«Հերոսների դիմագիծը», կամ ուղղակի՝ Ձեր հոգատար պարգևատրումների «ցավը տանեմ»

«Հերոսների դիմագիծը», կամ ուղղակի՝ Ձեր հոգատար պարգևատրումների «ցավը տանեմ»

Բոլոր իշխանությունները ձևավորվում են՝ բարձրաձայն «ՀԱՅՐԵՆԻՔ» գոռալով: Սաղմնային շրջանում երբեք անձնական շահը նրանց համար չի գերազանցում երկրի շահին: Այդ պահը ամբողջությամբ նվիրվում է «սիրում եմ քեզ հայրենիք»-ին կամ «ձուլվեմ ընթացքիդ որպես խոնարհ ծառադ»:

Սա բնական գործընթաց է: Զարգացման փուլերը, որքան էլ հեշտ կանխագուշակելի թվան մեզ, բարդ ու անհասկանալի են լինում... Լավագույն օրինակը հենց այս նորերն են: Ես, դուք, մենք բոլորս նրանց հետ էինք պայքարում հանուն հզոր հայրենիքի: Մենք էլ էինք գոռում «հայրենիք,հայրենիք»: Բայց մեր գոռացած հայրենիքի մեջ ազատության երազ կար:

Մեր հայրենիքի մեջ չէր կարող տեղ ունենալ դժվար, ծանր ժամանակներում գտնվող երկրի փոքրիկ, «հայրենասեր» իշխանիկների անհասկանալի թվերի հասնող պարգևավճարները: Աղքատության, գործազրկության ֆոնի վրա չի կարող սա դիտվել որպես օրինական գործընթաց: Նախորդներ կոչվածներից էլ ինչո՞վ պիտի տարբերվեն նորերը: Սա լավագույն օրինակն է ողջ հայության համար՝ հասկանալու, թե վերջապես խոսքից դուրս, իրականում ի՞նչ արժեք ունի այսօրինակների մոտ երկրի շահը:

Տնտեսությունը հսկայական խնդիրներ ունի: Հարկատուների քրտինքով սնվող պետական բյուջեն օրինական ձևերով մի դարձրեք ձեր գրպանի զոհը: Պիտի հիշեիք նախորդ իշխանություններից դեպի այսօր եկած բազմահազար մեր հայրենակիցների գոյության մասին, որ Ամանորը դիմավորում են վարկերով...

Մենք պիտի քնից արթնանանք: Արթնանանք լավատեսության, այլ ոչ հիասթափության զգացումով: Արթնանանք իրատեսական մոտեցումներով, որ այօրը, այս ներկան երեկվա պես անտեր չմնա, որ մեր հայրերի հզոր, նվիրական սերնդի պես խաբված, անտեսված մենք էլ վաղը չմնանք... Հ.Գ.Այսօրվա հայրենասերներից ձևավորված իշխանությունը պիտի գիտակցեր ընդամենը մի բան. խնդիրների մեջ ողողված. վարկով Ամանոր դիմավորող ազգաբնակչության հետ այսպես չեն վարվում...

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ