Վարդանիկին հասկացրին՝ հանգիստ նստիր տեղդ

Վարդանիկին հասկացրին՝ հանգիստ նստիր տեղդ

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Վարդանիկը, օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պրոքոչարյանական միտք էր արտահայտել։ Ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Եվ դա ճակատագրական եղավ Վարդանիկի համար։ Քոչարյանի հետ ժամանակին սերտ համագործակցած ԲՀԿ-ն՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, երեկ խմբակցության նիստ էր հրավիրել հատուկ այս թեմայով, որ Վարդանիկին հասկացնեն՝ այսուհետ քո սեփական կարծիքը չարտահայտես։ «Ես հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որեւիցե մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի, խմբակցություն է, ընդհանուր որոշում պետք է կայացվի»,- նիստից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը։ 

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նիստին ներկա չէր, առհասարակ, այս օրերին կարծես անհետացել է «ռադարներից», ԲՀԿ-ականները նրան չեն տեսել, թեպետ չեն բացառում, որ Ծառուկյանը խոսացած լինի նրա հետ։ Երեկ ողջ օրը ԲՀԿ-ական պատգամավորները հարցազրույցներ էին տալիս եւ անարգանքի սյունին գամում գյումրեցի Վարդանիկին, որ համարձակվել է առանց խմբակցության որոշման սեր խոստովանել Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, Ղուկասյանը քաղաքականության մեջ մոնոգամությամբ երբեք էլ աչքի չի ընկել․ ժամանակին նա Սերժ Սարգսյանին էր սեր խոստովանում, հետո, «մերժելով Սերժին», Նիկոլ Փաշինյանին, հընթացս տոչորվում էր ԲՀԿ-ի համար, հիմա էլ Քոչարյանի հանդեպ է «սիրազեղումը» բռնել։ ԲՀԿ-ն էլ որոշել է նրան սանձել, որ հանկարծ Վարդանիկի պատճառով իրենց քաղաքական ուժը նորից Քոչարյանի հետ չկապեն։