտայքի մարզպետը խրախուսում է մասնավորից բիզնեսը խլելու կամ վերաբաշխումներ անելու գործընթացը: Ես Ձեզ ասեմ, որ Ծաղկաձորի ճոպանուղին 2000-ականների սկզբին կառավարությանը պետական սպորտկոմիտեից ճոպոնուղու տնօրինման իրավունքը վերցրել են անժամկետ եւ անվարձահատույց հանձնել ազգային օլիմպիական կոմիտեին: Ազգային օլիմպիական կոմիտեն իրավաբանական անձանց միավորում է, այն մասնավոր ընկերություն չէ, այն անձին պատկանող կառույց չէ:

Այդ կառույցի ձեռքում է տնօրինման իրավունքը ճոպանուղու տնտեսական շահագործումը իրականացնում է կոնկրետ սահմանափակ ընկերություն, որի 50% բաժնեմասը պատկանում է օլիմպիական կոմիտեին, իսկ 50% բաժնեմասը ԱՄՆ-ում գրանցված ինչ-որ ընկերությանը: Ինձ հասած տվյալներով՝ այդ ընկերության ներկայացուցիչը մի շրջան հանդիսացել է ազգային օլիմպիական ընկերության փոխնախագահը, փոխկապակցվածության որոշակի դրվագ ունենք:

Այստեղ իմ առաջարկը ո՞րն է եղել, ինչը հնչեցրել եմ պարոն վարչապետի մոտ ուսումնասիրել ճոպանուղու զարգացման հնարվորությունները, ճոպանուղու տնտեսական շահագործման գործնեության իրավունքը կա´մ օլիմպիական կոմիտեի միջոցով կա´մ պարզապես համայնքի միջոցով վստահել այնպիսի մի առեւտրային կազմակերպության, որը բացի շահութահարկով հարկվելուց, հարկերը վճարելուց, նաեւ շահույթից մաս կհանի համայնքին եւ մարզի զարգացմանը, շահույթից մաս կհանի կոնկրետ ճոպանուղու ենթակառացվածքի զարգացմանը․ դա է եղել իմ առաջարկը:

Այս պահին հարցը վարչապետի մոտ քննարկման փուլում է, եւ արդեն վերջնական պատկերացում կկազմենք, հանդես կգամ դարձյալ հայտարարությամբ: Ես իրավասու եմ, որպես կառավարության մարզային քաղաքականության իրականացնող պետական պաշտոնյա, բոլոր հնարավոր միջոցները ուսումնասիրելու մարզի զարգացման, մարզի տնտեսական միջավայրի բարելավման առումով եւ դա շատ օրինաչափ է, որ անրադարձ է կատարելու  նաեւ ճոպանուղուն: Որեւէ մեկը անձեռնմխելի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը կառավարությանը կներկայացի Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը մասնավորից պետականի փոխանցելու առաջարկը: Ճոպանուղին, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի, շահագործում է «Լեռնատուր» ՍՊ ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Բաժնեմասերի մյուս 50%-ը պատկանում է «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ին:

Ծաղկաձորի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ կառավարության 22 ապրիլի 2004թ.-ի N 672 որոշուման համաձայն Ծաղկաձորի համայնքի հողային հաշվեկշռում հատուկ պահպանվող տարածքից 605 հա անհատույց օգտարգործման իրավունքով տրամադրել Հայատանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ իրավաբանական անձնաց միությանը: Ճոպանուղին նաեւ ունի 1500 ք/մ շինություն, գույքահարկ այս տարիների ընթացքում համայնքապետարան չի վճարել: Իսկ ճոպանուղու տնօրեն Աշոտ Կարապետյանը վստահեցնում է՝ իրենք օրենքից դուրս ոչինչ չեն անում. «Բոլորը օրինական ենք անում, մեզ մոտ որեւէ անօրինական բան չկա, կարաք մտնեք հարկայինով նայեք, ճոպանուղին միանշանակ օրենքի շրջանակներում է գործում»:

Այն հարցին, թե որքա՞ն գույքահարկ են վճարում Ծաղկաձորի համայնքապետարան, Կարապետյանն ասաց. «Ե՞ս պետք է պատասխանեմ այդ հարցին, ես 100% ասում եմ, ինչ անում ենք, օրենքով ենք անում, օրենքից դուրս ոչինչ չենք անում»: Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն տնօրենը, քանի որ պետռեգիստրում «Լեռնատուր» ՍՊ ընկերության հիմնադիրները 2 –են՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն. « Ես ձեզանից եմ լսում, ես չգիտեմ, չգիտեմ այդ ընկերության մասին»:

Կարապետյանը նշեց, որ ճոպանուղու զարգացման ծրագրեր ունեն: Փակագծերը դեռ չեն բացում, բայց խոստումներ տալիս են: «Որոշ աշխատանքներ կատարել ենք, ճոպանուղու տրոսներն ենք փոխել, վերանորոգել ենք մաշված տեղերը: Գարնան էլ մեծ պլաներ ունենք, ճոպանուղին պետք է ավելացնենք եւս մի կանգառով: Շատ աշխատանքներ ունենք անելու, ուզում ենք մեր հյուրերի համար անակնկալ լինի, չենք ուզում բարձրաձայնել»: Նա հավաստիացնում է, որ Ճոպանուղին անվտանգ է, անցել է փորձաքննություն 2018թ-ի օգոստոսի 23-ին փորձագիտական կենտրոնի կողմից, իսկ դեկտեմբերի էլ՝ Աին կողմից: